Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հերթական անգամ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերությունները տանում է վայրի` «արջային» քաղաքական ուղեգծով:
Բավական չէր, որ, որպես դիվանագիտական գործիք գազի լծակը կիրառելով, փորձեց հայկական կողմին «հուշել», թե որ կողմն արժե նայել` Եվրոպայի՞, թե՞ Մաքսային միության, հիմա քննարկվում է «Հայռուսգազարդում» Հայաստանի ունեցած 20 տոկոս բաժնեմասը խլելու թեման:
Սա էլ քիչ էր, ռազմավարական դաշնակիցը մեր հակառակորդին է զինում: Հերթական անգամ հենց ռուսական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, որ ռուսական կողմը Ադրբեջանին է վաճառում զենքի ու նորագույն սպառազինությունների նոր խմբաքանակ` 1 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ:
Հետաքրքիր է դիտարկել, թե մեր ռազմավարական դաշնակիցներն ինչպիսի զենքեր են վաճառում մեր հակառակորդին` T90c տանկեր` 94 հատ, մոտ 100 հատ նորագույն` ՀՄՄ3, 18 միավոր «Мста-С» տեսակի ինքնագնաց հրետանային համալիր, համազարկային կրակի հրթիռարձակ 18 միավոր «Смерч» տեսակի համակարգ, այդքան էլ «Вена» տեսակի ինքնագնաց հրետանային համալիրներ, ТОС-1А «Солнцепек» տեսակի 6 ծանր կրականետ համակարգեր եւ այս ամբողջ սպառազինությունը սպասարկելու համար անհրաժեշտ մյուս բոլոր համակարգերը: Ընդ որում` T90c տանկերը Ադրբեջանին են տրամադրվում ամբողջական համալրմամբ:
Այս ամբողջ սպառազինությունը շատ լուրջ սպառնալիք է Հայաստանի ու Արցախի անվտանգությանը: Հիշենք նաեւ, որ սրանից առաջ Ռուսաստանը Ադրբեջանին էր վաճառել 2 նորագույն С-300ПМУ-2 տեսակի ՀՕՊ համակարգեր, որոնք այս պահի դրությամբ աշխարհում հավասարը չունեն, մի քանի «Тор-2МЭ» տեսակի զենիթահրթիռային համակարգեր, 60 ռազմա-տրանսպորտային Ми-17 և Ми-24, ինչպես նաեւ հարվածային Ми-35М տեսակի ուղղաթիռներ, զինամթերք եւ այլն:
Ի՞նչ է ստացվում` Հայաստանում, երբ քննարկվում էր ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետը երկարաձգելու հարցը, բոլոր «բարձրաստիճանները» միաբերան վանկարկում էին, թե դրանով ամրապնդվում է Հայաստանի անվտանգությունը և մեզ ազգային անվտանգության լրացուցիչ երաշխիքներ են տրվում:
Այդ նույն ժամանակ Ադրբեջանը «նեղել էր» Ռուսաստանին` Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը նրան ոչ խելամիտ թվերով վարձակալության տալու պայմաններով: Ու հիմա, պարզվում է, ավելի ճիշտ դիրքորոշում ունեին ադրբեջանցիները: Ռուսները, կարծես, բարեկամություն, ռազմավարական դաշնակից, գործընկերություն ասվածն այնքան լավ չեն հասկանում, բայց ատամ կրճտացնելով խոսելաձեւը` այո:
Յուրաքանչյուր իրեն հարգող երկիր սեփական ռազմավարական դաշնակցի առջեւ իր հակառակորդին այդ քանակությամբ նորագույն սպառազինություն վաճառելու համար ուղղակի հստակ պայման կդներ` կա’մ սկսում ես իրական ռազմավարական գործընկերություն զարգացնել, կա’մ` քեզ հաջողություն: Հայտնի բան է` մեր թշնամու թշնամին մեր բարեկամն է, մեր թշնամու բարեկամը մեր թշնամին է:
Բայց Հայաստանում ո՞վ պետք է ռուսների հետ խոսի նրանց հասկանալի լեզվով, եթե մեկը զբաղված է իր հանքերով, մյուսը` կազինոներով, մեկ ուրիշը` ընտրություններում ծախսված գումարների վերադարձով, մեկը` Եվրոպայում ձեռքսեղմումների բուռն արշավով... Վերջիվերջո, նրանք չեն էլ կարող ինչ-որ բան անել. դրա համար շնորհք է հարկավոր:
Բայց մի տարբերակ էլ կա, օրինակ` հասարակությունն ուղղակի պետք է պահանջի Հայաստանից ռուսական ռազմակայանների դուրսբերում: Աշխարհի բոլոր փորձագետներին է հայտնի` եթե այս պահին Ռուսաստանը Հայաստանում կորցնի իր ռազմական հենակետերը` բազաները, կթուլանան նրա դիրքերը ոչ միայն բուն Հայաստանում, այլեւ Հարավային Կովկասում, մեր տարածաշրջանին հարող տարածաշրջանում, Մերձավոր Արեւելքում: Իսկ դրանից հետո, ըստ հենց նույն ռուս վերլուծաբանների կանխատեսումների, կթուլանան Ռուսաստանի դիրքերը բուն ՌԴ տարածքում` Հյուսիսային Կովկասում: Թե դա ինչ կնշանակի, թող մտածեն ռուսները, նաեւ հասկանան, որ չի կարելի ռազմավարական գործընկերոջ անվտանգությանը սպառնացող քայլեր անել, առավել եւս` զենք մատակարարել նրա հակառակորդին, որն ամեն օր պատերազմով է սպառնում դաշնակցին: Մի քիչ էլ պատվի հարց է:
Գեւորգ ԱՎՉՅԱՆ
«Հարթակ» բաժնում հրապարակումները կարող են չհամապատասխանել yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: