Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանին սահմանամերձ Թթու ջուր գյուղի բնակչուհի Սիրանույշ Բալյանի ավագ որդու՝ Մանվելի ծառայությունը զինված ուժերում նորմալ էր անցել` առանց որեւէ միջադեպի: Տղան, սակայն, ծառայությունից վերադառնալուց հետո ընտանիքի կողքին մնաց ընդամենը երեք ամիս: Չորս տարի առաջ էր, երբ Մանվելն անասուններին փնտրելու նպատակով գնացել էր դաշտ, բայց, դժբախտաբար, մոլորվելով, հայտնվել էր Ադրբեջանին սահմանամերձ գոտում ու գերի ընկել: Դեպքից երկու ամիս անց արդեն, երկարատեւ բանակցություններից հետո, ադրբեջանական կողմը վերադարձրեց Մանվելի դին: Անցել է չորս տարի, բայց տիկին Սիրանույշի ցավը չի մեղմանում:
«Քյաց քոլը, քյաց ոնց որ բանվոր՝ օրը հինգ հազար դրամ առնի, որ ախպոր ու քրոջ գրքերի փողը տանք: Էդ օրը քյաց ու էլ չեկավ, թե ինչ պտահեց, թե ոնց ըլավ, էդ հանելուկը չգիտեմ: Քացել ա տվարի առաջը, տավարը կորած ա ըլել հարեւանի, ընդամենը մի հորթ ունեի, քացել ա՝ թուխպ-թուխպ՝ մառախուղ: Մյուսները փայտը բարձել, էկել են: Իրիգունը ժամը 7:30 ասին` Մանելը հո՞ւր ա, Մանվել չի եկել տունը, ո՞նց ասեմ` հուր ա: Սաղ գիշեր սաղ գեղը հավաքվել, քացել` ման եկել, Մանվելը չկա: Իրեք օրից նոր Երեւանից զանգին, ասին՝ Ադրբեջանում գերի կա՝ Մանվել Սարիբեկյան»,- Yerkir.am-ի հետ զրույցում այդ ողբերգական օրվա մանրամասները կրկին վերհիշեց տիկին Սիրանույշը:
Եվ հիմա որդեկորույս այս կինը պատրաստվում է բանակ ուղարկել մյուս որդուն: Թեեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ավագ որդու ծառայությունը նորմալ է անցել, բայց, մեկ է, տիկին Սիրանույշն ուզում է, որ որդին Երեւանում ծառայի: «Վախեցած ե՞ք» մեր միամիտ հարցին պատասխանում է` արտասվելով. «Բա ինչ եմ»:
Մի ցավ էլ ունի սահմանամերձ գյուղում ապրող այս կինը: Երրորդ որդին էլ գյուղում եւ մարզում աշխատանք չգտնելու պատճառով Ռուսաստան արտագնա աշխատանքի է մեկնել: «Էն մեկն էլ բանակից եկավ` աշխատանք չկա, թողեց, քաց Ռուսաստան: Ասեց՝ քյամ, գոնե երկու կոպեկ աշխատեմ, որ կարանք ապրինք: Յոլա ենք էլի քինում՝ շնչելով»,- պատմեց կինը ու հուզվելով ավելացրեց, որ ինքն էլ աշխատանք չուներ, որ գոնե կարողանար որդուն կողքը պահել: Պարզվում է` տղան անգամ չի էլ ցանկացել մեկնել ՌԴ, բայց ինչպես ասում է մայրը. «Ամուսնանալ ա պետքը՞»: Սահմանամերձ գյուղում ապրող այս կնոջ տղաների ցանկությունը միշտ նույնն է եղել` «տները սարքել, ամուսնանալ, հորն օգնել»: Ցավոք, Մանվելի ցանկությունն այդպես էլ չկատարվեց: Այսքանը քիչ է, հիմա էլ տիկին Սիրանույշի ամուսինն է հիվանդ` «սրտի կլապանի մինը խցանում ա»:
Այս բարդությունների ու դժվար կյանքի մեջ անգամ տիկին Սիրանուշի ամենամեծ ցանկությունը մեկն է. «Որ էս բոլորը սաղ սուտ լինի, իմ տղեն սաղ ըլի, գա ինձ հասնի, էդ ա»: Տիկին Սիրանուշը մի փոքրիկ ցանկություն էլ ունի՝ աշխատել, անգամ պատրաստ է հավաքարար աշխատել: «Աշխատանք կա՞, որ աշխատենք: Կուզեմ՝ քինամ, ժողովրդի մեջ մտնեմ: Էվլի (ավելի) տեղ լինի, կսրբեմ, մենակ ժողովրդի մեջ մտնեմ: Տուն ընգած չեմ կարում՝ խեղդվում եմ»,- ասաց ու խորը հոգոց հանեց որդեկորույս մայրը: