Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սերժ Սարգսյանն ստորագրեց Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը: Առաջիկա 20 օրերի ընթացքում Հայաստանի 13-րդ վարչապետը կձևավորի իր կաբինետը: Թե ի՞նչ սկզբունքով կձևավորվի նոր կառավարությունը, այս պահին դժվար է ասել:
Վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը ներկայացնելիս նախագահը հայտարարեց, որ նրան կադրային հարցերում տրվելու է բարձր աստիճանի ազատություն: Դա նշանակում է, որ այն ձևավորվելու է ոչ թե Սերժ Սարգսյանի կամ ՀՀԿ-ի պատասխանատվությամբ, այլ անձամբ Հովիկ Աբրահամյանի: Կարելի է եզրակացնել, որ նախագահը փորձում է կառավարության գործունեության արդյունավետության համար ընդգծել հենց Հովիկ Աբրահամյանի պատասխանատվությունը: Միակ բանը, որ նախագահն ակնկալում է նոր վարչապետից, այն է, որ նա պետք է ձգտի նոր կադրերին չառաջադրել «ծանոթ-բարեկամ» սխեմայով:
Դրա տակ չի կարելի չնկատել թափանցիկ ակնարկը նախորդ վարչապետի` Տիգրան Սարգսյանի կադրային քաղաքականության վերաբերյալ: Ժամանակի ընթացքում նախկին վարչապետը Կենտրոնական բանկից կառավարություն բերեց իր վստահելի կադրերին` կառավարությունում ստեղծելով «լյուբիմչիկների» սեփական տեխնոկրատ թիմը, որն էլ ամբողջացրեց կառավարության «բանկային» բնութագիրը: Չնայած վերջիններիս նորարարական հայացքներին ու բարեփոխական ներուժին` արդյունքում, ի վերջո, հնարավոր չեղավ խուսափել հասարակության կողմից կառավարության նկատմամբ վստահության կորստից:
Սակայն նախագահը շեշտեց նաև լավագույն կադրերին պահպանելու հանգամանքը` թերևս փորձելով Հովիկ Աբրահամյանին զերծ պահել Տիգրան Սարգսյանի թիմի անդամներից գլխովին ազատվելու, այս հարցում մանգաղային մոտեցում ցուցաբերելու գայթակղությունից: Խնդիրն այն է, որ ՀՀԿ նիստում նոր վարչապետի և նոր կառավարության առջև նախագահը փաստացի խնդիր դրեց` շարունակել քաղաքական և տնտեսական այն գիծը, որի հիմքերը դրվել էին անցած տարիներին: Խոսքը վերաբերում է այն բոլոր բարեփոխումներին, որոնց մի մասը, մեղմ ասած, չափազանց վիճելի և ոչ պոպուլյար լինելով, հեղինակել էր Տիգրան Սարգսյանի կաբինետը: Խոսքը մասնավորապես վերաբերում է կրթական և տեսչական բարեփոխումներին, հարկային և մաքսային համակարգերում կատարելագործման աշխատանքների շարունակմանը, մասնավորապես` շրջանառությունների փաստաթղթավորման, կանխիկ շրջանառության ծավալների նվազման, հաշվիչ դրամարկղային մեքենաների ներդրման շրջանակում, ինչպես նաև պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրմանը: Ակնհայտ է, որ այս աշխատանքները բարեհաջող շարունակելու համար Հովիկ Աբրահամյանին անհրաժեշտ կլինի դեռ որոշակի ժամանակահատվածում ապավինել դրանց առանցքում կանգնած կադրային ներուժին:
Այսպիսով` գործող նախագահը, մի կողմից կառավարության ձևավորման և դրա հետագա գործունեության պատասխանատվությունն ամբողջությամբ դնելով նոր վարչապետի վրա, այնուամենայնիվ, ցույց է տալիս, որ ինքն է լինելու խաղի կանոնների թելադրողը: Նման մոտեցման օբյեկտիվ պատճառն այն է, որ Հովիկ Աբրահամյանը, լինելով պահպանողական` իբրև վարչարար և կառավարիչ, ավելի շատ կատարող է, քան նորարար, բարեփոխիչ կամ նոր գաղափարների գեներատոր: Նման վարչապետը, առանց կողմնակի օգնության, առավելագույնը կարող է լուծել առկա վիճակի պահպանման խնդիր, և դա հրաշալի գիտի նախագահը: Իսկ սուբյեկտիվ պատճառն այն է, որ, հենց սկզբից հասկացնելով, թե ով է խաղի կանոնները թելադրողը, նախագահը փորձում է ցույց տալ, որ չի կարող հանդուրժել Հովիկ Աբրահամյանին ազատ կամ ինքնուրույնության ձգտող խաղացողի կարգավիճակում, և որ իրավիճակը ամբողջությամբ գտնվում ու հետագայում էլ գտնվելու է իր վերահսկողության ներքո: Նույն ներքին տրամաբանությունն ուներ, առհասարակ, Աբրահամյանին վարչապետ նշանակելու որոշումը: Մեծ հաշվով այս թեկածությունը նրա համար կոմպրոմիսային էր` ուղղված թե' օլիգարխիային, թե' իշխանության ներքին, երբեմն հակադիր բևեռներին, թե' ոչ իշխանական ուժերին, մասնավորապես` ԲՀԿ-ին, և թե' ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Մինչև անցած հինգշաբթի, երբ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում որոշվեց հետաձգել վարչապետի թեկնածության հաստատման հարցը, այդ կոմպրոմիսի նախաձեռնողի դերում անձամբ Սերժ Սարգսյանն էր հանդես գալիս, ում նպատակը ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին իշխանական կոալիցիա ներքաշելն էր և դրանով «քառյակի» ավելի ու ավելի համակարգված հակաիշխանական գործունեությունը կասեցնելը: Բայց այս նախաձեռնությունը տապալվեց` մի կողմից ԲՀԿ-ի ներկայացրած, ըստ էության, իշխանությունը կիսելուն ուղղված չափազանց ծանր պայմանների, մյուս կողմից` ՀՅԴ-ի` 7 կետանոց ծրագրային պահանջագրի պայմանները բավարարելու անկարողության պատճառով:
Եթե այս իրողությունների ճնշման տակ Սերժ Սարգսյանը այլ թեկնածուի առաջադրեր վարչապետի պաշտոնում` մատնելու էր թե' քաղաքական դաշտում և թե' իշխանական համակարգում իր դիրքերի թուլացումը և այն փաստը, որ ոչ իշխանական ուժերը և, մասնավորապես, ԲՀԿ-ն են իր որոշումների վրա ազդող հիմնական գործոնները: Բայց ԲՀԿ-ին կոալիցիա ներքաշելու նախաձեռնության տապալման պարագայում Հովիկ Աբրահամյանին նշանակելով` նա Գագիկ Ծառուկյանին հասկացնում է, որ հետայսու այլևս ոչ թե իր, այլ հենց իր խնամու հետ կարող է պայմանավորվածությունների գալ, այսինքն` զիջողը ոչ թե ինքն է լինելու, այլ վարչապետը:
Հովիկ Աբրահամյանի նշանակումը փաստացի բարոյական ճնշում էր թե' ԲՀԿ-ի նկատմամբ, որը կառավարության գործունեությունը գնահատելիս պետք է այլևս ընտրություն կատարի Ծառուկյան-Աբրահամյան անձնական հարաբերությունների և քաղաքական հաշվարկների ու ամբիցիոզ նպատակադրումների միջև, թե' Հովիկ Աբրահամյանի նկատմամբ, որին անուղղակիորեն պարտադրվում է սեփական հեղինակությունը և նոր ձևավորվելիք կառավարության նկատմամբ վստահությունը վերականգնելու, այն քաղաքական ապակայունացման հետևանքներից ձերբազատելու համար, ինչ-որ ձևով պայմանավորվածությունների գալով, «սանձել» ԲՀԿ-ին:
Եվ հիմա, ըստ էության, քաղաքական պրոցեսների հետագա ուղղությունը մեծապես պայմանավորված է նրանով, թե ինչ ընտրություն կկատարի ԲՀԿ-ն այս պարագայում, և կկարողանա՞, արդյոք, Հովիկ Աբրահամյանը հասնել ԲՀԿ-ին չեզոքության դաշտ մղելուն: Այս իմաստով նախագահի քայլը, որքան էլ կանխատեսելի, նոր իրողությունների լույսի ներքո դառնում է չափազանց հետաքրքրական: Նախ` եթե Հովիկ Աբրահամյանը տապալվի` որպես վարչապետ, դա ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Աբրահամյանի, նրա քաղաքական հենարանի պարտությունն է լինելու, ինչը Արգամիչի գործոնից ազատվելու նախադրյալներ կստեղծի: Մինչ այդ նա կփորձի վերջինիս ամբողջությամբ կառավարելի դարձնել ` օրակարգում պահելով նրան իշխանության ժառանգորդի հիմնական թեկնածու ճանաչելու հնարավորությունը:
Ամբողջ հարցն այն է, սակայն, որ այս նշանակումը, իշխանական այս ներխոհանոցային խնդիրները հասարակության ակնկալիքների հետ ոչ մի աղերս չունեն: Եթե կա մի հատված, որի շահերը բացարձակապես անտեսված են այս հարաբերություններում ու որոշումներում, դա հասարակությունն է: Համակարգը նշանակել է իր վարչապետին, և այն լուծելու է համակարգի առաջնահերթ շահերի սպասարկումը:
Գևորգ Աղաբաբյան