կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-28 13:14
Իրավական

Բանտային համակարգը համապատասխանեցվում է եվրոպական չափանիշներին

Բանտային համակարգը համապատասխանեցվում է եվրոպական չափանիշներին

Դատարանների կողմից մեղավոր ճանաչված անձանց 78 տոկոսը դատապարտվել է ազատազրկման` 2013 թվականի տվյալներով: Իսկ ահա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ազատազրկումը մարդու կյանքի բոլոր ոլորտներում բացասական ազդեցություն է թողնում: Կալանավայրում համապատասխան պայմանների բացակայության դեպքում  անձը կարող է ձեռք բերել առողջական խնդիրներ, նրա և նրա ընտանիքի բարեկեցիկ կյանքը դադարում է այդպիսին լինել, եկամտի աղբյուրները նվազում են:

 

Եվ, որ կարևոր է, կալանավայրը վատ ազդեցություն է թողնում անձի վարքի վրա. պատիժը կրելու ընթացքում ազատազրկվածները միմյանցից շատ բան են սովորում, տեղի է ունենում հանցավոր փորձի փոխանակում: Ազատազրկումը նպաստում է կրկնահանցագործություններին:

 

Այս մասին կարդում ենք «Հայաստանում հանցավորությանը և կրկնահանցագործությանը նպաստող գործոնների որակական և քանակական հետազոտության» մեջ, որը կատարվել է «Ազատազրկման հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը` եվրոպական ստանդարտների համաձայն» ծրագրի շրջանակներում:

 

Այսօր հայտարարվեց վերը նշված ծրագրի փակումն, ու հրապարակվեցին արդյունքները: Արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը նշեց, որ այս հետազոտության շնորհիվ քրեակատարողական ոլորտի քաղաքականություն կմշակվի` հիմք ունենալով փաստական հանգամանքները, այլ ոչ դիրքորոշումներն ու ենթադրությունները:

 

Ծրագրի փակմանը զուգահեռ հայտարարվեց նաև մեկ այլ ծրագրի մեկնարկի մասին` «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ստեղծմանը», որը նույնպես իրականացվելու է «Ազատազրկման հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը` եվրոպական ստանդարտների համաձայն» ծրագրի շրջանակներում:

 

Հաշվի առնելով քրեակատարողական ոլորտում առկա մի շարք խնդիրներ` կարևորվում է անձի ազատազրկման ավանդական գաղափարախոսությունից անցում կատարելը վերասոցիալականացման և վերականգնողական արդարադատության գաղափարախոսությանը, որի էությունը ազատազրկման այլընտրանքային միջոցներով պատիժ կիրառելն է` պրոբացիոն ծառայությունների գործունեության արդյունքում:

 

Յուրաքանչյուր ազատազրկվածի օրական ծախսը կազմում է մոտ 4500 դրամ (2013 թվականի համար, սակայն վերջին մի քանի տարիներին արդյունքները գրեթե անփոփոխ են): Իսկ պրոբացիայի ծառայության լիարժեք գործելու պարագայում քրեակատարողական հիմնարկներում պահվողների թիվը կնվազի 1400-1500 հոգով (քանի որ ավելի քիչ անձանց նկատմամբ կկիրառվի ազատազրկումը` որպես խափանման միջոց): Սրա արդյունքում տարեկան մոտ 510 միլիոն դրամ կխնայվի պետական բյուջեից. կարդում ենք «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և պրոբացիայի ծախսային և սոցիալական արդյունավետությունը» հետազոտության մեջ:

 

Ա. Օրբելյանը նշեց, որ պրոբացիոն ծառայությունը կսկսի գործել Երևանում և Վանաձորում` փորձնական ծրագրերով, և դրանից հետո արդեն կհետազոտվի դրանց արդյունավետությունը:

 

Նշենք, որ «Ազատազրկման հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը` եվրոպական ստանդարտների համաձայն» ծրագիրը իրականացվում է Եվրոպայի խորհրդի աջակցությամբ և Նորվեգիայի կառավարության ֆինանսավորման շնորհիվ:

 

Ի դեպ, ծրագիրը գնահատող պրոֆեսոր Ջերար Ֆե Յոնգը նշեց, որ պրոբացիոն ծառայությունը բավական թանկ հաճույք է: Եվ պետք չէ հույս դնել, որ ամեն անգամ փորձնական ծրագրեր իրականացնելու համար հնարավոր է դրամաշնորհներ ստանալ: