կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-17 22:02
Հասարակություն

25 տարի առաջ այս օրը սպանվեց ՀՀ երրորդ հանրապետության առաջին քաղաքապետ Համբարձում Գալստյանը

25 տարի առաջ այս օրը սպանվեց ՀՀ երրորդ հանրապետության առաջին քաղաքապետ Համբարձում Գալստյանը

Ասել, թե  Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի  նախկին նախագահ Համբարձում Գալստյանի սպանությունը բացահայտված չէ, մեծ հաշվով ճիշտ չէ, քանի որ այն իրականում ՀՀՇ տիրապետության տարիների այն հնչեղ սպանություններից մեկն է, որը շատ հստակ ցուցանում է, թե ինչպես իշխանության գալուց քիչ անց ՀՀՇ-ն սկսեց խժռել իր զավակներին:

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Համբարձում Գալստյանը Ղարաբաղ կոմիտեի առաջին կազմի մտավորական գործիչներից էր, որը կոմիտեի անդամների հետ ձերբակալվել և 6 ամիս անցկացրել էր Մոսկվայի Բուտիրյան բանտում:

ՀՀՇ տիրապետության շրջանի   սպանությունների պատճառները որքան էլ տարբեր լինեին՝ տնտեսական կամ  քաղաքական  գործոններով պայմանավորված, իրականություն է այն, որ անկախ ամեն ինչից հիմնական  գործոնը միշտ քաղաքական է եղել: Եթե անգամ տնտեսական հիմք է ունեցել, այնուհանդերձ, էլի ներքաղաքական  կամ աշխարհաքաղաքական գործոնը գերակայել է:

Հենց այս համատեքստում պետք է դիտարկել Լևոն Տեր-Պետրոսյան-հղացողի և Վանո Սիրադեղյան-իրականացնողի օպերացիաները, որոնց ի կատար ածողները մեծ  շղթայի օղակներն էին:

Համբարձում Գալստյանի սպանությունը  օդում կախված էր 

Իրականություն էր և այդ մասին ժամանակի մամուլը բազմիցս է գրել, որ Համբարձում Գալստյանը մինչ իր սպանությունը, մինչ  1994-ի դեկտեմբերյան  այս օրը ահազանգել էր: Եվ ոչ մեկ անգամ: 1994 թվականի և՛սկզբին,  և՛ գարնանը  նա քանիցս գրավոր ահազանգել էր հանրապետության վերին ղեկավարությանը, անձամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ իր նկատմամբ կատարվող հետապնդումների մասին: Եվ ոչ միայն ՀՀ նախագահին, նա դիմումներ էր ուղղել մի շարք պետական ատյանների, այդ թվում նաև՝ նաև ՀՀ ԳԽ պետաիրավական մշտական հանձնաժողովին: Դիմումներից մեկում, որը գրվել էր 1994-ի փետրվարի 12-ին, նա հայտնելով ՆԳՆ կողմից հետապնդումների ենթարկվելու մասին, նշել էր,  որ մշտապես գտնվում է ՆԳՆ 4-6 մեքենաների հսկողության տակ, մատնանշելով նույնիսկ իրեն «ուղեկցող» մեքենաների թվով 8 համարանիշեր, որոնք պատկանելիս են եղել ՀՀ ՆԳՆ 6-րդ և 7-րդ վարչություններին:

Հավելենք նաև, որ այս դիմումներին նախորդել էր նաև Համբարձում Գալստյանին անհանգստացնող կոնկրետ դրվագ, մի տհաճ միջադեպ, որ վերաբերվում էր սանձարձակ պահվածքով ինչ-որ երիտասարդի, ի մասնավորի, գործընկերոջ հետ աշխատանքից տուն վերադարձող Հ. Գալստյանին վերջինիս կողմից հնչեցված՝  գնդակահարելու սպառնալիքներին: Տվյալ անձնավորությանը, Գալստյանն ու նրա ուղեկիցը կարողացել էին զինաթափել, սակայն վերջինս փողոցում հայտնված, այսպես կոչված՝   «օգնող բրիգադի» շնորհիվ կարողացել էր փախչել  և խուսափել իրավապահներից: Ամեն դեպքում, Գալստյանը կարողացել էր  հանձինս  այդ «բրիգադի» անդամներից 1-2-ի՝ ճանաչել ՆԳՆ 6-րդ և 7-րդ վարչությունների աշխատակիցներին:

Իհարկե, դեռ 1994-ին, ՆԳՆ-ն փորձում էր քողարկել իր համակարգի որոշ ստորաբաժանումների աշխատակիցների մասնակցությունը Համբարձում Գալստյանի սպանությանը, սակայն թե՛ Գալստյանի ահազանգերը, թե՛ բազմաթիվ այլ տվյալներ, դեռ 25 տարի առաջ հիմք տալիս էին ենթադրելու, որ ՆԳՆ մեծ  լռությունը բնավ էլ պատահական չէ:

Եվ այսպես, ովքե՞ր և ինչու՞ սպանեցին 38-ամյա Համբարձում Գալստյանին և ինչու՞ այդպես էլ «չբացահայտվեց» այդ սպանությունը:

Չոր տեղեկատվություն

Համբարձում Գալստյանը սպանվել է  1994 թվականի  դեկտեմբերի 17-ին, ժամը՝ 20.40-ին, Դավիթաշենում գտնվող իր տան մուտքի մոտ: Հանցագործները երկուսն էին, որոնք Գալստյանի ավտոտնակի մոտ դարանակալած սպասել էին, թե երբ է նա վերադառնալու հիվանդանոցից, ուր պառկած էր Հ. Գալստյանի հայրը՝ Փայլակ Գալստյանը: Ավտոմեքենայից իջնելուն պես հանցագործներից մեկը Հ. Գալստյանի վրա պարպել էր ատրճանակի 7 գնդակ և կրակոցներից առնվազն 4-ը եղել էին մահացու: Սպանությանը ականատես էր եղել Համբարձում Գալստյանի եղբայրը, որն ընդամենը մեկ ակնթարթ էր տեսել մարդասպանին, այն էլ՝ հայելու մեջ:

ՈՒ՞մ էր խանգարում Համբարձում Գալստյանը

Այս հարցի պատասխանը, այն օրերին շատերը կարող էին ենթադրել, քանի որ մինչ սպանությունը Հ. Գալստյանը բազմիցս ահազանգել էր իրեն հետևողների մասին:

Սպանությունից 7 տարի անց,  երբ ՀՀՇ-ն այլևս իշխանություն չէր, Հ. Գալստյանի մայրը՝ Անախաս Գալստյանը հայտարարել էր. «Այդ հանցագործությունն ուղղակիորեն կապված էր Հայաստանի նախկին նախագահ Լևոն-Տեր Պետրոսյանի եղբոր՝ հանգուցյալ Թելման Տեր-Պետրոսյանի շահերի հետ: Բոլորին հայտնի է, որ նրան սպանեցին Վանոյի հրամանով, իսկ պատվիրատուն եղել է Թելմանը»: Այսինքն, նույն ինքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Ի դեպ, բոլորովին պատահական չէ, որ Համբարձում Գալստյանի հրաժարականից անմիջապես հետո, 1992 թվականի դեկտեմբերի 22-ին, երբ Երևանի քաղաքապետ դարձավ Վահագն Խաչատրյանը, անմիջապես արտոնյալ պայմաններ ստեղծվեցին ՀՀՇ մի շարք գործիչների համար, նրանց տարածքներ տրամադրվեցին դղյակների կառուցելու նպատակով: Ավելին, հենց այդ ընթացքում կտրուկ սրվեցին Համբարձում Գալստյանի և ՀՀՇ մի շարք կարկառուն գործիչների հարաբերությունները:

Բանն այն է, որ հրաժարականից հետո Գալստյանը բացահայտ քննադատում էր բոլորին, այդ թվում՝ Վանո Սիրադեղյանին: Մասնավորաբար, նա Սիրադեղյանին ՆԳ նախարարի պաշտոնից ազատելու առաջարկով դեռևս 1993 թվականի դեկտեմբերի 8-ին մտել էր նախագահ Տեր-Պետրոսյանի մոտ և ներկայացրել մի շարք փաստեր՝ կապված Վանոյի ապօրինի գործողությունների հետ:

Իսկ ավելի ուշ, 1994 թվականի հունիսին մամուլի ասուլիսում Համբարձում Գալստյանը նշել էր, որ ունի նոր տվյալներ ներքին գործերի նախարարության հանցավոր գործունեության մասին, ընդ որում, նաև՝ հանրապետության սահմաններից  դուրս. «Մոտ 30 սպանություն է կատարվել ՆԳՆ-ի պատվերով»- հայտարարել էր Գալստյանը: Ավելին, իր ծավալած հետագա գործունեությամբ, նա ըստ էության, վտանգել էր նաև ՀՀՇ բարձրաստիճան  մի շարք պաշտոնյաների և նրանց հարազատների հարստացման գործընթացը:

Թելման Տեր-Պետրոսյանի մոնոպոլիա- մոլիբդենի խտանյութը՝ սպանության գործոն

Պաշտոնաթող լինելով ՀԱմբարձում Գալստյանը ակտիվորեն զբաղվում էր տնտեսական գործունեությամբ՝ հաճախակի մեկնելով Մոսկվա: Դեռ տարիներ առաջ մամուլն անդրադարձել է,  որ իր տնտեսական գործունեության արդյունքում Համբարձում Գալստյանը պայմանավորվածություններ էր ձեռք բերել բրիտանական մի ընկերության հետ՝ մոլիբդենի խտանյութ արտահանելու վերաբերյալ: Ընդ որում, այդ ընկերությունը պատրաստակամություն էր հայտնել մոլիբդենի խտանյութը գնել միջազգային սակագներին համապատասխան գներով, այն դեպքում, երբ Հայաստանում դրա սակագինը  միջազգային գների ընդամենը 30 տոկոսն էր: Եվ բնավ ոչ պատահաբար, այդ տարիներին խտանյութի արտահանմամբ հիմնականում զբաղվում էր ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբայրը՝ Թելման Տեր-Պետրոսյանը, էլի մի շարք այլ բարձրաստիճան պետական այրեր, որոնց ձեռնտու չէր բրիտանական ընկերության հետ այդ գործարքի կնքումը:

Թե որքանով դա կարող էր վճռորոշ դեր ունենալ Համբարձում Գալստյանի սպանության գործում, անուղղակիորեն փաստում էր այն, որ վարչապետ  Հրանտ Բագրատյանի և Համբարձում Գալստյանի կանխավ պլանավորած հանդիպումը, որ կայանալու էր 1994 թվականի դեկտեմբերի 17-ին, երեկոյան ժամը 22.00-ին, այդպես էլ չկայացավ: Չկայացավ, քանզի Համբարձում Գալստյանն այդ ժամին արդեն սպանված էր:

ՈՒշագրավ էլի հանգամանքներ կան Հ. Գալստյանի սպանության օրվա թվերի ու  փաստերի և նրա անձնական կյանքի ու  տնտեսական գործունեության  համատեքստում: Ի դեպ, վարչապետի հետ կասեցված հանդիպումից զատ նրա սպանությունից օրեր անց հիշատակվում էր նաև այն փաստը, որ  Համբարձում Գալստյանը սպանվել էր  ազգությամբ հրեա իր կնոջից բաժանվելու օրը:

Չբացահայտված, բայցև՝  բացահայտ սպանություն

Բացահայտված , թե՞ անբացահայտ սպանությունների շարքում է դեռևս Համբարձում Գալստյանի սպանությունը, միանշանակ չէ: Հայտնի է, որ այն ոչ մեկ անգամ է կասեցումից հանվել  և վերսկսվել, սակայն, արդյունք չի գրանցվել:  Միով բանիվ, ասել թե՝ Գալստյանի սպանությունը չբացահայտված է, նշանակում է՝ աչք փակել նրա ահազանգերի և հայտարարությունների նկատմամբ, բոլոր այն ապացույցների հանդեպ, որ Համբարձում Գալստյանը իրավապահներին ու հանրապետության ղեկավարությանը ներկայացրել էր:

Համբարձում Գալստյանի դիմումները դեռևս 2001-ին ոչնչացված էին

Ժամանակին մամուլն այդ հարցին անդրադարձել է, ընդ որում, մեջբերելով ՆԳՆ փոխնախարար Հունանյանի հայտնած տեղեկատվությանը: Վերջինս հայտնել էր, որ « համաձայն գործող հրամանների պահանջների՝ քաղաքացիներից ստացված դիմումները և դրանց ստուգումների արդյունքներով ստացված նյութերը ՆԳՆ ստորաբաժանումների արխիվներում պահպանվում է հինգ տարի: ՈՒստի Երևանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանի կողմից իր նկատմամբ հետապնդումների մասին ՀՀ ՆԳ նախարարին 1994թ. հասցեագրված դիմումներ հղելու փաստերը պարզել հնարավոր չէ»: Ասել է, թե՝ Գալստյանի դիմումները ոչնչացվել են: Մինչդեռ, ՆԳՆ-ն ընդգրկված է եղել Համբարձում Գալստյանի սպանության հետաքննությունն իրականացնելու համար ստեղծված եռակողմ օպերատիվ խմբում:

Բնականաբար, այս ամենը նույն ՆԳՆ ձեռամբ արվել է, որ ՆԳՆ 7-րդ վարչության մեղքերը ջրվի-գնա, քանզի  հենց Վանո Սիրադեղյանի օրոք էր, որ  ՀՀՇ-ական ամենավերին ղեկավարի հրահանգով ՆԳՆ-ի կազմում սպանությունների հանձնարարությունները կատարող Տեր-Սահակյանի բանդայից և Վահան Հարությունյանի գլխավորած ներքին զորքերից զատ ներգրավված էր նաև 7-րդ վարչությունը: Որի աշխատակիցներն էին մինչև 1994 թվականի դեկտեմբերի 15-ը հետապնդումների ենթարկել անկախության շրջանի Երևանի առաջին քաղաքապետ Համբարձում Գալստյանին:  

Նա ուղղակիորեն դարձավ ՀՀՇ -ական բեսպրեդելի ու կամայականությունների զոհը, քանի որ առաջին դեմքերի, ի մասնավորի Լ. Տեր Պետրոսյանի և նրա մերձավորների, ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի և այլոց  հանցանքները և հարստացման մեխանիզմները բացահայտելու ճիշտ ճանապարհին էր: