Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել ենք, որ երեկ արդարադատության խորհուրդը որոշում է կայացրել բավարարել ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը և առաջարկել ՀՀ նախագահին` համաձայնություն տալ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ի. Բարսեղյանին որպես մեղադրյալ ներգրավելու և կալանավորելու վերաբերյալ:
Խորհրդի նման դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատավոր Ի. Բարսեղյանը կասկածվում է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետ), ինչպես նաև այն, որ, ելնելով դատավորի կարգավիճակից, կարող է որոշակի ազդեցություն ունենալ մինչդատական վարույթում գործի օբյեկտիվ քննության վրա:
Նշենք, որ դատախազությունը միջնորդության մեջ մանրամասն նկարագրել է, թե երբ է կաշառք ստանալու մասին օպերատիվ տվյալներ ստացել և այլն:
Ըստ դատախազության տվյալների՝ 2016 թվականի հոկտեմբերի 27-ին Երևան քաղաքի բնակիչ Նորիկ Քաջիկի Հակոբյանը ՀՀ ԿԱ ԱԱԾ-ում հաղորդում է տվել այն մասին, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը տարբեր պատճառաբանություններով մոտ երեք ամիս վարույթ չի ընդունել իր փաստաբան Կիմա Սարյանի ներկայացրած հակընդդեմ հայցը: Հակոբյանը հայտնել է, որ իր «հարցով» դատավորին միջնորդելու համար Կիմա Սարյանն իրեն է փոխանցել ոմն Էլզայի բջջային հեռախոսահամարը, ինքը զանգահարել և հանդիպել է Էլզայի հետ, ում առաջարկով իր ավտոմեքենայով գնացել են դատարանի շենքի մոտ, որտեղ ինքը սպասել է, իսկ Էլզան բարձրացել է դատավորի մոտ: Մոտ 10-15 րոպե անց Էլզան վերադարձել է և ասել, որ դատավորն իր գործին դրական լուծում կտա, եթե մինչև երեկո ինքը տա 1000 ԱՄՆ դոլար գումար:
Հակոբյանը խնդրել է Էլզային` դատավորից ճշտել գումարը հաջորդ օրը տալու հնարավորության հարցը, քանի որ այդ պահին գումար չի ունեցել, սակայն Էլզան դատավորի մոտ կրկին գնալուց և վերադառնալուց հետո հայտնել է, որ դատավորը պահանջում է գումարը տալ նույն օրը: Համոզվելով, որ դատավորի կողմից իրենից կաշառք է պահանջվում, այդ փաստից վրդովված, որոշել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին տալ հանցագործության մասին հաղորդում:
Հաղորդման հիման վրա ՀՀ ԿԱ ԱԱԾ կողմից Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 27-ի որոշումների հիման վրա իրականացվել են «արտաքին դիտում», «ներքին դիտում» և «կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնց արդյունքում պարզվել է, որ 2016 թվականի հոկտեմբերի 27-ին` ժամը 19.35-ին, «կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկի գետնանցումում Իշխան Բարսեղյանը հանդիպել է Նորիկ Հակոբյանի հետ և ննրանից անձամբ ստացել օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում, որպես կաշառքի առարկա, Նորիկ Հակոբյանին փոխանցված 1000 ԱՄՆ դոլար գումարը:
Ըստ քննության տվյալների՝ գումարն Իշխան Բարսեղյանը վերցրել ու դրել է իր բաճկոնի գրպանը: Քանի որ տվյալ քաղաքացիական գործով 2016 թվականի հոկտեմբերի 31-ին դատական նիստ է նշանակված եղել, դատավորը, գումարը վերցնելով, Հակոբյանին հայտնել է, որ այդ օրվա դատական նիստը կհետաձգի, իսկ փաստաբան Կիմային էլ կզանգի և կասի, թե ինչ բովանդակությամբ հակընդդեմ հայց պետք է ներկայացվի, որ նա կարողանա գործը լուծել օգտին: Դրանով խոսակցությունը ավարտվել է:
Փաստաբան Արթուր Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով դատավորին «կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառման միջոցով ձերբակալելուն, գրել է. «Հուսով եմ, որ այս գործը ևս հիմք կհանդիսանա, որպեսզի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի նկատմամբ կայացնի իր հերթական վճիռը, քանի որ նմանօրինակ փաստական հանգամանքներում այլ պետությունների դեմ բազմաթիվ վճիռներ է կայացրել, նշելով, որ երբ անձի կողմից «հանցագործության» կատարման հարցում իրավապահ մարմինների դերը որոշիչ է լինում և նա, ի վերջո, դատապարտվում է սադրիչ օպերացիայի արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա, ապա դա խախտում է գործի արդարացի քննության իրավունքը (օրինակ՝ Տեիքսեիրա դե Կաստրոն ընդդեմ Պորտուգալիայի գործով 1998 թվականի հունիսի 9-ի վճիռը)»:
Նշենք, որ դատավորին կաշառքի միջնորդություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է փաստաբան Էլզա Խաչիկյանը: Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ: