կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-01 14:55
Քաղաքական

Նախիջևանը հայաթափվեց այդ նույն «խաղաղության» շրջանակներում. քաղաքագետ

Նախիջևանը հայաթափվեց այդ նույն «խաղաղության» շրջանակներում. քաղաքագետ

Հայաստանում կատարվող վերջին իրադարձությունների, Սոչիում կայացած հանդիպման ժամանակ չքննարկված հարցերի և հնարավոր «խաղաղության դարաշրջանի» բացման մասին Yerkir.am-ը զրուցել է քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ։

 

-Պարո՛ն Պողոսյան, ներկայիս իշխանություններն Արցախի մեծ մասի կորստից հետո փորձում են ամեն կերպ հասարակությանը նախապատրաստել, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի կնքմանը։ Հետաքրքիր է՝ արդյո՞ք Ադրբեջանի հետ «խաղաղության դարաշրջան» բացող իշխանությունները հարց տվել են՝ Ադրբեջանն ուզո՞ւմ է այդ խաղաղությունը:

-Իհարկե, չեն տվել, եթե տային, ապա չէր առաջանա այնպիսի հարց, թե՝ ցանկանում ենք Ադրբեջանին հարցնել` իրենց նպատակը ո՞րն է. ուզում են ցեղասպանե՞լ հայերին, թե՞ ոչ։ Այս մոտեցումը միայն կարելի է ցինիզմով մեկնաբանել։ Ձեր թշնամին երբևէ հետ կկանգնի՞  իր նպատակներից։ Նպատակների մասին եզրակացությունը կազմում ենք ոչ թե խոսքի, այլ գործողությունների վրա։

Ուղղակի պետք է գիտակցենք՝ Ադրբեջանում փոփոխություններ չեն եղել, Թուրքիայում էլ`վերջին 5 տարիներին, այդ ո՞նց է ստացվում, որ 2018-19 թվականների «կոնստրուկտիվ» ղեկավարը զենքով սկսեց կրակել։ Դա չի սկսվել սեպտեմբերի 27-ին, չգիտես՝ ինչու, բոլորս մոռանում ենք, որ ընդամենը դրանից երկու ամիս առաջ տավուշյան դեպքերն էին։ Բայց այդ ժամանակ մենք ունեինք հաղթանակած բանակ․ փաստորեն,  նախկինների կողմից բանակը չէր թալանվել, իսկ հետո օգոստոս-սեպտեմբեր ամիսներին՝ մինչև 27-ը, թալանվեց ամեն ինչ, և ունեցանք պարտություններ։

Գիտեք`մեզ թվում է, որ մենք ենք ինչ-որ ձևով ներազդելու Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականության վրա։ Այդ քաղաքականությունը նոր չի ձևավորվել. 1000 տարի առաջ, երբ թուրքերը ներխուժեցին տարածաշրջան, այդ ժամանակից սկսած, Հայաստանը փոքրանում և փոքրանում է։ Թուրքիան և Ադրբեջանը առաջնորդվելու են իրենց սեփական մոտեցումներով։ Միակ լեզուն, որը թշնամին գիտի, ուժի լեզուն է։ Մենք այդ ուժը կարողացանք միասնական ցուցադրել 1994 թ., երբ Ադրբեջանը գնաց և Արցախի հետ նստեց բանակցությունների սեղանի շուրջը`ստորագրելով զինադադար։

-Վերջին շրջանում Էրդողանը մեծ պլաններ ունի այս տարածաշրջանի և, հատկապես, Հայաստանի հետ կապված։ Մտավախություն չկա՞, որ սիրիական սցենարը չի կրկնվի այստեղ, և թուրքական զորքերը չեն ներխուժի  Սյունիք։

-Էրդողանի պլանը մեկն է`Հայաստանի չլինելը։ Հասկանալի է, որ Զանգեզուրի միջանցքը նրանց միշտ է հետաքրքրել, ու հիմա ենք դիտարկում Մոնթեի խոսքերը՝  եթե չլինի Արցախը, մենք կշրջենք հայոց պետականության վերջին էջը: Հասկանալի է, որ եթե Արցախը վերցրին, հաջորդը Սյունիքն է, իսկ դրանից հետո Հայաստան լինել չի կարող։ Երեկ էլ տեսանք, որ Էրդողանը դարձյալ կրկնեց՝ «Զանգեզուրի միջանցքը»  իրենց նպատակն է, և իրենք դա անպայման, ինչ գնով էլ լինի, պետք է վերցնեն։

Այնպես որ՝ նրանք իրենց ծրագրերը իրագործելու համար քայլերի են դիմում։ Եթե Հայաստանը ուժեղ լինի, ծրագրերը կխափանի, իսկ եթե՝ ոչ, ապա ո՛չ պանթուրքիզմի, ո՛չ Թուրքիայի հայատյացության, ցեղասպանության քաղաքականության շարունակությանը  չենք կարող դիմագրավել։ Թուրքիան կամ Ադրբեջանը ցանկացած դեպքում, երբ հասկանան, որ կարող են մինչև վերջ լուծել այդ խնդիրը, գնալու են այդ խնդրի հետևից։

-Փաստորեն, եռակողմ հանդիպումից պարզ դարձավ, որ կողմերը դե ֆակտո հաստատում են՝  Արցախի կարգավիճակի հարցը փակված է, քանի որ ոչ մի խոսք չկար Արցախի մասին, թե ինչպիսի՞ն  է լինելու Արցախի ապագան։

-Տեսեք` ամբողջ խնդիրը մեր մեջ է՝  արդյո՞ք Հայաստանի իշխանությունները կխոսեն մեր շահերից։ Գործող իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախի հարցից։ Այլ պարագայում չմոռանանք, որ կա ՀՀ օրենք, ըստ որի՝ արգելվում է Հայաստանի որևէ պաշտոնյայի ստորագրություն մի փաստաթղթում, որտեղ Արցախի խնդիրը՝ ինքնորոշման իրավունքը, ամրագրված չլինի։ Եթե այդպես է եղել, այն դառնում է անօրինական, եթե, իհարկե, մենք  իրավական պետություն լինեինք, բայց, ցավոք, շատ ենք հեռու ենք դրանից։

-Խոսվում է սահմանազատման եւ սահմանագծման անհրաժեշտության մասին, բայց ի՞նչ սկզբունքով եւ տրամաբանությամբ, ոչ մի խոսք։ Հաշվի առնելով մինչ օրս տեղի ունեցող իրադարձությունների ընթացքը՝ դժվար չէ գուշակել, որ իրադարձությունները նույնպես զարգանալու են ոչ ի շահ Հայաստանի:

-Ցավոք, պարտված իշխանությունները չեն կարողանալու որևէ բանակցային  սեղանի շուրջը Հայաստանի շահն առաջ տանել։ Բանակցողի փոփոխության անհրաժեշտություն կա, և դա պետք է ցանկացածը գիտակցի, և առաջինը հենց իրենք`բանակցողները։ Այս պարագայում մենք միշտ պարտված ենք լինելու։ Նույնիսկ մինչ Սոչի գնալն էինք այդ մասին խոսում, որ մենք պետք է հասկանանք՝  այո, Ադրբեջանն իր շահերի հետևից է քայլ առ քայլ գնում`ցանկանալով հայաթափել Արցախը, ճնշումներ գործադրել (դա կլինի նաև ուժի ցուցադրությամբ), կտրել  Սյունիքը Հայաստանից։ Որքան կստացվի, կստացվի, իսկ հետո կհասնի մի կետի, որ, այսպես ասած, «խաղաղության դարաշրջանում» ավելի արագ կկորցնենք շատ հայկական տարածքներ, քան երբ ունեինք առճակատումներ։ Օրինակ` նույն Նախիջևանը հայաթափվեց «խաղաղության» շրջանակներում։

-Ներկայի իշխանությունների վարած քաղաքականությունն արդյո՞ք սպառնալիք չէ Հայաստանի ինքնիշխանությանը, երբ ակնհայտ երևում է, որ Էրդողանը նպատակ ունի, ի հաշիվ Հայաստանի տարածքների, միավորել  թուրքական աշխարհը։

-Բնական է, բայց հարց է, թե հիմա պանթյուրքիստական աշխարհի ո՞ր մասը կմիավորի, ինչպիսի՞ քայլեր կկատարի։ Այդ իմաստով Թուրքիան, ինչպես այդ նպատակները ունեցել է նախկինում, այդպես էլ շարունակում է։ Մենք պետք է գիտակցենք մեր ճակատագիրը և պատրաստ լինենք այդ ճակատագրով ապրելուն՝ կա՛մ կլինենք, կա՛մ կձուլվենք։ Հստակ չեմ կարող ասել`ինչ սցենարներ կլինեն, բայց ինքներս մեզ հարց տվե՞լ ենք՝ որքա՞ն է եղել մեր ինքնիշխանությունը մինչև 2018 թ. և որքա՞ն է եղել 2018 թ. մինչ 2020 թ. սեպտեմբերի 27-ը, իսկ որքա՞ն է այդ իշխանությունը մնացել դրանից հետո։

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը եթե մինչև վերջ կարդում ենք, էլ այդտեղ ինքնիշխանության մասին խոսք անգամ չկա։ Ինքնիշխանությունն այն էր, երբ ցանկացած հայ հանգիստ կարող էր գնալ Արցախ։ Մենք ինքնիշխանության խնդիր ենք ունեցել, երբ որոշում էինք անդամակցել տարբեր կազմակերպությունների։ Երբ ինքնիշխանություն ենք ասում, ապա պետք է հստակ պատկերացնենք՝ ո՞րն է, որ բխում է մեր շահերից, որտե՞ղ մենք կարող ենք ավելի երկար ճանապարհ ունենալ ՀՀ-ի համար։ Հիմա, երբ ամբողջ Սյունիքի անվտանգությունը ապահովում է մեր ռազմավարական դաշնակիցը, էլ ի՞նչ ինքնիշխանության մասին է խոսքը։ Երբ մեզ ստիպում են երթևեկել ոչ թե այն ճանապարհներով, որ մենք ունենք, այլ այլընտրանքային (ամեն օր արագ-արագ ճանապարհ են կառուցում), ապա դա արդյո՞ք ինքնիշխանություն է։ Միայն նախարար նշանակելուց ես եմ որոշում՝ դա՞ է ինքնիշխանությունը։

-Ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում Բրյուսելում կայանալիք հանդիպումից հետո, արդյո՞ք Փաշինյանը կբարձրացնի Արցախի հարցի կարգավորման և Արցախի ժողովրդի իրավունքի իրացման հարցը։

- Բրյուսելում կայանալիք հանդիպումից որևէ ակնկալիք չպետք է ունենալ։ Այս իշխանություններն ամեն օր իրենց վարքագծով են ապացուցում, որ իրենք փակել են Արցախի հարցը։ Մինչև Սոչիի հանդիպումը`օրեր առաջ, Փաշինյանը մամուլի  ասուլիսում Արցախի հարցի կարգավորման մասին ասում է՝ արդյո՞ք դա մեզ պետք է, դա մեզ ի՞նչ է տալու։

                                                                          

                                                                                         Լենա Կարապետյան