Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վրացական իշխանությունները խստացրել են ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի բանտային պայմանները
Նրա փաստաբան Ստեփան Ոսկանյանը սեպտեմբերի 12-ին այցելել է իր պաշտպանյալին, որը, վրացական իշխանությունների կողմից դատապարտվելով 10 տարվա ազատազրկման, ներկայումս պահվում է Վրաստանի Ռուսթավի N6 խիստ ռեժիմի գաղութի 106 բանտախցում:
Վահագն Չախալյանը նրան տեղեկացրել է, որ իր նկատմամբ բանտային ճնշումներն ուժեղացրել են, մասնավորապես` առգրավվել են նրան պատկանող բոլոր գրքերը, դրանք վերադարձնելու դիմումները մնում են անպատասխան, բանտախցում հաճախակի են դարձել ջրի անջատումները (երբեմն օրերով), ինչը դժվարացնում է բանտախցում տարրական հիգիենայի պահպանումը: Բացի այդ` Վահագն Չախալյանը ժամանակ առ ժամանակ զրկվում է բանտի խանութից գնումներ կատարելու, հեռախոսից օգտվելու հնարավորությունից: Սահմանափակված է մերձավոր ազգականների հետ տեսակցելու` նրա իրավունքը: Չախալյանի ձերբակալությունից հետո անցած երեք տարի երկու ամիս ժամանակաշրջանում նրան միայն մեկ անգամ՝ 15 րոպե տևողությամբ անձնական տեսակցություն են թույլատրել կնոջ և որդու հետ (վրացական օրենսդրությամբ նախատեսվում է, որ բանտարկյալը տեսակցության իրավունք ունի 3-6 ամիսը մեկ անգամ` մինչև 24 ժամ տևողությամբ):
Ըստ փաստաբանի` ավելացել են նաեւ իր պաշտպանյալին ահաբեկելու փորձերը, նրա հասցեին տարբեր սպառնալիքներ են հնչեցվում ինչպես բանտարկյալների, այնպես էլ բանտի պահակազորի կողմից:
Վերոնշյալ խախտումների մասին Ստեփան Ոսկանյանը նամակով տեղյակ է պահել Վրաստանի հանրային պաշտպան Գիորգի Տուգուշիին ՝ խնդրելով անմիջապես միջոցներ ձեռնարկել Վահագն Չախալյանի նկատմամբ դրսևորվող խտրական վերաբերմունքը վերացնելու ուղղությամբ: