Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
12-ամյա Հարություն Ղազարյանը միակ աշակերտն է Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 միջնակարգ դպրոցի 6-րդ Բ դասարանում: Ընդամենը երկու օր առաջ դպրոցի տնօրինությունից զանգել են նրա ծնողներին ու հայտնել, որ Հարությունին պետք է տեղափոխել մեկ այլ դպրոց, քանի որ դասարանը լուծարվել է:
Դեռևս նախորդ տարվա նոյեմբերից լրատվամիջոցներով թմբկահարվեց 12-ամյա այս տղայի և նրա համադասարանցիների ու նրանց ծնողների միջև ծագած կոնֆլիկտի մասին, որը ծագել էր տղայական փոքր միջադեպից: Հարությունն ուսուցչի թույլտվությամբ նստել էր առաջին նստարանին, տղաներից մեկն էլ պահանջել էր, որ վեր կենա` ասելով` «սա մեր ախպոր տեղն է»:
Այս փոքր պատմությունը, ձնագնդի պես գլորվելով, մեծ ձնաթումբ է դարձել: Yerkir.am-ի հետ զրույցում Հարությունի ավագ եղբայրը` Մակար Ղազարյանը, պատմեց, որ դրանից հետո, ծնողների դրդմամբ, երեխաները դասադուլ էին անում` պահանջելով հեռացնել Հարությունին: Սակայն ծնողները ստիպված էին երեխաներին դպրոց ուղարկել, հակառակ դեպքում` իրավական այլ խնդիրներ կունենային: Բայց «պայքարի» այլ տակտիկա են ընտրել` «ձևավորել թղթապանակ ընդդեմ Հարությունի»:
Մ. Ղազարյանի խոսքով` տասնյակ բողոքներ են ուղարկվել ոստիկանություն Հարությունի դեմ, սակայն դրանք բոլորն էլ անհետևանք են մնացել. «Օրինակ` գրել էին, որ ֆիզկուլտուրայի ժամին ֆուտբոլ խաղալիս գնդակով խփել է մեկի ոտքին: Ոստիկանները ծիծաղեցին, փակեցին գործը»: Եղել են դեպքեր, երբ բողոք գրող ծնողը հաջորդ օրը հետ է վերցրել այն:
Իսկ «դասարանի լուծարումը» Մակարը համարում է արհեստականորեն ստեղծված հերթական վիճակը. «Միանգամից` մի քանի ժամվա մեջ, հանկարծ պարզվեց, որ բոլորն իրենց երեխաներին հանում են: Մեզ հարցնում են, թե ի՞նչ եք պատրաստվում անել: Մենք ի՞նչ պիտի անենք, մեզ համար ապրում ենք, երեխան դպրոցական է, պիտի հաճախի դպրոց»:
Ինչ վերաբերում է տնօրինության` երեխային մեկ այլ դպրոց ուղարկելու առաջարկին, Մ. Ղազարյանն ասաց, որ, քանի որ իրենք չունեն լիազորություն` երեխային դպրոցից հեռացնելու, փորձում են թյուր ինֆորմացիոն դաշտ ստեղծել, որ իրենք այլ ճանապարհով գնան:
Քանի որ դպրոցի ղեկավարությունը առանց Երևանի քաղաքապետարանի թույլտվության չի զրուցում լրագրողների հետ, կապվեցինք քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի հետ: Նա հայտնեց, որ ամեն օր` աշխատանքային ժամերին, կարող ենք դպրոց գնալ: Երկրորդ կողմին լսելու համար անպայման կայցելենք նաև դպրոց:
Ի դեպ, նշենք, որ առաջիկայում կներկայացնենք նաև այս պատմությանը բավական նման մեկ այլ պատմություն, որի հերոսը նույնպես սովորում է Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցում:
Ա.Կ.