Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօրվա դրությամբ Հայաստանում ոչ մի «օրենքով» գող չկա. այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտնեց քրեագետ Սերգեյ Գալոյանը:
Ըստ նրա` ընդհանրապես, օրենքով գողերը, լուրջ հեղինակությունները անընդհատ տեղաշարժերի մեջ են: Բանախոսը բերեց Ռաֆայել Բաղդասարյանի` Սվո Ռաֆի օրինակը, որը հազվադեպ է եղել Երեւանում: «Հայաստան գան` ի՞նչ գողանան: Արդեն սաղ գողացել են, էստեղ էլ գողանալու բան չկա: Ինչ որ պետք է, գողացողն արդեն գողացել է»,- ասաց Սերգեյ Գալոյանը:
Իսկ «դրսերում», ինչպես ասաց բանախոսը, 60-ից ավելի` ազգությամբ հայ «օրենքով» գողեր կան, ովքեր այսօր լուրջ գործեր են անում: Քրեագետը օրինակ բերեց Էդիկ Ասատրյանին` Էդիկ Ասետրինային: Դիտարկմանը, թե նրա կլանը, սակայն, բավականին թուլացել է, Սերգեյ Գալոյանը պատասխանեց, թե դա ռուսական միլիցիան է անում` վրացի «օրենքով» գող Տարոյին' Տարիել Օնիանիին օգնելու համար, որին քրեական աշխարհը մեղադրեց Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի սպանությունը պատվիրելու մեջ:
«Այդ 60-ից ավելի գողերը վաղը կարող է գան Հայաստան: Պետք լինի, ու հայտնվեն Հայաստանում»,- նշեց բանախոսը: Իսկ թե ինչո՞ւ նրանք կարող են հայտնվել Հայաստանում, նա այդպես էլ չմանրամասնեց, միայն նշեց, թե դա քաղաքական նկատառումներով չի լինի, քանի որ լուրջ «օրենքով» գողերը քաղաքականությամբ չեն հետաքրքրվում, քանի որ դա նրանց համար անլուրջ բան է:
«Այնպես որ` այսօրվա դրությամբ` Խոյի մահվանից հետո Հայաստանում «օրենքով» գողեր չեն ապրում»,- ասաց Գալոյանը:
Իսկ քրեական աշխարհում ընթացող զարգացումների ու փոփոխությունների մասին նա նշեց, թե առավոտից իրիկուն փոփոխություններ-վերադասավորումներ են կատարվում: Այնուհետեւ մասնավորեցրեց, որ մինչեւ Սոչիի օլիմպիական խաղերի սկիզբն ամեն օր իրավիճակը փոխվում ու փոխվելու է:
Իսկ Ասլան Ուսոյանին` Դեդ Հասանին, Սերգեյ Գալոյանի կարծիքով, կփոխարինի վրացի «օրենքով» գող Շաքրո Մոլոդոյը: Ըստ նրա` Տարիել Օնիանին ռուս իրավապահներին շատ է պետք, նրա միջոցով ռուս իրավապահները շատ լուրջ հարցեր կարող են լուծել: