|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Քիչ առաջ մեկնարկեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախաձեռնած` ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովը: Այս համաժողովը, զուտ տնտեսական թեմաներով հետաքրքիր լինելուց զատ, նաեւ ուշագրավ է այն առումով, որ ՀՀԿ-ն նախընտրել է լրագրողներին մեկուսացնելու ձեւաչափը, որը բնորոշ չէ համաժողովներին: Այսինքն' լրագրողներին հատկացրել են աշխատասենյակ, որտեղ նրանք միայն էկրաններից կարող են հետեւել, թե ինչ է կատարվում համաժողովի դահլիճում:
Հիշեցնենք, որ նման ձեւաչափով ՀՀԿ-ն իր համագումարներն է անցկացնում, այն էլ, հավանաբար, պայմանավորված Սերժ Սարգսյանի գործոնով, որ լրագրողներից որեւէ մեկը հանկարծ չհամարձակվի նրան մոտենալ, առավել եւս` հարց տալ: Իսկ համաժողովը «սվոյներով» անելու միտքը, հավանաբար, ծագել է` ոչ վաղ անցյալի «դառը փորձը» հաշվի առնելով:
Հիշում եք` երբ կառավարության նախաձեռնած բնապահպանական համաժողովի ժամանակ բնապահպան ակտիվիստներն ու բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչները ներխուժեցին համաժողովի դահլիճ, ինչի արդյունքում բավականին սկանդալային իրավիճակում հայտնվեցին ՀՀԿ-ական նախարարները, հատկապես' բնապահպանության նախարարը: Այդպիսի մի ուշագրավ միջադեպ էլ գրանցվել էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի քննարկման համար հրավիրված խորհրդաժողովի ժամանակ:
Ուստի ՀՀԿ-ն այս անգամ նախազգուշական միջոցառումներ է ձեռնարկել` համաժողովի ներկայացուցիչներին «հուսալիորեն» մեկուսացնելով ակտիվիստներից, լրագրողներից ու նրանց անցանկալի հարցերից...