Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱՊՀ մասնակից երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ավարտից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին:
Լրագրողների հետ ճեպազրույցում ամփոփելով աշխատանքային այցի արդյունքները՝ վարչապետ Աբրահամյանն արդյունավետ է համարել այն և կարևորել նման ձևաչափով հանդիպումները, որտեղ երկրների վարչապետները կարող են բազմաթիվ հարցեր քննարկել: ՀՀ կառավարության ղեկավարը մանրամասներ է ներկայացրել Բելառուսի և Ռուսաստանի վարչապետների հետ հանդիպումներից:
«Բելառուսի վարչապետի հետ քննարկեցինք տարբեր ոլորտներում մեր համագործակցությունն ակտիվացնելու, այդ թվում՝ Հայաստանում տրակտորների արտադրություն հիմնելու հարցը, և ես, օգտվելով առիթից, Միխայիլ Մյասնիկովիչին հրավիրեցի Հայաստան: Պայմանավորվեցինք, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նա կայցելի մեր երկիր», - նշել է Հովիկ Աբրահամյանը:
Իր ռուս գործընկերոջ՝ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ ոչ միայն քննարկվել են Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության հետ ՀՀ հարաբերությունները, այլև ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:
«Ռուսաստանի Դաշնությունն աջակցում է, որպեսզի մենք շատ արագ կարողանանք միանալ Եվրասիական միությանը, և որևէ սկզբունքային տարաձայնություն չունենք: Պայմանավորվեցինք ատոմակայանի վերանորոգման աշխատանքների համար ձեռք բերել 300 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ: Պայմանավորվեցինք նաև սպառազինության հարցերում շատ ակտիվ համագործակցել», - հավելել է վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ Մեդվեդևի հետ քննարկել են նաև առաջիկայում երկկողմ պաշտոնական փոխայցերի կազմակերպման հարցը:
«Կցանկանայի ասել, որ մենք շփումներ ենք ունեցել դեռ իմ և պարոն Մեդվեդևի փոխվարչապետ եղած ժամանակ: Համոզված եմ, որ մեր հարաբերությունները հնարավորություն կտան, որպեսզի մեր երկրների կառավարություններն արդյունավետ աշխատեն», - եզրափակել է Հայաստանի վարչապետը: Այսօր երեկոյան վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երևան: