Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Լևոն Ավետիսյանի նախագահությամբ, տեղի ունեցավ ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործով առաջին դատական նիստը: Մեղադրանքը դատարանում պաշտպանում էր ՀՀ զինվորական դատախազության, ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնի ավագ դատախազ Հենրիկ Պապիկյանը:
Այսօրվա նիստում դատավորին ինքնաբացարկ հայտնեց ամբաստանյալ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան, փաստաբան Արա Զաքարյանը: Նրա խոսքով` դատաքննության օրը որոշվել է սահմանված ժամկետների խախտումով, բացի այդ` քրեական գործն ընդդատյա չէ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանին, այսինքն` իր պաշտպանյալին վերագրված հանցագործություններից մեկը` ըստ քրեական հետապնդման մարմնի, կատարվել է Արմավիրի դատարանի, իսկ մյուսը` Երևանի Կենտրոնի դատարանի «տարածքում» և տվյալ գործը չպետք է քննվեր այս դատարանում:
Բացի այդ, ըստ պաշտպանի, դատավորն իր պաշտպանյալի կալանքը թողել է անփոփոխ` պատճառաբանելով, որ այն փոփոխելու ելք չկա: Փաստաբանը, հիմք համարելով վերոնշյալը, հայտնեց, որ տվյալ դատավորը չի կարող անաչառ քննել գործը: Պաշտպանը նաև միջնորդեց գրավի դիմաց ազատ արձակել Ավետիսյանին:
Մեղադրողն առարկեց միջնորդության դեմ` նշելով, որ Արաբկիրի դատարանն ընդդատյա է, քանի որ Ավետիսյանի գործի մինչդատական վարույթը կայացվել է Արաբկիրի դատարանում:
Դատավորը, խորհրդակցական սենյակում քննության առնելով միջնորդություննները, որոշոց մերժել դրանք:
Զաքարյանը հայտարարեց, որ ինքնաբացարկ կհայտնի նաև մեղադրողին, քանի որ նրա անկողմնակալության վերաբերյալ կասկածներ ունի, որոնք հաստատվել են այս դատական նիստի ընթացքում: Այդ նպատակով նա դատարանից խնդրեց իրեն տրամադրել դատական նիստի արձանագրության կրիչը, որպեսզի մեկ անգամ ևս լսի այսօրվա նիստի ընթացքում դատախազի հնչեցրած հայտարարությունները և դրանք ներառի բացարկում:
Դատավորն, այսպիսով, բավարարեց պաշտպանի խնդրանքը և հետաձգեց նիստը: Հաջորդը նշանակվեց ապրիլի 2-ին:
Նիստի ավարտից հետո դահլիճում ներկաներից մեկը, դիմելով դատախազին, նրան անվանեց «Ջհանգիրյանի շեստյորկա»:
Ի դեպ, երբ դատավորը խորհրդակցական սենյակում էր, տհաճ միջադեպ տեղի ունեցավ միջանցքում: Ազատամարտիկներից մի քանիսը վիճաբանեցին կարգադրիչների հետ, անգամ քաշքշեցին իրար, հետո դուրս եկան, որտեղ և լուծեցին վեճը: