Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խիստ քննադատության ենթարկեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, երբ քննարկվում էր «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը:
«Երիտասարդ, բայց, ինչպես ինքը իր քաղաքական կարիերայի սկզբում արտահայտվել էր, վաղ տարիքում քաղաքական կուսությունը կորցրած նախարարը, ի դեպ, պարո'ն ԱԺ նախագահ, խնդրում եմ ինձ կոչ չանեք կոռեկտության, որովհետև ես ընդամենը հիշեցրեցի իր իսկ հրապարակային արտահայտությունները, ուրեմն` այդ նախարարը մի ամբողջ օր փորձում էր առաջարկված նախագծերը ներկայացնել որպես բարեփոխում կրթության ոլորտում»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Պատգամավորը համոզված է, որ հանրապետական նախարարները չեն կարող իրականացնել որևէ գործողություն` հանուն բարեփոխման և կրթության ու գիտության զարգացման: Ըստ նրա` նախարարի ցանկացած գործողություն, հրաման ու զանգ բացառապես ուղղված է եղել ուսումնական հաստատություններում Հանրապետական կուսակցության տոտալ հսկողության սահմանմանը:
«Այնքան արհամարհանք ունեք հանրային կարծիքի նկատմամբ, այնքան փնթի եք վարվում օրինագծերի մշակման գործում, որ չեք նկատել, որ ներկայացվող օրինագծերով մատնում եք փոփոխությունների իրական նպատակը»,- ասաց Լևոն Զուրաբյանը` հավելելով, որ կառավարության կողմից ներկայացվող երեք օրինագծերում նկատվում է քոփի-փեստ արած մի նախադասություն, այն է` «Ակադեմիական ազատության և ինքնակազմակերպման իրավունքի պայմաններում շատ հաճախ գործադիր օղակը դժվարանում է արձագանքել աշխատաշուկայի արագ փոփոխություններին»:
«Ահա` որտեղ է թաղված շունը կամ մեծագույն չարիքը, որի դեմ պատերազմ էր հայտարարել և փորձում է «հաղթահարել» կրթության և գիտության նախարարությունը, քանի որ պարզվում է, որ այդ չարիքն է ակադեմիական ազատությունը և ինքնակառավարման իրավունքը»,- ասաց պատգամավորը`հավելելով, որ, ըստ վիճակագրության, հանրապետության 1400 դպրոցների տնօրեններից մոտ 1100-ը հանրապետականներ են: