կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-07 13:41
Քաղաքական

Նոր վարչապետը կլինի նույն «փամփշտատուփից». քաղաքագետ

Նոր վարչապետը կլինի նույն «փամփշտատուփից». քաղաքագետ

Այն, որ կառավարությունը պաշտոնավարեց բավականաչափ երկար, եւ սա այն կառավարությունը չէր, որ պետք է պաշտոնավարեր մինչեւ 2018 թվականը, հասկանալի էր բոլորին. լրագրողներին այսօր ասաց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

 

Ըստ քաղաքագետի` կառավարություններն այդքան երկար, սովորաբար, չեն պաշտոնավարում, եւ կառավարություն զոհաբերելը նորմալ քաղաքական տեխնոլոգիա է:

 

«Այն հակասությունները, որ կան ՀՀԿ-ի ներսում, բավականաչափ ուժեղ են եւ ուժեղանալու էին ընտրական փուլերում` ՀՀԿ-ի լիակատար հաղթանակից հետո: Որ կատարվում է  համակարգի որոշակի ձեւափոխում, ընդհանուր առմամբ` որ այս փոփոխությունը կլինի, ոչ ոք չէր կասկածում: Իհարկե, կոնկրետ ժամկետը հանրապետությունում, հավանաբար, գիտեին միայն մեկ կամ 3-4 հոգի, բայց դա որոշում է, որ ընդունել է 1 անձ»,- նշեց նա:

 

Քաղաքագետն ասաց, որ իր կողմից ճիշտ չէր լինի նոր վարչապետի հավանական անուն նշելը, քանի որ ինքը քաղաքագետ է, այլ ոչ թե սուրճի բաժակով գուշակություններ անող, առավել եւս, ըստ նրա, ոչ ոք անուն չգիտի:

 

Իսկ այն  բոլոր անունները, որ շրջանառվում են, կա'մ հնարավոր տարբերակների ներմուծում է հանրային քննարկման տիրույթ, կա'մ չիմացության արդյունք, կա'մ կանխամտածված քայլ' հասարակության ռեակցիան ստուգելու համար:

 

«Ես համոզված եմ, որ նոր վարչապետը կլինի իշխանական թիմից, որովհետեւ պատճառ չեմ տեսնում, որպեսզի Սերժ Սարգսյանը ընդդիմության հանդեպ զիջումների գնա, քանի որ ընդդիմությունը բացարձակապաես թուլացած է եւ այդպիսի որոշումների ընդունման վրա չի կարող ազդեցություն ունենալ: Ես չեմ տեսնում պատճառ, թե ինչու պետք է լինի մարդ դրսից, բայց դա մեկ անձի որոշելու հարց է, եւ ոչ ոք չգիտի, թե ով այն կլինի: Դա չի նշանակում, որ նոր վարչապետը չի լինի այն անուններից մեկը, որ շրջանառվում են, որովհետեւ նրանք բոլորը նույն «փամփշտատուփից» են»,- նշեց Ա. Իսկանդարյանը` կարծիք հայտնելով, որ նոր վարչապետի անունը շուտով կիմանանք:

 

Նոր վարչապետի նշանակմամբ, նշեց նա, իհարկե, Հայաստանում քաղաքական, առավել եւս` տնտեսական քաղաքականության կուրսի կամ կառավարման համակարգի  փոփոխություն չի լինի, եւ այն մարդը, ով կլինի վարչապետ, կլինի իշխանական դաշտից, եւ պետք չէ ակնկալել, թե ինչ-որ հեղափոխություն կլինի: Կառավարությունում կլինեն նոր մարդիկ, նշեց քաղաքագետը, ովքեր տարբեր ոճեր ունեն, բայց ընդհանուր քաղաքական գիծը կպահպանվի:

 

Ալեքսանդր Իսկանդարյանը մշեց, թե այն հարցերը, որոնք ծառացած էին Հայաստանի առջեւ, մնում են: Հայաստանի թիվ մեկ խնդիրը, որը պետք է լուծի նոր վարչապետը,  ներդրումային քաղցն է, իսկ երկար ու էժան փողերը ժամանակակից աշխարհի ամենամեծ խնդիրներից են, եւ այս խնդիրը պետք է լուծի հաջորդ վարչապետը:

 

Երկրորդ խնդիրը, քաղաքագետի դիտարկմամբ,  ՄՄ-ի շուրջ ընթացող գործընթացներն են, որտեղ Հայաստանը փորձում է մի շարք ապրանքատեսակների գծով բացառություններ ստանալ, ու այդ պրոցեսը պետք է նորմալ իրականացնել:

 

Երրորդը խնդիրը Արևմուտքի և Արևելքի միջեւ Հայաստանի դիրքավորումն է: Ճիշտ է, դա անում է քաղաքական ղեկավարությունը' նախագահն ու ԱԳՆ-ն, բայց քանի որ այն նաեւ կապ ունի տնտեսական դիրքավորման հետ, ապա` նաեւ վարչապետը:

 

Չորրորդը կոռուպցիայի դեմ պայքարի շարունակությունն է, կառավարումը, մենեջմենթը բարելավելու փորձը:

 

Եվ, վերջապես, ամենադժվար ու անշնորհակալ գործը' դեմոնոպոլիզացիայի ոլորտում աշխատանքները: «Մեզ մոտ ընդունված է այն կոչել օլիգարխների կամ օլիգարխիայի դեմ պայքար, իսկ օլիգարխների դեմ հնարավոր չէ պայքարել»,- նշեց Ալ. Իսկանդարյանը: