Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայկական սփյուռքի հետազոտական ծրագիրը հրապարակել է պատմության մեջ առաջին հետազոտության արդյունքները, որում ներկայացված են 21-րդ դարում հայկական աշխարհընկալման ձևավորման մասին պատկերացումները, տենդենցները և խնդիրները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Massispost-ը, 150 էջանոց պիլոտային ծրագիրը ներառում է 6 թեմատիկ գլուխ՝ անհատականություն, լեզու և մշակույթ, կրոն, համայնք, քաղաքականություն և Հայաստանի հետ հարաբերություններ: Ներկայացված են նշված թեմաների վերաբերյալ 2018 թվականի մայիսին Բոստոն, Կահիրե, Մարսել և Փասադենա քաղաքների հայկական համայնքների շրջանում իրականացված հարցման արդյունքները:
Ծրագրի ղեկավար, Օքսֆորդի համալսարանի գիտնական Հրաչ Չիլինգարյանը նշում է, որ գիտնականների, հետազոտողների և փորձագետների ներգրավմամբ իրականացվող նախագծի հիմնական նպատակն է հասկանալ հայկական սփյուռքի կյանքի բազմակողմ և տարբեր ասպեկտները:
Չիլինգարյանի խոսքով՝ նոր հրապարակման մեջ ներկայացված տեղեկությունները և հարցման ամբողջական պատասխանները կարող են օգտակար լինել հայկական սփյուռքի համայնքների և ինստիտուտների ղեկավարների, Հայաստանում քաղաքական օրակարգ ձևավորողների համար, հատկապես, երբ նրանք որոշումներ կկայացնեն համայնքներում առաջնահերթությունների և ծրագրերի վերաբերյալ:
Չորս քաղաքների հայկական համայնքների ավելի քան 1000 ներկայացուցիչ մասնակցել է հարցմանը, որը իրականացվել է գիտնականների, հետազոտողների և փորձագետների խմբի կողմից: Քաղաքներն ընտրվել են բազմազանությունն ապահովելու համար, հաշվի են առնվել դրանց պատմությունը, հասարակական կյանքն ու բնութագիրը:
Հարցման մասնակիցների ճնշող մեծամասնությունը՝ 94 տոկոսն այն կարծիքին է, որ հայկական սփյուռքի շարունակականության ապահովումը շատ կարևոր է ու նշանակալի: Հարցման մասնակիցների 84 տոկոսն էլ կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է օգնել Մերձավոր Արևելքի հայկական համայնքներին:
Հարցվածների 90 տոկոսի համար շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանը. նրանց 73 տոկոսը առնվազն մեկ անգամ այցելել է Հայաստան, 93 տոկոսը՝ մտադիր է այցելել:
Հարցման մասնակիցներն ասել են, որ հայերենը, հայոց պատմությունն ու կրոնը կարևոր են իրենց, ինչպես նաև ընդհանուր հայկական անհատականության համար: Հարցվածների 73 տոկոսը հայտարարել է, որ չի անդամակցում որևէ հայկական քաղաքական կազմակերպության, սակայն նրանց մեծամասնությունը հայտնել է, որ ակտիվորեն աշխատում են հայկական այլ կազմակերպությունների հետ, ինչպիսին է, օրինակ, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:
Հարցման մասնակիցները հայկական անհատականության կարևոր մաս են համարել Քրիստոնեությունը: Այն դեպքում, երբ հարցվածների միայն 14-16 տոկոսն է ամեն օր կամ ամեն ամիս եկեղեցի գնում, 70 տոկոսն այն կարծիքին է, որ հարկավոր է ամուսնանալ հայկական եկեղեցում: