Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտնի հայտարարություններին և նշել, որ, չնայած դրանք տհաճ էին, սակայն չեն կարող մեզ վնասել: Սերժ Սարգսյանը նաև ասել է, թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը միանշանակ նպաստում է ԼՂ խնդրի լուծմանը:
Եթե սա է պաշտոնական Երևանի պատասխանը Նազարբաևի նվաստացնող հայտարարություններին, ապա թերևս ավելի լավ կլիներ` այն չհնչեր` ընդհանրապես: Ստացվում է, որ նորմալ և բնական է ոչ միայն նման մակարդակի միջազգային հարաբերություններում ու ձևաչափերում Հայաստանին տհաճ բաներ ասելը, այլև դրանք հանգիստ կուլ տալը:
Իսկ ընդհանրապես այդ հայտարարությունը, հատկապես` ԼՂ կարգավորումը ԵՏՄ-ի հետ կապելու մասով, նոր հարցերի ու մտավախությունների տեղիք է տալիս: Քանի որ խելագարության կանխավարկածով չենք առաջնորդվում, ապա մնում է եզրակացնել, որ նախագահ Սարգսյանը նկատի ունի այնպիսի կարգավորումը, որ բխում է հայկական կողմի շահերից: Բայց կարելի է բերել հակառակի մասին վկայող առնվազն 4 գործոն, որոնք չնկատելը պարզապես քաղաքական կուրություն կլիներ:
1. Ստեղծվող այդ միությունում չկա որևէ երկիր, որը չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ԼՂ-ով հանդերձ, այդ թվում` նաև Հայաստանի «ստրատեգիական» գործընկեր Ռուսաստանը: Այդ երկրներից որևէ մեկը պատրաստ չէ, հանուն Հայաստանի և ԼՂՀ-ի, շրջանցել Ադրբեջանի հետ իր տնտեսական, աշխարհաքաղաքական և էներգետիկ հարաբերությունները:
2. Ղազախստանը ԵՏՄ-ում հանդես է գալիս որպես Ադրբեջանի և Թուրքիայի շահերի պաշտպան: Նրա խնդիրը եվրասիական ինտոգրացիոն հեռանկարներում թուրքական գործոնի ուժեղացումն է: Նազարբաևը միաժամանակ թե' եվրասիական տնտեսաքաղաքական բևեռի ստեղծման և թե' թյուրքալեզու պետությունների կոնսոլիդացման գաղափարների գեներացնողն ու դրանք փոխշաղկապված ռեալ քաղաքականության վերածողն է:
2013թ. Ադրբեջանում կայացած թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (որին մաս են կազմում Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքմենստանը և Ղրղզստանը) գագաթաժողովում հայտարարություն է ընդունվել հատուկ ԼՂ հիմնահարցի կապակցությամբ, որտեղ անդամ երկրները լիակատար աջակցություն են հայտնում ԼՂ հիմնահարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում լուծելու տարբերակին: Թյուրքալեզու այս երկրներից Ղազախստանը ԵՏՄ-ի հիմնադիր անդամ է: Իսկ Ղրղզստանը արդեն այդ ճանապարհին է, որի համար արդեն մշակվել է ճանապարհային քարտեզ: Եթե սրան ավելացնենք միաժամանակ թե' ԵՄ-ի և թե' ԵՏՄ-ի լարերի վրա խաղալու` Թուրքիայի ակնհայտ տրամադրվածությունը և եվրասիականության մեջ Անկարային ներքաշելու Ռուսաստանի տրամադրվածությունը, ապա միանգամայն իրատեսական է դառնում, որ Հայաստանը կարող է հայտնվել ռուս-թուրքական ժամանակավոր տանդեմի հերթական ծուղակում:
3. Ռուսաստանին որքան անհրաժեշտ է Հայաստանի բռնակցումը Եվրասիական տնտեսական ինտեգրացիոն նախագծերին, քառակի անհրաժեշտ է դրանցում Ադրբեջանի` հնարավորինս շուտ ներգրավումը: Դրանով Մոսկվան մաքսային ընդհանուր դաշտի համատեքստում լիարժեք վերահսկողություն կհաստատի Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների տնօրինման վրա, կլուծի Հարավային Կովկասում որոշիչ մանդատ ձեռք բերելու խնդիրը: Ադրբեջանը հայտարարել է, որ այդ միությանը միանալու ցանկություն չունի: Բայց դա ոչ թե լիակատար մերժում պետք է համարել, այլ հիմնական պահանջատիրոջ` Ռուսաստանի հետ առևտրի կամ բանակցությունների տեղ բացելու: Իսկ այդ առևտրում ավելի լավ «ապրանք», քան Լեռնային Ղարաբաղն է, ուղղակի գոյություն չունի:
Խնդիրը ոչ թե վերաբերում է ԼՂՀ-ն Բաքվին նվիրաբերելուն, այլ նախկին ԼՂԻՄ-ը շրջապատող և ներկայումս ԼՂՀ-ի մասը հանդիսացող տարածքները Ադրբեջանին հանձնելուն, շփման գծում իր «խաղաղպահներին» տեղադրելուն, ԼՂ-ն իր նոր ռազմաբազայի տարածքը դարձնելուն և նրա կարգավիճակը հավերժ անորոշ պահելու միջոցով ռուսական «կարգավորմանը» հասնելուն: Այս տարբերակն ամբողջությամբ բխում է Ադրբեջանի շահերից, քանի որ Ալիևը, ըստ էության, կատարում է տարածքները վերադարձնելու վաղեմի խոստումը, ԼՂ-ն որևէ կարգավիճակ չի ստանում: Հայաստանը և Արցախի ժողովուրդըն կորցնելով անվտանգության այսօր ունեցած իրական երաշխիքները, ԼՂ-ի փաստացի անկախությունը, ստիպված են լինելու կրկնակի կախվածության մեջ մնալ ռուսական «խաղաղապահներից»: Հետևաբար` ողջ հարցն այն է` արդյո՞ք Ռուսաստանն իր առջև ստրատեգիական խնդիր է դրել լուծել Ադրբեջանի` ԵՏՄ-ին կցելու հարցը:
Այս առումով խիստ ուշագրավ էր նախորդ շաբաթ Մոսկվայում իր պաշտոնակցի հետ բանակցություններից հետո Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի արած այն հայտարարությունը, թե ի հայտ է եկել ԼՂ հիմնահարցը լուծելու իրական հնարավորություն: Արդյո՞ք Դավութօղլուն հենց այս սցենարով կարգավորման մասին չէր խոսում: Հետաքրքրական է, որ Հայաստանի և ԼՂՀ-ի սահմանազատման մասին` Նազարբաևի ուղղակի պահանջին չարձագանքեց նաև ՌԴ նախագահը, ով ևս կարդացել էր Ալիևի հայտնի նամակը:
4. Հայաստանի իշխանությունները վերջնականապես չեն հստակեցնում` արդյոք լուծվա՞ծ է Հայաստանի և ԼՂՀ-ի սահմանին մաքսակետերի ի հայտ գալու անհնարինության հարցը: Նախագահը ՀՀԿ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ փաստացի խոսել է Հայաստանի և ԼՂՀ-ի` առանձին սուբյեկտներ լինելու մասին, ինչը, ընկալելի է բացառապես դիվանագիտության տեսանկյունից: Բայց երբ խնդիրը դիտարկում ենք տնտեսական և մաքսային հարաբերությունների կողմից, ապա նախագահը փաստացի չի հերքում դրա հնարավորությունը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, անդրադառնալով այդ հարցին, այսօր խոսել է միայն Հայաստան-ԼՂՀ մաքսային հարաբերությունների բացակայության մասին: Թե որքանո՞վ են այս հարաբերությունները պահպանվելու նաև ապագայում, նրա խոսքից հասկանալի չի դարձել: Դրանից կարելի է ենթադրել, որ Երևանը անհնար է համարում ոչ թե, առհասարակ, մաքսակետեր դնելը, այլ նման հարաբերությունների մեջ մտնելը: Այսինքն` եթե մաքսակետեր դրվելու են, ապա դրանք ձևական, ֆորմալ բնույթ են ունենալու` ըստ էության կատարելով սովորական անցակետի դեր:
Հայաստանը պետք է բացատրի, թե եթե մաքսակետեր չեն դրվելու, ապա ինչպե՞ս են մյուս երկրները հանդուրժելու միության և ԼՂՀ-ի սահմանագծին, այսպես կոչված, «անվերահսկելի մաքսային» ճեղքի առկայությունը: Իսկ եթե դրվելու են, ապա ինչպե՞ս է Երևանը երաշխավորելու, որ դրանք իսկապես կլինեն ձևական, որ ԵՏՄ անդամներն աչք կփակեն դրա վրա և չեն սկսի ԼՂՀ-ի սահմանի ու մաքսակետերի մասով բանակցել Բաքվի հետ:
Եթե Նազարբաևը կարողանում է ԵՏՄ գագաթաժողովին ընթերցել Ալիևի նամակը, ապա ինչո՞ւ չի կարող նրա հետ, թեկուզ Հայաստանին թեթև տհաճություն պատճառելու համար, բանակցել ԼՂ-ի սահմանին մաքսակետ դնելու հարցով: Որովհետև եթե այդ երաշխիքները չտրվեն, ապա ԼՂՀ-ն ենթարկվելու է տնտեսական շրջափակման, և Հայաստանը դառնալու է դրա գործիքը: Այնպես որ` լռելու, մանևրելու փոխարեն ՀՀ իշխանությունները պետք է խոսեն: Նրանք ոչ թե միջազգային հանրությանը, այլ սեփական հասարակությանը համոզելու և հասկացնելու խնդիր ունեն:
Գևորգ Աղաբաբյան