կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-13 13:30
Քաղաքական

Բյուջեն, ձեռքերը պարզած, սպասում է կուտակային փողերի փոխանցմանը. Ռուբեն Հակոբյան

Բյուջեն, ձեռքերը պարզած, սպասում է կուտակային փողերի փոխանցմանը. Ռուբեն Հակոբյան

Այսօր ԱԺ նիստում քվեարկության դրվեց կառավարության ներկայացրած` կուտակային կենսաթոշակային օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

 

Մինչ քվեարկությունը քաղաքական խմբակցությունները ելույթ ունեցան վարման կարգով ու ներկայացրեցին իրենց դիրքորոշումները: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ ներկայացուցիչները երեկ ամբողջ օրը հանդիպել են փորձագետների, քաղաքացիական ակտիվիստների, «Դեմ եմ» շարժման անդամների հետ, լսել նրանց տեսակետները, և ԲՀԿ-ն համարում է, որ թեև կառավարության ներկայացրած նախագիծը կես քայլ առաջ է, ինչ-որ չափով մեղմում է լարվածությունը, բայց թերի է, և մի շարք հարցեր մնում են բաց:

 

«Չենք կարող կողմ քվեարկել, չենք կարող դեմ քվեարկել, քվեարկելու ենք ձեռնպահ: Եթե ոչ իշխանական ուժերը ստորագրահավաք նախաձեռնեն`  արտահերթ նիստի պահանջով, ապա ԲՀԿ-ն կմիանա այդ ստորագրահավաքին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

 

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց, որ կառավարության ներկայացրած` լրամշակված նախագիծը կես քայլ առաջ է, բայց քանի որ խնդիրը չի լուծվում, ուստի ՕԵԿ-ը ևս ձեռնպահ է քվեարկելու, իսկ երկրորդ ռեժիմով քննարկման ժամանակ ՕԵԿ-ը ներկայացնելու է կուտակայինի վերաբերյալ առաջարկ:

 

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ կառավարության ներկայացրած նախագիծը միայն մի քանի ակտիվ և համարձակ մարդկանց հարցն է լուծելու, իսկ քաղաքացիների մեծամասնությանը թողնելու է պարտադիր համակարգի մեջ: «ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու այդ նախագծին` կոչ անելով քաղաքական ուժերին` հնարավորինս շուտ նախաձեռնել արտահերթ նիստ»:

 

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ վերջին ամսվա ընթացքում, ասես, դիրքային պայքար է գնում կառավարության և քաղաքական ուժերի միջև: Կառավարությունն ասում է, որ ուզում է հանել պարտադիրը, բայց կան փաստեր, որ բյուջեն, ձեռքերը պարզած, սպասում է կուտակային փողերի փոխանցմանը: «Մենք ասում ենք` հավատում ենք ձեր անկեղծությանը, բայց նաև հավատում ենք, որ, միևոնույն է, պարտադիրը մնալու է: Չենք ուզում ինքնախաբված լինել: «Ժառանգությունը» դեմ է քվեարկելու կառավարության ներկայացրած ծրագրին»,- ասաց նա: