Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Մայիսի 30-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում տեղի ունեցավ «ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգից բխող զարգացման ուղղությունները» խորագրով շնորհանդեսը:
Շնորհանդեսին հրավիրված էին ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար-դեսպանը և գործառնական բաժնի ղեկավարը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրենը, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպությունների եւ ֆինանասական կառույցների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:
Հայաստանում գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների ու ֆինանսական կառույցների հետ հանդիպման գլխավոր նպատակն էր էներգետիկ ոլորտի գործընկերներին ներկայացնել 2013 թվականի հոկտեմբերի 23-ի հաստատված Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգն ու դրանից բխող զարգացման ուղղությունները, և, որ ամենակարևորն է, միջազգային ֆինանսական կազմակերպություններին «առաջին ձեռքից» տրամադրել տեղեկատվություն համակարգում իրականացվող և իրականացվելիք ռազմավարական ծրագրերի մասին:
ՀՀ նոր կառավարության ծրագրում, որը հավանության է արժանացել Ազգային ժողովի կողմից, արտացոլված են նաև էներգետիկ ոլորտի բոլոր առաջնահերթ միջոցառումներն ու ծրագրերը: Դրանցից մի քանիսը արդեն իսկ իրականացվում են միջազգային ֆինանասական կառույցների աջակցությամբ՝ փափուկ վարկերով ու դրամաշնորհներով:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ողջունեց հանդիպման մասնակիցներին և նշեց. «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ու հուսալիության ամրապնդմանն ու բարձրացմանն ուղղված՝ վերջին տարիներին էներգահամակարգում ստեղծվել են նոր հզորություններ, իրականացվել են բարձր լարման ենթակայանների տեխնիկական վերազինման, օդային գծերի վերակառուցման մեծաթիվ աշխատանքներ: Ներկայումս շարունակվում են միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային միջոցներով կարևորագույն ենթակառուցվածքային ծրագրերը»:
Երվանդ Զախարյանը նշեց նաև, որ կառավարության նոր ծրագրում ներառված են էներգետիկ ոլորտի ռազմավարական կարևոր նախաձեռնություններ, այդ թվում՝ Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը, Հայաստան-Իրան, Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծերի և հաստատուն հոսանքի ներդիրով ենթակայանի կառուցումը:
Այսօր Ռուսաստանի Դաշնության հետ քննարկվում է Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նպատակով վարկի տրամադրման հարցը. բանակցություններն ավարտական փուլում են: Էներգետիկ ոլորտի զարգացման գործում նախարար Երվանդ Զախարյանը կարևորեց նաև միջազգային կազմակերպությունների դերն ու համագործակցելու պատրաստակամությունը:
«Դահլիճում ներկա միջազգային շատ կազմակերպությունների հետ նախորդող 20 տարիների ընթացքում էներգետիկայի բնագավառում մեծ հաջողությամբ իրականացվել են բազմաթիվ արդյունավետ ծրագրեր: Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության անունից վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու Ձեզ հետ սերտ համագործակցությունը և վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը կտան ցանկալի արդյունք»,- ասաց Երվանդ Զախարյանը:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը մանրամասն ներկայացրեց էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգից բխող զարգացման ուղղությունները, որից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան Հայաստանի էներգետիկ ոլորտի ղեկավարներին ուղղել իրենց հետաքրքրող հարցերը: