կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-24 17:53
Հասարակություն

Օբաման և հայերենը

Օբաման և հայերենը

Որպեսզի Երևանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ճիշտ դուրս գա, եկեք ասենք, որ Բարաք Օբաման իր այս տարվա ապրիլքսանչորսյան ուղերձը, հատկապես` դրանում տեղ գտած` «Մեծ եղեռն» հայերեն բառերը ասել է շատ ուժեղ, այսինքն` բարձր ձայնով, որ Էրդողանն Անկարայում լսի:

 

Դժվար է ասել` լսե՞լ է Էրդողանը, թե՞ ոչ, դա երևի կարևոր էլ չէ, հատկապես, որ Օբամայի ուղերձը ոչնչով չի տարբերվում նախորդ տարվա ուղերձից: Հետևաբար` Էրդողանն ու Անկարան, առհասարակ, անհանգստանալու հիմք չունեն, որովհետև ԱՄՆ նախագահի պաշտոնական դիրքորոշումը, փաստորեն, չի փոխվել այս հարցում:

 

Այդուհանդերձ, երկու կարևոր հանգամանք կա:

 

Առաջինն այն է, որ, Մեծ եղեռն ասելով, Օբաման իրականում չի վիրավորում Ցեղասպանության զոհերի հիշատակը, իսկ սա ամենակարևորն է: Հայաստանում էլ շատերս մեր գիտական, լրագրողական, փորձագիտական վերլուծություն-աշխատանքներում հաճախ ենք օգտագործում «Մեծ Եղեռն» կամ ուղղակի «Եղեռն» եզրույթը` Ցեղասպանությանն անդրադառնալիս: Հետևաբար, այս առումով Օբաման, կարծես, չի ասում, որ 20-րդ դարի, իր իսկ խոսքերով` «վայրագությունները» ցեղասպանություն չէին:

 

Մյուս կողմից` եթե պատկերացնենք, որ Օբաման ասեր «ցեղասպանություն», և՞, նշանակելու էր, որ ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչե՞ց Ցեղասպանությունը: Իհարկե` ոչ, որովհետև, որպեսզի Վաշինգտոնը պաշտոնապես ճանաչի Ցեղասպանությունը, պետք է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից այս մասին ընդունված օրինագիծը մտնի Սենատի լիագումար նիստ, այնտեղ ևս հաստատվի, ապա Կոնգրեսի հավանությանն արժանանա, որից հետո Օբաման պետք է իր գրավոր համաձայնությունը տա, նոր համարենք, որ ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Հետևաբար, եթե անգամ Օբաման արտասանի այդ բառը, դրանից ոչինչ չի փոխվելու:

 

Մյուս կողմից` հասկանալի է, որ ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը տրամադրություն է ստեղծելու Միացյալ Նահանգներում, բայց մենք չպետք է մեր ուժերը վատնենք` այս կամ այն երկրում տրամադրություններ ստեղծելով:

 

Ուրեմն` արձանագրենք, որ Օբաման այսօր ևս ընդունեց Մեծ եղեռնը, որի ինչ լինելը գիտեն անգամ հայ դպրոցականները:

 

Մյուս կարևոր հանգամանքը: Հայերենը: ԱՄՆ նախագահն արդեն որերորդ անգամ իր ելույթում օգտագործում է հայերեն ձևակերպումներ: Չի բացառվում, որ Օբաման Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված իր ելույթն ամբողջովին ունենա հայերեն` ծայրից ծայր: Իսկ Երևանում ԱՄՆ դեսպանն էլ կանխավ ոչ թե անգլերենով, այլ մաքուր հայերենով հայտարարի, որ «նախագահ Օբաման ոչ թե շատ ուժեղ, այլ հզորագույն հայտարարությամբ է հանդես գալու»:

 

Իրականում մեզ այս ամենը չպետք է հետաքրքրի: Իրականում Օբաման ԱՄՆ նախագահն է, ոչ թե Ցեղասպանության: Նա իր երկրի շահերն ունի, և նրա բոլոր հայտարարություններն ու ձևակերպումները հիմնված են ամերիկյան շահի վրա: Շահի, ոչ թե` փիլիսոփայության:

 

Ուրեմն մեր խնդիրն է ոչ թե Օբամային պարտադրել հայկական շահը, այլ այնպես անել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը տեղավորվի ամերիկյան շահի տիրույթում: Ինչպե՞ս, նախ և առաջ Օբամային հայերեն ելույթ ունենալ սովորեցնելով: Դա, կարծես թե, ստացվում է: