կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-09 10:05
Առանց Կատեգորիա

Հանուն հայրենիքի նաեւ ապրում են

Հանուն հայրենիքի նաեւ ապրում են

Քաղաքի գլխին լիալուսին էր: Մութ ժամանակ անջրպետը ողջերի ու մեռածների միջեւ առանձնապես զգալի չէ` ողջերն էլ քնած են ու չեն կարողանում հանուն հայրենիքի մեռնելու կոչեր անել: Ողջերը քնած են հանուն կյանքի, մեռյալները` հանուն ողջերի կյանքի տեւականության: Բոլորը քնած են հանուն ողջերի:

 

Մայիսի 9-ի առավոտից հանուն հայրենիքի մեռնելու գաղափարի օրն էր` Հաղթանակի օրը… Մեռյալները մեռան` հայրենասիրությունն անմեռ է: Լիալուսնից առաջ սպարտացիները չէին պատերազմում, իսկ նրանք, որ հիմա մեռած են ու չեն տոնում Հաղթանակի օրը, խորհրդային երկրի տղաներ էին ու չգիտեին, որ լիալուսնից առաջ կռիվ չեն գնում…

 

Հիմա բոլորը, բոլորը բլրի վրա են…

 

Լուսաբացից բոլորիս վրաերթ է անում պաթոսը, ու ոչ մի հեռուստաալիք, ոչ մի ռադիոկայան, տպագիր մամուլ, անգամ թռուցիկ, բնականաբար, չի ասում. ոգեւորված մահին ընդառաջ գնացածներ, որ հիմա բլրի վրա եք կամ ուրիշ մի տեղ` չիմացաք, որ հանուն հայրենիքի չեն մեռնում միայն` նաեւ ապրում են: Մնայիք, անպայման կհասկանայիք ամենապարզ բանը` հանուն հայրենիքի նաեւ ապրում են: Մնալու դեպքում կիմանայիք, ինչ են ֆուրշեթն ու պրեզենտացիան, էլեկտորատն ու ինաուգուրացիան, մոնիտորինգն ու մարկեթինգը, ովքեր են Պրեսկոտն ու Բրայզան: Կսովորեիք ասել մի բան ու անել ճիշտ հակառակը: Ու, ամենակարեւորը` կհասկանայիք, որ մահ չպահանջող հերոսություն էլ կա աշխարհում: Ֆուրշեթների ժամանակ տղամարդիկ ուղղում են իրենց կանանց ուսերից սահող շալերը, կանայք փափուկ ժպտում են, ու կյանքը սիրուն հոսում է կիրակիից կիրակի, ֆուրշեթից ֆուրշեթ, ինաուգուրացիայից-ինաուգուրացիա: Պրեզենտացիան ինչ-որ բանի շնորհանդեսն է: Ժպիտներն` առաձգական, ֆոտոգենիկ, առանց հատուկ ապրումի ու առանց դժվարության:

 

Ձեզնից հետո պարզվեց հանուն հայրենիքի ոչ միայն մեռնում են, այլեւ ավելի հաճախ` ապրում: Այս նախադասության մեջ շեշտը որ բառի վրա էլ դրվի` տրամաբանությունը չի խախտվում: Ապրում են շռայլ, սիրելով, ուրախ: Սիրում են իրենց եւ ուրիշների կանանց, զավակներ են ունենում ԱՄՆ-ում ու Լոնդոնում, որ հաջորդ պատերազմի ժամանակ գնալու տեղ ունենան: Երբեք չի կարելի մեռնել: Պիտի մնայիք: Սա ուշ հասկացվեց, երբ արդեն ուսանողական նստացույցն ու Ստամբոլցյանի հացադուլը պատանի հանդիսատեսի թատրոն էր:

 

Անպայման պիտի մնայիք, որովհետեւ երկիրը միշտ իր համար մեռնելու պատրաստ, բայց չմեռած տղաներ պիտի ունենա, իսկ նրանց մեռնելուց հետո երկիրն էլ դրանցից չունի, երկիրն էլ ոչինչ չունի, կամ այնքան քիչ են, որ համարյա չկան: Ու մեկ էլ պիտի մնայիք, որովհետեւ զույգը` տղամարդու ու կնոջ նորմալ զույգը, ամենաիսկական հայրենիքն է, որովհետեւ այդտեղ են ծնվում այն երեխաները, որոնք պետք է քանակապես գերակշռեին նրանց, որոնք ծնվելու էին Լոնդոնում ու Ամերիկայում, որ հաջորդ պատերազմի ժամանակ անխոչընդոտ տեղափոխվելու տեղ լինի:

 

Որ ապրեիք` չէր լինի այն սարսափելի առոգանությամբ ու մանր ցան առաջացնող ասմունքը, որով պատմում են ձեր ստերիլիզացված կենսագրությունները: Բոլորի մասին նույնն են ասում ու ստացվում է՝ Հասանաբադի համար մեռնելուց բացի, ուրիշ բան չեք երազել:

 

Հնարավոր չէ իմանալ, թե քանի մարդ չի գտնում իր տեղը այն պատճառով, որ օպերայի հրապարակից մենք տուն եկանք` դուք գնացիք կռվելու: Ինչ դարձան հանուն հայրենիքի ողջ մնացած ձեր ընկերները: Տարբեր են նրանց ճակատագրերը` մոլորված գործազուրկից մինչեւ ամենքիս կյանքը որոշող լկտիներ:

 

Դուք 24, 25, 26, 27 տարեկան էիք, որ գնացիք, իսկ ձեր հերոսությամբ հիացող ձեր ընկերուհիներն` ավելի փոքր: Հիմա նրանք արդեն 41, 42, 43 տարեկան են, դուք էլի` քսանքանի, ու հետմահու ձեր ու նրանց հարաբերությունները փոխվել են, որովհետեւ նրանք այլեւս չեն կարող երազել ձեր մասին` ձեր ու նրանց միջեւ նկատելի տարիքային տարբերություն կա:

 

Քաղաքի վրա լիալուսին էր: Երեկ առավոտվանից Հաղթանակի օրն էր: Այս ամենը չասվեց, որովհետեւ կան բաներ, որ չի կարելի ասել:

 

Ազատություն, միանգամայն ազատություն, բայց ոչ մահ: Երբեք չմեռնեք: Հանուն հայրենիքի նաեւ ապրում են…

 

Լուսինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ