կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-04 13:39
Քաղաքական

Հաջորդ ընտրություններում Սերժ Սարգսյանը կկորցնի՞ իշխանությունը

Հաջորդ ընտրություններում Սերժ Սարգսյանը կկորցնի՞ իշխանությունը

Իշխանափոխության տարբերակները բազմազան են, մեկն էլ կարող է լինել ընդվզումը իշխանության դեմ, բայց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի խոսքով` ինքը եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կողմնակից են ավելի ողջամիտ տարբերակներին, այն է`երկրում փոփոխություններ իրականացնել` բոլորը միասին:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Արսենյանը համոզմունք հայտնեց, որ ամենաարդյունավետ ու ամենաարագ փոփոխությունները երկրում կարող է իրականացնել միայն իշխանությունը, քանի որ ունի այդ գործիքներն ու լծակները: «Մենք էլ իշխանությանն անընդհատ ասում ենք` մեր այս փոքր երկրին  ու փոքրաթիվ ժողովրդին անհրաժեշտ են այդ փոփոխությունները, որովհետև ժողովուրդը դժգոհ է իշխանությունների վարած քաղաքականությունից: Ասում ենք` եկեք իրար հետ գտնենք այդ լուծումները: Այլ խնդիր է, թե երբ մեզ կլսեն իշխանությունները` այն ժամանակ, երբ դանակը կհասնի ոսկորի՞ն, թե՞ ռեզինը ինչքան կձգվի»,- ասաց նա:

 

Արսենյանը նշեց, որ Հայաստանը բոլորի երկիրն է` թե' իր զավակների, թե' Գագիկ Ծառուկյանի և թե' Սերժ Սարգսյանի: Եվ քանի որ եղած խնդիրներն այնքան են խորացել, որ թույլ չեն տալիս քաղաքացիներին ապրել բավարարված կյանքով` բարձրացնելով երջանկության գործակիցը, ուրեմն պետք է բոլորը ձեռնամուխ լինեն փոփոխությունների իրականացմանը:

 

Մեր հարցին` իսկ եթե իշխանությունը ձեռնամուխ չլինի այդ փոփոխությունների իրականացմանը, ապա ինչպե՞ս է վարվելու ԲՀԿ-ն, Գուրգեն Արսենյանը պատասխանեց, որ այդ դեպքում հաջորդ ընտրությունների ժամանակ իշխանությունը կփոխվի: Նա նշեց, որ ԲՀԿ-ն ժողովրդավարության կողմնակից է և չի հենվում միայն իր ցանկությունների վրա, այլ նաև ժողովրդի ցանկությունների վրա, որն էլ ընտրությունների միջոցով կձևավորի իշխանություն:

 

Պատգամավորը հիշեցրեց, որ Սահմանադրությամբ Հայաստանում իշխանությունը պատկանում է ոչ թե Սերժ Սարգսյանին կամ Գագիկ Ծառուկյանին, այլ ժողովրդին: «Մենք կողմնակից ենք պրոբլեմների հանգիստ, նորմալ լուծմանը, մենք չենք պատրաստվում գնալ, ասենք` «հայերը` հայերի դեմ» փողոցային մենամարտի ճանապարհով: Մեզ ձեռք չի տալիս, մենք քիչ ենք»,- ասաց Գուրգեն Արսենյանը: