Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հովիկ Աբրահամյանը ձեռնամուխ է լինում փողային հարցեր լուծելու աշխատանքին: Այսօր, վարչապետի հրամանի համաձայն, ձեւավորվեց աշխատանքային խումբ, որը պետք է Ասիական զարգացման բանկի պատվիրակության հետ բանակցություններ վարի «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր» վարկային համաձայնագրի շուրջ:
Հարցն այն է, որ ԱԶԲ-ն Հայաստանին 49 միլիոն դոլարի վարկ է առաջարկել ծրագրի շրջանակներում, եւ Երեւանում կառավարությունը` ի դեմս համապատասխան աշխատանքային խմբի, արդեն պետք է ավարտական բանակցություններ վարի ԱԶԲ պատվիրակության հետ, որ Հայաստանը ստանա այդ վարկը: Դա կարեւոր է Հովիկ Աբրահամյանի համար, շատ կարեւոր:
Վարչապետ դառնալուց հետո նա մի քանի առիթներով եւ տարբեր վայրերում հայտարարել է, որ կառավարության ամենատարբեր նախաձեռնությունները ծախսեր են պահանջում, որոնց համար, սակայն, ֆինանսավորում գտնելը դժվար է: Վարչապետը խոստացել է, որ նոր կառավարությունն ամեն ինչ կանի իր կողմից հրապարակված ծրագրերն իրագործելու համար պահանջվող ֆինանսավորումը հայթայթելու ուղղությամբ: Եվ սա Հովիկ Աբրահամյանի կողմից արտաքին ֆինանսական միջոցեր` թեկուզ վարկի տեսքով, ներգրավելու առաջին փորձն է, թեեւ ԱԶԲ-ի հետ բանակցությունները նա չի սկսել:
Դրսից ամենատարբեր, երբեմն նույնիսկ Հայաստանի համար բացարձակապես ոչ շահավետ պայմաններով վարկեր «կպցնելու» մասնագետ էր նախկին վարչապետը, ով իր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի արտաքին պարտքը «հաջողեցրեց» եռապատկել եւ դրանով այս կամ այն ծրագիրն, իբր, սկսել կամ իրականացնել: Այս համատեքստում արժե նշել, որ Տիգրան Սարգսյանի հրապարակած «գիգանտ» ծրագրերի մեծամասնությունը չիրագործվեցին, ինչը նշանակում է, որ դրանց վրա ծախսված միջոցները, որոնց մեծ մասը արտաքին աղբյուրներից էին` վարկի տեսքով, ծանրացան հասարակության ու սերունդների ուսերին:
Այժմ հարց է` Հովիկ Աբրահամյանի կառավարությունը կկարողանա՞ Հայաստանին արտաքին աղբյուրներից տրված վարկային միջոցները ծախսել ըստ էության, թե՞ կշարունակի նախորդ կառավարության «հին ու բարի ավանդույթները»: Այս համատեքստում այս վարկը Հովիկ Աբրահամյանի համար փորձաքարի նշանակություն է ստանում:
Գ. Ավչյան