կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-13 18:40
Առանց Կատեգորիա

Օլանդը կդառնա՞ ԵՄ-ում Հայաստանի «դեսպանը»

Օլանդը կդառնա՞ ԵՄ-ում Հայաստանի «դեսպանը»

Ավարտվեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի պետական այցը Հայաստան: Նա Երևան չէր եկել հայ-ֆրանսիական հարաբերություններում ինչ-որ բեկում մտցնելու նպատակով: Վերջին տարիներին դրանցում ո'չ առաջընթացի և ո'չ էլ հետընթացի տենդենցներ չեն նկատվում, և կարելի է ասել, գոնե այս պահին եղածը պահպանելու խնդիր է դրված: Պատահական չէ, որ Երևանում Ֆրանսիայի նախագահը հատուկ ընդգծեց, թե Հայաստանի և Ֆրանսիայի տնտեսական համագործակցությունն ու ապրանքաշրջանառությունը չեն համապատասխանում այն հարաբերություններին, որ ունեն երկու երկրները քաղաքական և հասարակական ոլորտներում: Այդ բացը որոշակիորեն կարող է լրացնել «Կարֆուր» հիպերմարկետների ցանցի մուտքը Հայաստան, որին ուղղված առաջին գործնական քայլը կատարվեց հենց նախագահների ներկայությամբ` «Երևան մոլ»-ի և «Կարֆուր»-ի միջև ստորագրվեց տարածքների վարձակալության պայմանագիր:

 

Բայց Օլանդի այցն ուներ ընդգծված քաղաքական շեշտադրում: Այն, առաջին հերթին, կոչված էր ընդգծելու հայ-ֆրանսիական հարաբերությունների առանձնակի կարգավիճակը: Օլանդը Երևան ժամանեց հարավկովկասյան եռօրյա շրջագայության շրջանակում: Սակայն եթե նրա այցը Ադրբեջան և Վրաստան ունեին պաշտոնականի կարգավիճակ, ապա հայաստանյան այցի մակարդակն ավելի բարձր էր`պետական: Նման մակարդակի այց Ֆրանսիայի կողմից 4 տարվա մեջ կատարվում է արդեն երկրորդ անգամ (2011թ.-ին Նիկոլա Սարկոզիից հետո): Եվ եթե հիմնվենք Երևանում Օլանդի արած այն հայտարարության վրա, թե Ցեղասպանության 100-ամյակի արարողությունների շրջանակում 2015-ին ևս մեկ այց է կատարելու Երևան, ակնհայտ է դառնում երկկողմ  հարաբերությունների ջերմությունն ընդգծելու ցանկությունը:

 

Ֆրանսիայի նախագահի համար սա, մեծ հաշվով, զուտ սիմվոլիկ նշանակություն ունի: Նախ` դրանով ընդգծվում է Ֆրանսիայի` տարածաշրջանում որոշակի քաղաքական ներկայացվածություն ունենալու և այս առումով Հայաստանը հենման կետ կամ կետերից մեկը դիտարկելու ցանկությունը: Մյուս կողմից` Հայաստանի նկատմամբ նման վերաբերմունքի դրսևորմամբ Օլանդը, կարծես, փոխհատուցում է այն մեծ ծառայությանը, որը ֆրանսահայ համայնքը նրան մատուցեց նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու հարցում: Առավել ևս, որ Ֆրանսիայի նախագահը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ ներկայացնելու և դրա ընդունմանը հասնելու խոստում էր տվել, որը, կարծես, չի կարողանում կենսագործել: Այս առումով նրա համար հայաստանյան այցի միջոցով «մեղք քավելու» շանսեր է ստեղծվում: Ուշագրավ է այն հանգամանքը, որ թեեւ նա, կրկնելով իր նախորդին` Նիկոլա Սարկոզիին, ևս Թուրքիայից պահանջեց ճանաչել Ցեղասպանությունը, սակայն դրա ժխտումը քրեականացնող նոր պրոցես սկսելու մասին որևէ կոնկրետ ակնարկ կամ ուղերձ չհնչեցրեց: Հայկական կողմը ևս առանձնապես ուշադրություն չդարձրեց դրա վրա` թույլ տալով պահպանել այցի ընդհանուր փայլը և, թերևս, մտնելով Օլանդի դրության մեջ:

 

Հայաստանի համար, սակայն, Ֆրանսիայի նախագահի այս այցը ունի խիստ առարկայական քաղաքական նշանակություն, և իր ուղերձներով երկու օր շարունակ նախագահ Սերժ Սարգսյանը շեշտադրումներ էր կատարում դրա վրա: Երևանի նպատակն, ըստ ամենայնի, Օլանդին իբրև Հայաստան-ԵՄ փչացած հարաբերությունների վերականգնման յուրատեսակ միջնորդի դեր հատկացնելն էր, նրան ԵՄ-ում Հայաստանի շահերի պաշտպանությունը պատվիրակելը: Եվ դատելով Ֆրանսիայի նախագահի հայտարարություններից` նա, կարծես, չի հրաժարվում այդ «պարտականությունը» կամ առաքելությունը վերցնել իր վրա: Պատահական չէր նախագահ Սարգսյանի արած այն հայտարարությունը, թե Երեւանը ցանկանում է, որպեսզի Եվրամիությունը Հայաստանի համար հանդես գա ասոցացման «առանձնակի առաջարկությամբ»: Սա կարելի անակնկալ համարել հատկապես այս ամսվա վերջին Եվրասիական միության ստեղծման պայմանագրի ստորագրման և դրան միանալու` Երևանի վերցրած կուրսի տեսանկյունից: Եթե նման շրջադարձային իրադարձության նախաշեմին ևս Հայաստանի նախագահը բարձրացնում է ԵՄ-ի հետ ասոցացման պատրաստակամության հարցը, ապա պետք է եզրակացնել, որ եվրասիական ինտեգրացիայի հեռանկարները Երևանը համարում է մշուշոտ: Հայաստանը, կարծես, փորձում է, օրակարգից հանված այդ հարցը վերակենդանացնելով, մի կողմից ճնշում գործադրել Մաքսային միության անդամ երկրների վրա` որոշակիացնելու Հայաստանի անդամակցության հարցում իրենց դիրքորոշումը, մյուս կողմից` նոր կամուրջ ստեղծելու Եվրոպայի հետ` անհրաժեշտության դեպքում սահուն անցում կատարելու նպատակով: Երևանի ակնկալիքը, թերևս, այն է, որ Օլանդը պետք է Բրյուսելում բացատրի ԵՄ-ի հետ «առանձնակի ասոցացման» գնալու հարցում Հայաստանի մտադրության կամ ցանկության լրջությունը:

 

Օլանդը Երևանում հայտարարեց, որ թեեւ ցանկանում է, որ Հայաստանն ամբողջապես ասոցացվի ԵՄ-ին, բայց չի ուզում ստիպել, որ իր տնտեսական կապերը խզի Ռուսաստանի հետ: «Դրա համար պետք է Հայաստանի դիրքորոշումը քաջալերեմ: ԵՄ-ն պետք է հասկանա, որ Հայաստանը բացառիկ պայմաններում է ապրում և պետք է մի պրոցեսի մեջ մտնի, որ մերձենա ԵՄ-ին»,- հավելեց նա` ըստ էության, հասկացնելով, որ իր համար ընդունելի է «առանձնակի ասոցացման» հայաստանյան առաջարկը և որ կարող է այն հասցնել նաև Ուկրաինայի ասոցացման հարցում շտապողականության դառը պտուղները քաղող և դրանից ելքեր որոնող եվրաէմիսարներին:

 

Թե որքանո՞վ արդյունավետ կլինի Ֆրանսիայի միջնորդական այս «առաքելության» ստանձնումն առաջիկայում, դժվար է ասել: Բայց կարելի է փաստել, որ Հայաստանի իշխանությունները այս այցը կարողացան օգտագործել դեպի եվրոպական արժեհամակարգ գնալու տրամադրվածության անկեղծության հարցում ԵՄ հիմնադիր անդամ Ֆրանսիայի նախագահին համոզելու նվազագույն խնդիրը լուծելու նպատակին:

 

Գևորգ Աղաբաբյան

 

Հ.Գ. Հետաքրքրիր է` արդյոք Օլանդը կհավատա՞ր հայաստանյան իշխանությունների եվրաասոցացման ցանկության անկեղծությանը, եթե տեսներ Երևանի կենտրոնի կիսաքանդ շենքերը թաքցնող ֆասադային պաստառները, որոնք սիմվոլիկ արտացոլում էին հայաստանյան եվրաձգտումների ձևականության տակ թաքցվող իրական, նեոբոլշևիկյան էությունն ու արժեհամակարգային ավերակները: