կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-12 23:35
Հասարակություն

Ամուսնական դավաճանություն - 2

Ամուսնական դավաճանություն - 2

Yerkir.am-ն արդեն անդրադարձել է ամուսնական դավաճանության խնդրին: Ներկայացնում ենք հոդվածի շարունակությունը:


Եթե համակարգենք տղամարդկանց և կանանց դավաճանությունների հոգեբանական և սեռական հիմնական պատճառները, կունենանք հետևյալ տարբերակները.


-Մարդիկ են, որոնք իրենց համարում են կատարյալ, մտածում են, որ արժանի են ավելի լավ կյանքի և անընդհատ փնտրտուքների մեջ են:


-Հիասթափված մարդիկ, որոնք չեն գտել իրենց սեքսուալ բավարարվածությունը իրենց ամուսնության մեջ:


-Մարդիկ, որոնք ունեն որոշակի հոգեբանական բարդույթներ և անընդհատ նոր կապերի մեջ են մտնում ինքնահաստատվելու նպատակով:


-Մարդիկ, որոնք խուսափում են ընտանեկան կյանքի դժվարություններից և գտնում են իրենց համար ազատ կյանքի մի այլ տարբերակ:


-Երբեմն դավաճանում են` ի պատիժ իրենց ամուսնու, որին կասկածում են դավաճանության մեջ:


-Կայացած տղամարդկանց մի զանգված իր կենսակերպի մի մաս է համարում դավաճանությունը, որովհետև դա ընկերական շրջապատում գլուխ գովելու և ինքնահաստատվելու գործոն է:


-Որոշ դեպքերում դավաճանությունը կարող է դրդել թաքնված մարմնավաճառությանը, այսինքն՝ երբ այդ կապի մեջ հիմնական գործոնը նյութականն է:


-«Դավաճանության մարզիկներ», որոնք ունեն նույնիսկ գրառումներ անուններով, տարեթվերով, և որոնց հետաքրքրությունը միայն քանակն է և ոչ թե սեռական հարաբերությունը:


-Կան մարդիկ, որոնք յուրովի սիրում են երկու և ավելի անձնավորության և դա չեն համարում դավաճանություն:


-Որոշ դեպքերում կա թաքնված ցանկություն՝ իրականացնել որոշակի սեքսուալ գործողություններ իր սեքսուալ զուգընկերոջ հետ, բայց համարում են, որ հարիր չէ դրանք իրականացնել ընտանեկան կյանքում, և փնտրում են այլ սեքսուալ կապեր:


-Կան մարդիկ, որոնք ենթագիտակցաբար փնտրում են իրենցից տարիքով բավականին մեծ անձնավորությունների, դրանով լրացնում են չհաջողված սերը և ուշադրությունը, որոնցից զրկված էին մանուկ հասակում` փաստորեն սիրուհու կամ սիրեկանի մեջ տեսնելով և ծնողի, և սեքսուալ զուգընկերոջ:


-Որոշ դեպքերում դավաճանությունների ներքո լինում են հոգեկան շեղումներ:


-Լինում են դեպքեր, երբ մարմնավաճառի հետ սեքսը չեն համարում դավաճանություն, քանի որ կարծում են, որ չկա հոգեկան կապ, այլ դա զուտ մարմանկան հաճույք է:

 

Իհարկե, դավաճանության դաշտում տղամարդիկ և կանայք գտնվում են ոչ հավասար պայմաններում, որովհետև հասարակությունում կան երկակի չափորոշիչներ: Որոշ դեպքերում նույնիսկ տղամարդու դավաճանությունը «ողջունելի» է, իսկ կնոջը` քննադատելի: Ամուսնացած տղամարդիկ ունեն ավելի շատ ժամանակ դավաճանության համար, ավելի ազատ են ընտանեկան հոգսերից, երեխաների դաստիարակությունից և այլն:

 

Բացի դրանից` կանայք դավաճանությունից ավելի շատ են հիասթափվում, քան տղամարդիկ, և, ի վերջո, տղամարդիկ ավելի խանդոտ և ցավոտ են ընդունում կնոջ դավաճանությանը, որը հղի է դառը հետևանքներով:

 

Տղամարդկանց դավաճանության համար կան նաև հոգեբանական պատճառներ։ Ամենատարածվածը ինքնահաստատման պահանջմունքն է։ Խրվելով աման-չամանի, տակաշորերի, երեխայի դասերի, լվացքի ու արդուկի մեջ՝ կանայք երբեմն մոռանում են, որ սիրասուն ամուսնուն հաճոյանալը, շողոմ խոսքեր շռայլելը չպետք է դադարեցնեն։ Այլապես նա անմիջապես շողոքորթության մի ուրիշ «փեշավոր» աղբյուր կգտնի։ Եվ եթե այդ ուրիշը հավատացնի տղամարդուն, որ նա գերազանցում է առնական ու սեռական բոլոր հավանական ու անհավանական ունակություններն ու արժանիքները, ապա չի բացառվում, որ տղամարդը այդ «գթության քրոջ» մոտ էլ խարիսխ կգցի։ Պատահական չէ, որ հոգեվերլուծուբանները տղամարդկանց այդ ինքնահաստատման պահանջմունքն անվանում են «նարցիսյան վերք»։

 

Հաջորդ պատճառը բուռն անցյալը և փորձարարական ջիղն են։ Սիրային հարուստ անցյալ ունեցող տղամարդը, որպես կանոն, ժառանգաբար հակված է դավաճանության և այդքան էլ չի սիրում նիրհել ընտանեկան օջախի մոտ: Եթե տղամարդը սիրում է փորձարկումներ անել հագուստի, արտաքինի կամ, ասենք, կահույքի դասավորության հարցում, ապա անկողնում էլ շարունակ ինչ-որ նոր բան կփնտրի։

 

Գինովցած վիճակը։ Գինովցած վիճակում (եթե իհարկե տղամարդը թունդ հարբած չէ) սեռական ցանկությունը մեծանում է։

 

Ամուսնուն չափազանց ճնշելը։ Եթե նա բողոքում է, որ հոգնել է կնոջ քննադատության տարափից, ապա դա վտանգավոր ազդանշան է։ Մեծ է հավանականությունը, որ զուգընկերը դավաճանությամբ վրեժ լուծի նման ճնշման համար։ Ընտանիքում կրած նվաստացման փոխհատուցումը տղամարդիկ փնտրում են հենց կողմնակի կապերի մեջ, իսկ սիրուհու հետ կնոջից վրեժ լուծելով՝ մտածում են, որ վերջապես ընտանիքում վերականգնվել են արդարությունն ու հավասարակշռությունը։ Եվ դա, ավաղ, կարող է սովորություն դառնալ. վիճելով կնոջ հետ՝ նա անմիջապես կսլանա նրա ախոյանի մոտ՝ ամոքելու վերքերը։ Այնպես որ, քանի դեռ ուշ չէ, պետք է թուլացնել օղակը, ավելի ներողամիտ, փաղաքուշ, մեղմ ու գթառատ լինել։

 

Ամուսնուն նայել «անշահախնդիր հայացքով»։ Եթե տղամարդը զգում է, որ դուրս է մղվել կնոջ ներաշխարհից, և իր նկատմամբ վերաբերմունքը զուտ սպառողական բնույթի է (որպես պաշտպանի, հայթայթողի և այլն), ապա թաքուն «իսկական սեր» կփնտրի ուրիշ կանանց մոտ։ Խորհուրդ՝ մշակել այնպիսի վարքագիծ, որով կարելի է ինչ-որ բան խնդրել ամուսնուց, բայց ոչ երբեք ինտիմ իրավիճակում։

 

Ննջարանում ալտրուիզմը (այլասիրություն) շատ տեղին է։ Բացի դրանից` շատ կարևոր է լիովին թուլանալ, նույնիսկ խոստովանել սեփական թուլություններն ու ցանկությունները: Դա ավելի շատ կմոտեցնի զույգին՝ ամրապնդելով նրանց թե հոգեբանական, թե սեքսուալ կապվածությունը։

 

Վրեժ Շահրամանյան

Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ,

սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու