կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-03 13:48
Հասարակություն

Արդեն 4 օր է` Վեդու Գայի փողոցում կոյուղին խցանված է, գարշահոտն անտանելի է

Արդեն 4 օր է` Վեդու Գայի փողոցում կոյուղին խցանված է, գարշահոտն անտանելի է

Վեդի քաղաքի Գայի փողոցում արդեն չորս օր է` կոյուղին խցանված է: Yerkir.am-ին վեդեցիները տեղեկացրեցին, որ ո'չ քաղաքային իշխանությունը, ո'չ «Հայջրմուղկոյուղու» մասնաճյուղն այս 4 օրերի ընթացքում մատը մատին չեն տվել` առաջացած խնդիրը վերացնելու համար:

 

Այս կապակցությամբ զանգահարեցինք «Հայջրմուղկոյուղու» գլխավոր գրասենյակ: Ընկերության մամուլի խոսնակ Ալիկ Օհանյանն ասաց, որ խնդրին տեղյակ են, նշեց, որ այդ փողոցում կան կոյուղատարի մի քանի դիտահորեր, որոնք խցանվել են: Ըստ նրա` խցանման պատճառը հենց բնակիչների վերաբերմունքի արդյունքն է, քանի որ այդ դիտահորերի մեջ այնպիսի իրեր ու թափոններ են նետում, որ խցանումն անխուսափելի է դառնում:

 

Ալիկ Օհանյանը մեզ տեղեկացրեց, որ վաղը' հունիսի 4-ին, հենց վաղ առավոտից իրենց աշխատակիցները կսկսեն Գայի փողոցի կոյուղագծերի խցանումը վերացնելու աշխատանքները:

 

Թե ինչո՞ւ` վաղը, Ալիկ Օհանյանը պատասխանեց, որ համապատասխան տեխնիկան այլ վայրերում է, այլ վթարներ են վերացվում, եւ այդ տեղամասում կարող են լինել միայն վաղը:  

 

Հետաքրքիր է, որ նույն Գայի փողոցում է գտնվում նաեւ Վեդու հիվանդանոցը: Եվ հաշվի առնելով տապը, որն այս սեզոնին բնորոշ է Արարատյան հարթավայրին, հակահիգիենիկ վիճակ է ստեղծվել, անտանելի գարշահոտ է: Ինչեւիցե, Վեդու Գայի փողոցի բնակիչները, հիվանդանոցի աշխատակիցներն ու հիվանդները ստիպված են մեկ օր էլ համբերել' մինչեւ վաղը:

 

Ի դեպ, երբ քաղաքացիներից մեկը զանգահարել էր «Հայջրմուղկոյուղու»' Վեդին սպասարկող մասնաճյուղի գրասենյակ ու հետաքրքրվել, թե ինչո՞ւ մասնագետները չեն այցելում տեղամաս ու լուծում խնդիրը, նրանց ուշագրավ պատասխան էին տվել. «Բենզին չունենք, որ գանք, օգնենք»:

 

Այս առումով էլ Ալիկ Օհանյանը Yerkir.am-ին ասաց, թե իրենց չի հաջողվել պարզել, թե որ աշխատակիցն է նման պատասխան տվել: Այդ պատասխանը «հիմարություն» որակելով' նա ասաց. «Ես ամենայն պատասխանատվությամբ հավաստիացնում եմ' մեր հիմնարկում բենզինի կամ վառելիքի խնդիր չի եղել ու չկա»: