կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-29 22:42
Հասարակություն

Ամուսնական դավաճանություն

Ամուսնական դավաճանություն

Դավաճանությունը գուցե և ներում են, բայց չեն մոռանում:


Հաճախ սիրային արկածներ որոնողները խոստովանում են, որ մինչ «ձախ գնալը» պարբերաբար մտածում էին իրենց կյանքի արմատական փոփոխության մասին: Սակայն միայն հանդիպումն է դառնում այդ գաղափարի իրականացման վճռորոշ ազդակը:


Ցավոք, շատերի համար սեռական կյանքը ժամանակի ընթացքում վերածվում է ինչ-որ սովորական բանի, և անկողնային բոլոր գործողությունները կատարվում են մեխանիկորեն՝ առանց հուզական երանգների:


Իսկ սիրային գգվանքները նոր զուգընկերոջ հետ, որին ուզում են ներկայանալ հնարավորինս սեքսուալ և գրավիչ, միշտ թողնում են անմոռանալի ջերմ հուշեր: Այդ հանգամանքը կարծես թե հաղորդում է սեքսուալ թարմ ուժեր՝ կյանքի ընթացքը և բովանդակությունը փոխելու համար: Ի՞նչ ենք հասկանում` սա ասելով։ Արդյոք կինն ու տղամարդը նույն իմա՞ստն են դնում այս բառերի մեջ։

 

Շատ տարածված է այն երևույթը, որ շատ ամուսնացած տղամարդիկ ուրիշ կնոջ հետ ունեցած ֆիզիկական կամ սեռական հարաբերությունները չեն համարում դավաճանություն, կարծում են, որ դա շատ բնական է, որ տղամարդը դրա իրավունքն ունի, և կինը պետք է դրան «ըմբռնումով» մոտենա։ Շատ տղամարդկանցից կարելի է լսել այն կարծիքը, որ ֆիզիկական կապը որևէ այլ կնոջ հետ դեռ դավաճանություն չէ, եթե իրականում սիրում ես քո սեփական կնոջը, այսինքն՝ կարևորը հոգեպես չդավաճանելն է, և եթե սիրելով սեփական կնոջդ` «պառկում ես» ուրիշ կնոջ հետ, ապա սխալ կլինի ասել, որ դու դավաճանում ես կնոջդ:

 

Այս տեսակետն առավել տարածված է մեր հայ տղամարդկանց շրջանում, որից էլ բխում է շատ կանանց համապատասխան վերաբերմունքը, այն է՝ բնական համարել, հաշտվել ու «թեթև տանել» սեփական ամուսնու «մանր զանցանքները», որոնք նա հաճախ գործում է առանց խղճի խայթի, որովհետև ինքն իրեն արդարացնում է այն մտքով, որ ինչքան էլ իր մարմինը ուրիշ կանանց պատկանի, սիրտը միայն իր կնոջն է պատկանում։

 

Մեր էթնամշակութային միջավայրում ամուսնական դավաճանությունը, հատկապես կնոջ դավաճանությունն անընդունելի է: Ընտանեկան արժեքները մեզանում այնպիսի կենտրոնական նշանակություն ունեն, որ ամուսնական դավաճանությունը դիտարկվում է որպես ընտանիքի հիմքերը կործանող գործոն։

 

Մարդիկ սովորաբար ամուսնությունից որոշակի ակնկալիքներ և սպասելիքներ ունեն։ Կինը ամուսնու դերի վերաբերյալ որոշակի պատկերացումներ և ակնկալիքներ ունի, նույնն էլ՝ տղամարդը։ Եվ երբ այդ ակնկալիքները չեն արդարանում, մարդը հիասթափություն է ապրում և սկսում է իր համար ավելի հաճելի հանդիպումներ ու շփումներ որոնել ընտանիքից դուրս։ Ամուսնական դավաճանության պատճառը հիմնականում սա է. երբ սպասելիքները չեն արդարանում:

 

Ամուսնական դավաճանության կարևորագույն պատճառներից մեկն էլ սոցիալական անբարենպաստ, այժմ նույնիսկ բարենպաստ պայմաններն են: Կանանց և տղամարդկանց դրդապատճառները կարող են լինել տարբեր, բայց, իհարկե, առկա են աններդաշնակության խնդիրներ, և իրենց ընտրյալները չեն համապատասխանում իրենց սպասելիքներին և երազանքներին:

 

Կան ամուսիններ, որոնք գիտեն, որ իրենց դավաճանում են, և համակերպվում են այդ մտքի հետ: Մյուսները շատ վատ են տանում այդ իրադրությունը: Իհարկե, անվերջ կարելի է քննադատել այդ հարցում ամուսնուն, բայց միգուցե խնդիրը կինն է, որը շատ է նախատում, պահանջում ավելի շատ, քան կարող է տալ ամուսինը, գուցե կինը կոնֆլիկտային անձնավորություն է, կամ շատ կաշկանդված է անկողնում և չի սիրում սեքսուալ էքսպերեմենտներ, կամ էլ անառողջ խանդի տեսարաններից զուգընկերոջ կյանքը նմանվել է դժոխքի:

 

Դավաճանությունների հարցում կարելի է տղամարդու և կնոջ միջև տեսնել կենսաբանական սկզբունքը, օրինակ՝ տղամարդն իր էությամբ պոլիգամ է, իսկ կինը` մոնոգամ, թեև այդ տարբերությունը դարեր շարունակ փորձում են շտկել թե՛ հասարակությունը, թե՛ կրոնը:

 

Տղամարդիկ ավելի հաճախ են դավաճանում, նրանց սեռական կապերը լինում են հարաբերական կարճաժամկետ, նրանք աշխատում են չխորացնել իրենց հարաբերությունները երկրորդ ամուսնության մակարդակի և ավելի շատ հակված են ստանալու այն սեքսուալ զգացողությունները, որոնք չեն ստանում իրենց կնոջից:

 

Կանայք սիրում են ավելի երկարաժամկետ կապեր, ավելի շատ են նվիրվում իրենց զուգընկերներին, սիրում են ռոմանտիզմ այդ հարաբերություններում, հաճախ պատրաստ են ավելի խորը և արմատական քայլերի և հիմնականում ընտրում են տարիքով իրենցից ավելի մեծ զուգընկերոջ:

 

Տղամարդկանց զգալի մասն ընդունում է, որ իրենց հարաբերությունները այլ կանանց հետ չի խանգարի իրենց ամուսնական կյանքին, իսկ կանայք հիմնականում կարծում են, որ իրենց ամուսնական կյանքն արդեն կրում է ձևական բնույթ:

 

Շարունակելի...

 

Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ,

սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու