կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-11 13:50
Առանց Կատեգորիա

Սերժ Սարգսյանը հանձնո՞ւմ է իշխանությունը

Սերժ Սարգսյանը հանձնո՞ւմ է իշխանությունը

Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի երեկվա նիստում Հայաստանի նոր վարչապետի անունն այդպես էլ չհրապարակվեց: Կուսակցության մամլո խոսնակ Էդվարդ Շամազանովը նիստին հաջորդած ճեպազրույցում հյատարարեց, թե դա տեղ կունենա առաջիկա երկուշաբթի օրը:

 

Թե ինչո՞վ է պայմանավորված այս հետաձգումը, որևէ բացատրություն չհնչեց: Մինչդեռ ընդհուպ մինչև ՀՀԿ-ի նիստի վերջին րոպեները տեղեկատվական խայծերն այն մասին, որ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանին նշանակելու որոշում է կայացվել, շարունակում էին հեղեղել համացանցը: Դա վկայում է այն մասին, որ ՀՀԿ նիստում ամենավերջին պահին, ինչ-ինչ հանգամանքներից ելելով, որոշվել է նոր վարչապետի նշանակման հարցում ավելորդ շտապողականություն չդրսևորել:

 

Հատկանշական է, որ հետաձգումը տեղի ունեցավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոտ զուգահեռաբար ընթացող ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի և ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի փակ հանդիպման ֆոնին: ՀՀԿ նիստից հետո Էդվարդ Շարմազանովի հայտարարությունն այն մասին, թե հնարավոր է` նոր վարչապետի թեկնածության և կառավարության ձևավորման շուրջ լրացուցիչ կոնսուլտացիաներ տեղի ունենան, թույլ է տալիս ենթադրելու, որ ՀՀԿ-ն որոշում կայացնելու հարցում «ոտքը կախ է գցել» հիմնականում ոչ իշխանական չորս ուժերի ղեկավարների այս փակ քննարկման պատճառով` սպասելով դրա արդյունքներին:

 

Խնդիրն այն է, որ երեկ սահմանադրորեն պահանջվող խորհրդակցությունների նպատակով Սերժ Սարգսյանի հետ Բաղրամյան 26-ում կայացած հանդիպումից հետո ԲՀԿ փոխնախագահ Վարդան Օսկանյանը հայտարարեց, թե իրենց օրակարգում իշխանական նոր կոալիցիայի մեջ մտնելու հարց դրված չէ: Հայտարարության ենթատեքստում ԲՀԿ-ն, փաստորեն, փորձում է գոնե արտաքուստ հասկացնել, թե իր և կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի համար որևէ նշանակություն չունի, որ վարչապետի պաշտոնում հենց Հովիկ Աբրահամյանի թեկածությունն է առաջադրվել, այսինքն` թե` ԲՀԿ-ն չի ընդունում այդ տարբերակով ՀՀԿ-ի հետ կոմպրոմիսի գնալու փաստացի առաջարկը: Այս դիրքորոշումը Գագիկ Ծառուկյանը փորձեց ամրապնդել քաղաքական կոնկրետ գործողությամբ կամ ժեստով` օպերատիվ կերպով Տեր-Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Ստեփան Դեմիրճյանի հետ հանդիպում կազմակերպելով:

 

Չի բացառվում, որ նախագահ Սերժ Սարգսյանը պարզապես չգիտի` ինչ սպասել Ծառուկյանից, և, հետաձգելով վարչապետի թեկնածության հարցում վերջնական որոշման կայացումը, փորձում է հասկանալ, թե որքանով են լուրջ ընդդիմադիր դաշտում և Ծառուկյանի շուրջ կատարվող գործընթացները:

 

Ավելի ուշ տարածվեց ՀԱԿ-ի, «Ժառանգության» և ԲՀԿ-ի համատեղ հայտարարությունը կայացած հանդիպման վերաբերյալ, որում ընդամենը նշվում էր, թե քննարկվել են «նոր քաղաքական իրավիճակում համատեղ քաղաքական օրակարգի և գործողությունների ծրագրի ձևավորման հարցեր»: Նման ընդհանրական և գրեթե ոչինչ չասող տեքստից կարելի է կատարել երկու հետևություն` կա'մ կողմերին չի հաջողվել մերձեցնել դիրքրոշումները համատեղ ընդհանուր գործողությունների, քաղաքական միասնական օրակարգի ձևավորման հարցում, կա'մ քառյակը, վարչապետի հարցում վերջնական որոշման կայացման հետաձգման ՀՀԿ տակտիկական քայլին ի պատասխան, իր հերթին փորձում է անորոշության համապատասխան ֆոն ստեղծել` այդպիսով Սերժ Սարգսյանին զրկելով մանևրելու և իր մարտավարությունը քառյակի գործողություններից բխեցնելու հնարավորությունից: Եթե իսկապես այդպես է, ապա ստացվում է, որ Սերժ Սարգսյանը և, Տեր-Պետրոսյանի ակտիվ խորհրդատվությամբ, հատկապես Գագիկ Ծառուկյանը մտել են «մուկնուկատու» խաղալու մի շրջափուլ, որտեղ որոշվելու է, թե նրանցից ով է ավելի ճկուն, ավելի խորամանկ և ավելի հեռատես:

 

Անկախ ամեն ինչից` ստեղծված այս իրավիճակը հստակ հիմնավորում է, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը, ինչպես նաև նոր վարչապետի թեկնածության որոշումն ուղղակիորեն պայմանավորված են ոչ իշխանական քառյակի պլանավորված գործողություններով, հատկապես` ապրիլի վերջին ծրագրված եռօրյա հանրահավաքների, «Դեմ եմ» շարժմանը քաղաքական աջակցություն ցուցաբերելու իրողություններով պայմանավորված` սոցիալ-քաղաքական անկանխատեսելի զարգացումներից խուսափելու հրամայականով: Այս իմաստով` Հայաստանում վերջին 6 տարվա կտրվածքով ստեղծվել է աննախադեպ քաղաքական մի իրավիճակ, որտեղ իշխանությունը, կամա, թե ակամա, խոստովանում է իր ձախողվածության, դրանով պայմանավորված քաղաքական զիջումների գնալու պարտադրվածության փաստը, ինչը ոչ միայն զուտ քաղաքական վերադասավորումների, ստեղծված սոցիալ-տնտեսական պայթյունավտանգ իրավիճակից դուրս գալու իրատեսական ծրագիր մշակելու և իրագործելու, այլև նույնիսկ աստիճանական իշխանափոխության հնարավորություն է ստեղծում: Զիջումների պատրաստակամությունը Սարգսյանն անուղղակիորեն հայտնում է ոչ միայն նոր կոալիցիոն կառավարություն ձևավորելու հարցը փաստացի օրակարգում պահելու միջոցով, այլ նաև, ըստ էության, իշխանությունից վերջնականապես հեռանալու` պարզ ու հստակ ուղերձ հղելով թե' քաղաքական դաշտին և թե' հասարակությանն` առհասարակ: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում նրա արած հայտարարությունն այն մասին, որ այլևս երբեք չի առաջադրվելու նախագահի պաշտոնում և խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու քաղաքական որոշման դեպքում չի հավակնելու նաև վարչապետի պաշտոնին, իշխանությունը կամովին թողնելու պատրաստակամության դրսևորում էր, որտեղ հստակ չէր միայն ժամկետների պահը:

 

Փաստորեն, Սերժ Սարգսյանն առաջարկում է գնալ լուրջ զիջումների, եւ պատահական չէր, որ դա արեց հենց երեկ` քաղաքական բևեռներում ընթացող ինտենսիվ պրոցեսներին զուգահեռ: Սա նոր առաջարկ է, որը Հայաստանում ստեղծում է բացարձակապես նոր քաղաքական իրավիճակ: Առանց տատանվելու կարելի է ասել, որ նա հարցը նոր կառավարության ձևավորման հարթությունից արհեստականորեն տեղափոխում է ապագա ամբողջական իշխանության ձևման հարթություն: Մի պրոցես, որտեղ խնդիրը ոչ թե անձամբ Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության, այլ առավելագույնը իշխանության ժառանգորդի և դրա դեմ պայքարի շուրջ է գեներացվելու: Ընդ որում` Սերժ Սարգսյանն այս սենսացիոն, պատմական նշանակության հայտարարությունն արեց նախքան հասկանալի դարձնելը, թե ով է լինելու իր և իշխանության ժառանգորդը, ինչը ոչ միայն ավելի է սրելու քաղաքական պայքարը, այլև հավակնում է զգալիորեն թուլացնել անձամբ իր` Սերժ Սարգսյանի և, ընդհանուր առմամբ, իշխանության դիրքերը: Բանն այն է, որ դա հանգեցնելու է ոչ միայն ընդդիմություն-իշխանություն նոր ավելի սուր առճակատման, այլև հենց իշխանության ներսում ազդեցության համար մղվող ներքին միջխմբային կամ կլանային պայքարի սրման: Եվ գուցե հենց այդ հայտարարության և դրա տակ իշխանության խուճապային տրամադրությունները որսալու ազդեցությամբ են ոչ իշխանական ուժերը, մասնավորապես` ԲՀԿ-ն նախընտրում ոչ թե ընդառաջ գնալ նախագահին, այլ մեծացնել ճնշումը նրա նկատմամբ կամ նրանից հնարավորինս մեծ զիջումներ կորզելու, նույնիսկ` ամբողջական իշխանափոխություն պարտադրելու նպատակով:

 

Ամեն դեպքում, չի բացառվում, որ քաղաքական ուժերի հետ բանակցությունները շարունակելու մասին հայտարարելով` նախագահն իրականում փորձում է դրանց ներքաշել «Ժառանգորդ» օպերացիայի մեջ` թերևս համարելով, որ ստեղծված լրջագույն սոցիալ-տնտեսական ճգնաժամից և քաղաքական անկայունությունից խուսափելու արդյունքում իշխանությունը վերջնականապես չկորցնելու լավագույն տարբերակը դա է: Սակայն դրանում նա առաջին հերթին ՀՀԿ-ին համոզելու խնդիր ունի, որովհետև դժվար է ասել` արդյոք վերջինիս բազմաբևեռ ու ներքին հակասությունների մեջ գտնվող շերտերը պատրա՞ստ են այդքան հանգիստ հանձնել իշխանության թեկուզ մի մասը:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ