Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անցած ուրբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի նախաձեռնությամբ ներկայացված` Ղրիմի հանրաքվեն անօրինական ճանաչելու վերաբերյալ բանաձևին Հայաստանի` «դեմ» քվեարկելուց հետո հայ-ուկրաինական հարաբերությունները մտել են անորոշության փուլ: Դեռևս մարտի 21-ին, այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում Ղրիմի հանրաքվեն որակեց որպես ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ևս մեկ փաստ, պաշտոնական Կիևը հետ կանչեց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային` կոնսուլտացիաների համար: Դրանից հետո` ՄԱԿ-ում վերոնշյալ բանաձևի քննարկման նախօրեին, Հայաստանում Ուկրաինայի դեսպանության խորհրդական Իգոր Ռոմանը հայտարարել էր, թե Կիևը չի պատրաստվում դիմել դեմարշի և իջեցնել Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը, իսկ դեսպանն անպայման կվերադառնա Երևան` անկախ նրանից, թե Հայաստանը ՄԱԿ-ում ինչպես կքվեարկի իրենց բանաձևին: Ռոմանը, այնուամենայնիվ, հավելել էր, որ, չնայած դրան, Ուկրաինան ուշադրություն կդարձնի այդ քվեարկությանը` Հայաստանի հետ հարաբերություններում ճշգրտումներ կատարելու համար:
Առայժմ պարզ չէ` դեռևս որքա՞ն ժամանակ դեսպանը Երևան չի վերադառնա: Շատ հնարավոր է, որ Կիևն այս ընթացքում փորձում է հստակեցնել Հայաստանի նկատմամբ իր քաղաքականության նոր ուղենիշերը, որոնց որոշակի վերափոխումներն այլևս կասկած չեն հարուցում: Ուկրաինան Հայաստանի համար կարևոր երկիր է, հատկապես` առևտրատնտեսական հարաբերությունների տեսանկյունից: 2013թ. տվյալներով` այդ երկրի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 240 մլն դոլար, որը կազմում է Հայաստանի ընդհանուր արտաքին ապրանքաշրջանառության 4 տոկոսը: Դրա միայն 30 տոկոսն է բաժին հասնում Ուկրաինա արտահանումներին, ինչը նշանակում է, որ Հայաստանն ավելի շատ սպառման շուկա է ուկրաինական ապրանքատեսակների համար: Դժվար է պատկերացնել, որ ռուսական հսկայական շուկա մուտք ունենալու հարցում լուրջ խոչընդոտների բախվելու ներկայիս իրողություններում տնտեսության լրջագույն ճգնաժամ ապրող Ուկրաինան քաղաքական դրդապատճառներով կարող է վերանայել տնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ: Եթե դրանք տուժեն, ապա ոչ թե Ղրիմի հարցում Հայաստանի և Ուկրաինայի դիրքորոշումների հակադրության, այլ Հայաստանի` Մաքսային միությանը և Ուկրաինայի` ԵՄ-ի ազատ առևտրի տնտեսական գոտուն միանալու պատճառով:
Ինչ վերաբերում է քաղաքական և դիվանագիտական հարաբերություններին, ապա դրանք երբեք բարեկամական չեն եղել: Ուկրաինան 2000-ականների սկզբից մաս է կազմել բնույթով հակահայկական ՎՈՒԱՄ կազմկերպությանը, որն անցած մեկուկես տասնամյակում ՄԱԿ-ում բազմիցս հանդես է եկել այնպիսի բանաձևերով, որոնք ոչ միայն համահարթեցնում էին Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները, այլեւ ուղղված էին դրանք բացառապես կազմակերպության մաս հանդիսացող, համապատասխանաբա,ր Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի շրջանակում լուծելուն: 2008թ. Ուկրաինան կողմ քվեարկեց Ադրբեջանի ներկայացրած` «Իրավիճակը գրավյալ տարածքներում» բանաձևին, որն ամբողջությամբ հակահայկական էր: Ընդ որում` Ուկրաինան այդ ամենն անում էր` դեռևս անգամ մտապատկերում չունենալով Ղրիմի խնդիրը: Սակայն այդ բոլոր` ոչ բարեկամական ժեստերին Հայաստանն անցած ողջ ժամանակահատվածում ո'չ քաղաքական, ո'չ դիվանագիտական մեթոդներով երբեք չի արձագանքել, որևէ նշանով Կիևին չի ցույց տվել իր դժգոհությունը, ինչը հիմա, փաստորեն, աշխատում է հենց իր` Հայաստանի դեմ: Եթե Կիևի այդ բոլոր գործողությունները ժամանակին համարժեք արձագանքի արժանանային, ապա գուցե հիմա Ուկրաինայի իշխանությունները կհասկանային, որ Ղրիմի հարցում Երևանի նման դիրքրոշումը, անկախ ռուսական գործոնի առկայությունից, ունի լրիվ օբյեկտիվ հիմքեր, և որ դա հենց իրենց վարած քաղաքականության հետևանքն է:
Այն, ինչ ժամանակին չէր արել Երևանը, հիմա անում է Ուկրաինան: Կիևը հիանալի դաս է տալիս Հայաստանի իշխանություններին, թե ինչպես կարելի է դիվանագիտական եղանակներով պաշտպանել սեփական պետական շահերը և ստիպել մյուսներին` հաշվի նստել դրանց հետ` անմեղսունակ անդիմության ճանապարհն ընտրելու փոխարեն: Անգամ այս իրավիճակում Հայաստանը փոխանակ Կիևին բացատրելու, որ ոչինչ քաղաքականության մեջ անհետևանք չի մնում, շարունակում է արդարանալու քաղաքականությունը` ուղղակի բացահայտելով, որ Ղրիմի հարցում նման դիրքորոշումը ոչ թե պայմանավորված է ԼՂ հարցում ունեցած սկզբունքային մոտեցմամբ, այլ ռուսական ճնշումներին հակառակվելու անկարողությամբ: ՀՀ նախագահը, ի պատասխան Ղրիմի հանրաքվեի հարցում Երևանի մոտեցման պատճառով կինոռեժիսոր Ելենա Ֆետիսովայի` Հայաստանից ստանալիք մրցանակից հրաժարվելուն, հայտարարում է, թե ուկրաինացիները մեր եղբայրներն են, իսկ եղածը միայն ժամանակի ընթացքում ի հայտ եկող տարընկալումների հետևանքներ են, որոնք ժամանակի հետ էլ վերանում են: Սակայն նախ` եղբայրությունը երբեք միակողմանի չի լինում, և, առհասարակ, եղբայրություն չի լինում, եթե այդ եղբայրը քո քայլերի ու որոշումների պատճառների մեջ խորանալ չի ցանկանում: Երկրորդ` եղբայրությունը քաղաքականության կատեգորիա չէ: Ուկրաինան սովորական մեծ երկիր է, որի հետ պարզապես պետք է աշխատել, ինչպես աշխարհի բոլոր մյուս երկրների հետ: Իսկ այդ աշխատանքը հիմա առավել քան անհրաժեշտ է` թե' նորմալ քաղաքական, դիվանագիտական և մշակութային հարաբերությունների զարգացման համար և թե', առավել ևս, երկկողմ ցավոտ հարցերում հնարավորության դեպքում փոխըմբռնելի և փոխզիջումային համաձայնություններ ձեռք բերելու, իսկ նման հնարավորության բացակայության դեպքում` գոնե զսպվածություն և հավասարակշռված մոտեցում ցուցաբերելու նպատակով: Ստեղծված իրավիճակը լավագույն հնարավորությունն է Ուկրաինայի հետ կոնֆրոնտացիայի գնալու փոխարեն ինտենսիվ դիվանագիտական աշխատանքներ տանելու համար: Բայց դրա համար նախ անհրաժեշտ է հարգել տալ քեզ, ինչը Ուկրաինայի հետ հարաբերություններում Հայաստանի կողմից բացարձակապես զգալի չէ: Հենց դրա հետևանքն է, որ Հայաստանում Ուկրաինայի դեսպանության շարքային աշխատակիցն իրեն իրավունք է վերապահում խորհուրդ տալ Հայաստանին` ձեռնպահ քվեարկել ՄԱԿ-ում իրենց բանաձևին` հաշվի առնելով Ուկրաինայում հայկական համայնքի առկայությունը: Կիևը, փաստորեն, հիանալի յուրացրել է Հայաստանի հետ շանտաժային լեզվով խոսելու` Թուրքիայի և Ռուսաստանի գործելաոճն ու տոնը, և այդ իրավունքը նրան տվել է ոչ այլ ոք, քան հենց Երևանը:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ