կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-15 14:48
Աշխարհ

ԱՄՆ Կոնգրեսի ծախսերի մասին օրինագծում Թուրքիային վերաբերող 2 դրույթ կա` արգելել զենքի ու ռազմական ինքնաթիռների վաճառքը

ԱՄՆ Կոնգրեսի ծախսերի մասին օրինագծում Թուրքիային վերաբերող 2 դրույթ կա` արգելել զենքի ու ռազմական ինքնաթիռների վաճառքը

Երեկ ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է ծախսերի մասին մասշտաբային օրինագիծը, որում ներառված է Թուրքիային վերաբերող երկու դրույթ: Դրանք վայելում են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) և Առաջնորդների հունա-ամերիկյան խորհրդի աջակցությունը (HALC):

Առաջին դրույթով արգելվում է զենքի վաճառքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, եթե իհարկե, պետքարտուղար Մայք Պոմպեոն Կոնգրեսին չտեղեկացնի, որ Թուրքիայի նախագահի թիկնապահները, որոնք 2017-ի մայիսին Վաշինգտոնում ծեծել էին Էրդողանի այցի դեմ հանդես եկող ամերիկացի ցուցարարներին, պատասխանատվության կենթարկվեն:

Երկրորդ դրույթն արգելում է Թուրքիային ամերիկյան F-35 ռազմական ինքնաթիռների մատակարարումն այնքան ժամանակ, քանի դեռ պաշտպանության նախարարությունը Կոնգրեսին չի ներկայացրել զեկույց, որ Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերումը հետևանքներ չի ունենա ազգային անվտանգության համար:

HALC-ի ղեկավար Էնդի Զեմենիդը և  ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել են «Կոնգրեսի մշտական զգոնությունը, որ Թուրքիային զենք վաճառելը կարող է տարածաշրջանային խնդիրներ առաջացնել», նաև հավելել են, որ Թուրքիան պետք է պատասխանատվություն կրի տարածաշրջանում իր` ավելի անխոհեմ դարձող քաղաքականության և անգամ ԱՄՆ-ում հանդուգն բռնի գործողությունների համար:

Օրինագիծը, որը ձայների մեծամասնությամբ ընդունվել է Սենատի և Ներկայացուցիչների պալատի կողմից, ուղարկվել է Սպիտակ տուն` նախագահի ստորագրմանը: