Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր աշխատանքային խորհրդակցություն անցկացվեց` եղանակային կտրուկ փոփոխությունների հետեւանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակի հետ կապված:
Մասնակցում էին ՀՀ արտակարգ իրավիճակների, էներգետիկայի եւ բնական պաշարների, տրանսպորտի եւ կապի, տարածքային կառավարման նախարարությունների, Ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Արարատի, Արմավիրի, Կոտայքի եւ Արագածոտնի մարզպետները:
Պատասխանատուները զեկուցեցին հանրապետությունում օպերատիվ իրավիճակի, ճանապարհների մաքրման, էներգամատակարարման վերականգնման ուղղությամբ կատարված եւ կատարվող աշխատանքների մասին: Նշվեց, որ մարտի 30-ի առավոտյան հանրապետությունում հոսանքազրկված էր 230 բնակավայր, որոնց հիմնական մասում էներգամատակարարումը վերականգնվել է: Մարտի 31-ի առավոտյան` ժամը 09.00-ի դրությամբ, հոսանքազրկված է մնում 17 բնակավայր` 6370 բաժանորդով:
Աշխատանքներ են տարվում օրվա ընթացքում նշված բնակավայրերում եւս էներգամատակարարումը վերականգնելու ուղղությամբ: Տեղեկացվեց, որ արտակարգ իրավիճակների նախարարության ծառայությունները իրականացրել են մեքենաների դուրս բերման, քարաթափումների հեռացման աշխատանքներ: Տրանսպորտի եւ կապի նախարարության Ճանապարհաշինական վարչությունը շարունակում է հանրապետության ճանապարհների մաքրումը: Ներկայումս փակ են Վարդենյաց լեռնանցքը եւ Բերդ - Ճամբարակ ճանապարհահատվածը, ինչպես նաեւ մի շարք միջհամայնքային ճանապարհներ, կան նաեւ դժվարանցանելի ճանապարhահատվածներ:
Տեղումները ներկայումս շարունակվում են հանրապետության հարավային մասում, որոնք օրվա երկրորդ կեսին կդադարեն: Արտակարգ իրավիճակների եւ տրանսպորտի եւ կապի նախարարությունները պարբերաբար տեղեկություններ կհաղորդեն ճանապարհների իրավիճակի վերաբերյալ:
Փոխվարչապետը հանձնարարեց արագացնել հակակարկտային կայանքների տեղադրման աշխատանքները Արարատի, Արագածոտնի եւ Լոռու մարզերում: Մարզպետներին հանձնարարվեց սեղմ ժամկետներում մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման հինգերորդ հրատապ ծրագրում փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել կառավարություն, ինչպես նաեւ ուշադրության կենտրոնում պահել մարզերում առողջապահական եւ կրթական հաստատությունների բնականոն գործունեության ապահովման հարցը: Առաջիկայում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների հետ կքննարկվեն ոլորտում ստեղծված իրավիճակն ու առաջիկա անելիքները: