Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂՀ սոցապահովության նախարարությունում վերահսկիչ պալատի մասնագետների կողմից իրականացված վերահսկողության արդյունքում արձանագրված որոշակի խախտումները ՎՊ նախագահ Արթուր Մոսիյանը երեկ խորհրդի նիստում աշխատանքային է որակել:
Վերահսկողություն իրականացնողների գնահատմամբ՝ ծրագրերն, ընդհանուր առմամբ, իրականացվել են առանց էական խախտումների եւ թերությունների: Որոշակի խախտումներ եւ թերություններ են արձանագրվել ԼՂՀ Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանների բնակիչների օգտագործած էլեկտրաէներգիայի կամ վառելափայտի դիմաց դրամական փոխհատուցման մասով. օրինակ` Շահումյանի շրջանում համայնքի ղեկավարների կողմից ներկայացված վճարման ցուցակներում տեղ էին գտել թվաբանական անճշտություններ, ինչի արդյունքում դրամարկղից ելքագրվել է 78.0 հազար դրամ ավելի: Դա, ըստ զեկուցողի, ենթակա է վերականգնման:
Որոշակի խախտումներ եւ անճշտություններ են հայտնաբերվել արտոնյալ խմբերի քաղաքացիներին ամենամսյա դրամական օգնության, առողջարանային բուժման ուղեգրերի տրամադրման մասով։ ՎՊ-ն նախարարությանն առաջարկում է ամենամսյա դրամական օգնությունները հաշվարկել եւ վճարել ԼՂՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջներին համապատասխան` բացառելով ավել կամ պակաս վճարումները, ընդ որում` միջոցներ ձեռնարկել պակաս վճարված գումարները քաղաքացիներին վճարելու, ինչպես նաեւ արձանագրված խախտումներն ու թերությունները վերացնելու եւ պետական բյուջեին հասցված վնասը վերականգնելու ուղղությամբ:
Նախարարությունը մեկամսյա ժամկետում ԼՂՀ վերահսկիչ պալատին պետք է տրամադրի գրավոր տեղեկատվություն ընթացիկ հաշվետվությունում արձանագրված խախտումների վերացման վերաբերյալ: