Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՊԵԿ-ի միավորումը ֆինանսների նախարարության հետ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը նորմալ կառուցվածքային փոփոխություն է համարում:
Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, թե իրենք նախկինում էլ են առաջարկել, որ բյուջեի ապահովումն ու տնտեսական աճի պատասխանատուները առանձին մարմիններ չլինեն` երկուսն էլ պատասխան տան տնտեսական աճի եւ բյուջեի կատարողականի համար:
«Այսինքն` բյուջեի կատարողականն ու տնտեսական աճը պետք է միավորված լինեն մեկ ընդհանուր գաղափարախոսության մեջ»,- ասաց Վ. Այվազյանը: Պատգամավորը նշեց, որ աշխարհում պետբյուջեի եկամուտներն ապահովողները մեծ մասամբ եղել են ֆինանսների նախարարության կազմում: Իսկ մեր իրականության մեջ ՊԵԿ-ը նախկինում մեկ խնդիր ուներ` կատարել պետական բյուջեն, թե ի՞նչ միջոցով, ինչպե՞ս կկատարեր, դա կկատարվեր տնտեսական աճի՞ հաշվին, թե՞ տնտեսական աճ ապահովող սուբյեկտների ջանքի հաշվին, միջոցների մեջ տարբերակում չկար:
«Տնտեսական աճի համար պետք է տնտեսական նախադրյալներ ապահովել, եթե մեկի գործարանը փակվելու է, ապա այդ ժամանակ պետք է մտածել, թե դրա ազդեցությունն ինչ կլինի»,- պարզաբանեց պատգամավորը: Վարդան Այվազյանն անկեղծացավ, որ կառուցվածքային փոփոխությունների քննարկման ժամանակ ՊԵԿ-ի եւ ֆինանսների նախարարության միավորումը եղել է իր առաջարկություններից մեկը:
Մյուսն էլ եղել է այն, որ առաջնային պետք է լինի ոչ թե պետբյուջեի կատարումը կամ տնտեսական աճի ապահովումը, այլ այդ երկուսի ծառայեցումը քաղաքացուն: Եվ եթե նախկինում, ըստ Այվազյանի, ՊԵԿ-ի ղեկավարը խնդիր ուներ պետական բյուջեն կատարել, կարեւոր չէր` ինչպես, հիմա նա հավասարաչափ պետք է պատասխան տա նաեւ տնտեսական աճի եւ մակրոտնտեսության համար, չէ՞ որ մակրոտնտեսությունը ֆինանսների նախարարության հիմնական գործառույթներից մեկն է: Այս երկու խնդիրների լուծումն էլ կարեւոր է համարում Վարդան Այվազյանն ու նշում, որ եթե մի տեղ փորձում ես ինչ-որ բան ավելացնել, մյուսում է պակասելու: Իսկ նախկին` տարանջատված վիճակում այս մարմինները կարող էին հակազդեցության մեջ մտնել:
«Այս կառուցվածքային փոփոխությունը, իմ խորին համոզմամբ, կտա իր դրական արդյունքը: Որովհետեւ երբ ֆինանսների նախարարությունն ազատականացման էր գնում, ՊԵԿ-ը հակառակ կարծիքն ուներ: ՊԵԿ-ն էր գնում ուրիշ բանի, ֆինանսների նախարարությունն էր հակառակն ասում: Հիմա այս երկուսը միավորված են նույն խնդրի շուրջ: Այս երկուսի խնդիրը տնտեսական աճի ապահովումն ու դրա շնորհիվ պետական բյուջեի կատարումն է: Այսինքն` այդս երկուսը պետք է դառնան ոչ թե նպատակ, այլ պարզապես պետք է դառնան գործիք: Իսկ նպատակը մեկն է` քաղաքացու բարեկեցիկ կյանքի ապահովման խնդիրը, սա պետք է լինի առաջնահերթ խնդիր, այլ ոչ թե տնտեսական աճի ապահովումը կամ պետբյուջեի կատարման խնդիրը»,- նշեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը: