Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսին հրապարակվել է նոր մասնագիտացված ամսագիր` «Ֆարմա» անունով, որը հիմնականում նախատեսված է բուժաշխատողների, գիտահետազոտական աշխատանքով զբաղվողների համար: Ամսագիրը լույս է տեսնելու եռամսյակը մեկ անգամ, 8000 օրինակով եւ անվճար տարածվելու է հայաստանյան կլինիկաներում:
Նշվում է, որ մինչ այս հայկական պարբերականների ցանկում չկար մի ամսագիր, որը հայ դեղագետների մասնագիտական հետաքրքրությունները կբավարարեր, կտեղեկացներ գիտական նորարարությունների մասին, կներկայանցներ նորագույն հետազոտությունների վերլուծություններ:
Այսօր լրագրողներին ներկայացվեց «Ֆարմա» ամսագիրը, որտեղ առաջին հերթին աչք էր զարնում ամսագրի ռուսալեզու շապիկը, այնուհետեւ ռուսերենով գրված հայ հեղինակների հոդվածները: Թե ինչու՞ է այդպես ստացվել, հրատարակողները` Դեղ արտադրողների եւ ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարայանը եւ ամսագրի գլխավոր խմբագիր Արամ Ղազարյանը նշեցին, թե ամսագիրը եռալեզու է: Եվ սա նշանակում է, օրինակ, եթե հոդվածը հայերեն է, ապա անգելենով եւ ռուսերենով տպագրվում է դրա սեղմագիրը:
Սակայն տեսնում ենք, որ ամսագրում տպագրված 21 հոդվածներից 13-ը ռուսերենով են գրված եւ դրանց հիմնական մասի հեղինակները հայ են: Հետաքրքիր է, թե ինչու՞ է Հայաստանում տպագրված, հայերի կողմից գրված հոդվածները ռուսերենով տպվում:
§Երկիր¦-ի այն հարցին, թե արդյո՞ք շուկան Հայաստանը չէ եւ թիրախային խմբերն էլ հայ մասնագետները, Արամ Ղազարյանը պատասխանեց, որ պլաններ ունեն ամսագիրը տարածել նաեւ ԱՊՀ երկրներում. «Նոր ենք սկսել, ներկայումս ընդամենը 8 հազար օրինակով է տպագրվում, ծախսերը կատարվում են գովազդից եկող եկամուտներով: Ցանկանում ենք նախ փակել հայաստանյան դաշտը, հետո արդեն մտնել ԱՊՀ երկրներ»:
Այսինքն, լիովին անտարամաբանական է ռուսալեզու ամսագիրը, եթե այն դեռեւս չի էլ տարածվում արտերկրում: Ու դրա համար պատճառաբանել, թե «ռուսերենը ոլորտի աշխատանքային լեզուն է», ինչն արեցին ամսագրի ներկայացուցիչները, ընդունելի չէ:
Իսկ ո՞վ է որոշել, թե որ ոլորտն աշխատանքային ինչ լեզու ունի: Եթե դու ապրում ես Հայաստանում, աշխատում ես հայերի համար, հայերի հետ, լավ, ի՞նչ կարիք կա անպայման ռուսերեն գրելու:
Արամ Ղազարյանը խոսում է ամսագիրը նաեւ Վրաստան դուրս բերելու ծրագրերի մասին, հարցնում եմ, թե ենթադրենք, որ այդ վրացի մասնագետը, ով լավ մասնագետ է, չգիտի ոչ հայերեն, ոչ ռուսերեն, ոչ էլ անգլերեն, իր ինչի՞ն է պետք լինելու ամսագիրը, պատասխանում է. «Ուրեմն էս իր համար չէ: Չեմ ընդունում էդ կարծիքը, որովհետեւ էսօր լավ մասնագետը գոնե, բացի իր մայրենիից, մեկ օտար լեզու էլ պիտի իմանա»:
Եթե վերադառնում ենք Հայաստան, ապա, փաստորեն, հայ մասնագետների բախտը նույնիսկ բերել է, որովհետեւ մեկումեջ հայերեն հոդվածներ էլ կան այստեղ:
Ինչեւիցէ, միշտ էլ գովելի է գիտության ոլորտում ցանկացած նախաձեռնությունը, բայց կան հանգամանքներ, որոն վրա աչք փակելն անթույլատրելի է:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ