Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուշագրավ մի դրույթ է ընդգրկել կառավարությունն իր նոր ծրագրում պաշտպանության ոլորտի վերաբերյալ: Այստեղ հիմնականում նորություն չկա` պաշտպանության ոլորտին վերաբերող դրույթները հիմնականում նույնն են, ինչ հին ծրագրում: Բայց նորություն է տեղեկատվական անվտանգության ներառումը պաշտպանության ոլորտին վերաբերող դրույթների մեջ` թեկուզ փոքր-ինչ թաքնված:
Ծրագրում նշվում է. «Արդյունավետ տեղեկատվական անվտանգության համակարգի փուլային ստեղծման նպատակով կատարելագործել տեղեկատվական սպառնալիքների հայտնաբերման, գնահատման, կանխատեսման ձևերն ու մեթոդները, Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների միջև տեղեկույթի փոխանակման մեխանիզմները, ապահովել տեղեկատվական հակազդման ծրագրային մասնագիտական հարցերի վերլուծության և դրանցից բխող խնդիրների առաջադրման բավարար կարողություններ»:
Ով փոքր-ինչ ծանոթ է տեղեկատվական պայքարին եւ տեղեկատվական պատերազմենրի հիմունքներին, նրան այս դրույթը միանգամից կհիշեցնի տեղեկատվական պատերազմներ վարելու նպատակադրում: Այսպիսի դրույթի անհրաժեշտության մասին թե' լրատվական, թե' փորձագիտական, թե' հասարակական քննարկումների մակարդակներում բազմիցս է նշվել: Հատկապես տեղեկատվական ակտիվ պատերազմենր ու տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերի շուրջ բանավեճերում միշտ է մտահոգություն հայտնվել Հայաստանի դիրքերի վերաբերյալ: Իհարկե, լավ է, որ նման դրույթ է տեղ գտնում կառավարության ծրագրում: Չնայած, բացի դրույթն ամրագրելուց, այլ' ավելի կոնկրետ գործողություններ, ծրագրեր նշված չեն, ու անհասկանալի է, օրինակ, թե ի՞նչ նկատի ունի կառավարությունը` խոսելով տեղեկատվական անվտանգության մասին, արդյո՞ք հակառակորդի տեղեկատվական գրոհներից պաշտպանվելը, թե՞, օրինակ, ինտերնետ միջավայրում հաքերային հարձակումներից պաշտպանվելը, թե՞ երկուսը միասին կամ այլ բան...
Մեկ այլ ուշագրավ դրույթ էլ է ամրագրվել պաշտպանության բլոկին վերաբերող հատվածում` «զարգացնել արժանիքների վրա հիմնված ծառայողական առաջխաղացման մրցակցային հնարավորությունները»: Այս մոտեցումը հատկապես կարևոր է «լավ տղա», «յախշի», «նայող» բացասական երեւույթների դեմ պայքարի համատեքստում:
Բնական է, ՀՀ բանակն ամբողջությամբ պրոֆեսիոնալ չէ, կազմված է պայմանագրային եւ պարտադիր ժամկետային հիմունքներով ծառայության սկզբունքներով: Եվ հատկապես պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մասով բանակ են զորակոչվում ամենատարբեր սոցիալական շերտերի, խմբերի ու հանրույթների ներկայացուցիչներ' ամենատարբեր ու ամենաբազմազան անձնական, հասարակական, կրթական մակարդակներով: Եվ այս առումով բանակը դառնում է անհատականությունների խճանկար: Թեեւ հայկական բանակներում, որպես այդպիսին, չկա «դեդովշչինա» կոչվող երեւույթը, բայց տարիների ընթացքում ձեւավորվել է մի հետաքրքիր, թերեւս ոչ ինստիտուցիոնալ համակարգ: Այդ համակարգի պարագայում ժամկետային զինծառայողները ինքնադրսեւորվում են լավ կամ վատ կողմերով: Եվ արդեն զորամասերում այդ ինքնադրսեւորման արդյունքում ձեւավորվում են տարբեր շերտեր' վերոհիշյալ «լավ տղերքը», «նայողները», «խելոք երեխեքը» եւ այլն:
Խորհրդային բանակից մեզ ժառանգություն հասած կանոնագրերով' այս երեւույթը ինստիտուցիոնալ առումով չի կարգավորվել, ցանկացած նման դրսեւորում համարվել է ոչ կանոնադրական հարաբերություն: Օրինակ` եթե ինչ-որ ժամկետային զինծառայող' շարքային, իրեն դրսեւորում է այնպես, որ նրան սկսում են հարգել ծառայակիցները, սպաները եւ այլն, եթե այդ անձը շատ ավելի լավ է կազմակերպում ծառայությունը, բայց չունի, օրինակ, սերժանտի կոչում, նրա վարքի դրսեւորումը, ծառայության կազմակերպումը ու նման դրսեւորումները դիտարկվում են ոչ կանոնադրական հարաբերությունների տիրույթում: Հենց այն պարզ պատճառով, որ համապատասխան կանոնակարգերում ու կանոնագրքերում արժանիքների վրա հիմնված ծառայողական առաջխաղացման մրցակցային հնարավորությունները զարգացնելու դրույթը ամրագրված չէ կամ բավարար չափով ամրագրված չէ, եւ բոլորը դիտարկվում են միեւնույն հարթությունում:
Արդյունքում' քանի որ բնական եւ օբյեկտիվ պատճառներով հավասարության հաստատումը պարզապես անհնար է (բերենք մի քանի պրիմիտիվ օրինակ` մեկը ֆիզիկապես ուժեղ է, մյուսը' թույլ, մեկը բարձրագույն կրթություն ունի, մյուսը նույնիսկ ավագ դպրոց չի ավարտել, մեկը արագ է մտածում, մյուսը' դանդաղ և այլն), ինստիտուցիոնալ առումով էլ արժանիքների հիմամբ ծառայողական առաջխաղացում նախատեսված չէ, ապա այդ ամենը ինչ-որ կերպ, միեւնույն է, պետք է արտահայտվի ու դրսեւորովի: Ավելի լավ է, որ դա ամրագրվի ինստիտուցիոնալ եւ դրսեւորվի կառավարելի ու տեսանելի ձեւով:
Մնացած առումներով պաշտպանության բլոկի դրույթները համարյա կրկնվում են: