կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-06 11:53
Իրավական

«Սասնա ծռեր» խմբի 18 անդամների գործով դատավորին ինքնաբացարկ հայտնեցին

«Սասնա ծռեր» խմբի 18 անդամների գործով դատավորին ինքնաբացարկ հայտնեցին

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի 18 անդամների մասով քրեական գործի արտագնա դատաքննությունը: Նշենք, որ մյուս՝ 14 անդամի գործը եւս քննվում է արտագնա՝ նույն դատարանում:

Երկու գործերն էլ քննում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը: Դատական դեպարտամենտի տարածած հաղորդագրության համաձայն` պատճառը քննվող քրեական գործով ամբաստանյալների եւ տուժողների մեծ թիվն է:

Այս գործով ամբաստանյալների աթոռին են Պավլիկ Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյանը, Արթուր Մելքոնյանը, Տիգրան Սարգսյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Արթուր Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Հովհաննես Վարդանյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գևորկ Իրիցյանը, Թորոս Թորոսյանը, Մանվել Աթոյանը և Վարդգես Գևորգյանը: Այսօրվա դատական նիստին ներկա են ամբաստանյալներից միայն երեքը` Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը:

Մնացած 15 ամբաստանյալների նկատմամբ նախորդ դատական նիստում դատավոր Արտուշ Գաբրիելյանը սանկցիա էր կիրառել ` նրանց 6 ժամով հեռացնելով նիստերի դահլիճից: Այսօրվա նիստում դահլիճում չգտնվող ամբաստանյալների պաշտպաններից Լուսինե Սահակյանը փորձեց միջնորդություն ներկայացնել հեռացված ամբաստանյալներին դատարան ներկայացնելու վերաբերյալ, սակայն նախագահող դատավորը թույլ չտվեց: Դրանից հետո Լուսինե Սահակյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատարանին` պահանջելով դատավորից` բացարկ հայտնել: Պաշտպանի խոսքով` այս գործով նախագահող դատավորը նախևառաջ խախտել է ամբաստանյալների պաշտպանական իրավունքը:

«Դուք կոպիտ խախտում եք կատարել` պաշտպանի ձեռքից վերցրել եք իր պաշտպանյալի հետ նամակագրությունը: Որևէ երկրում ամենաապօրինի դեպքերում անգամ ես չեմ կարող պատկերացնել, որ կարող են խլել փաստաբանին ուղղված նամակը, կարդալ այն, առավել ևս` հրապարակել: Դուք այն հրապարակելու իրավունք չունեիք, քանի որ այն հստակ փաստաբանական գաղտնիք էր պարունակում»,- հայտարարեց փաստաբանը:

Լուսինե Սահակյանի խոսքով` մի դատավոր, ով խախտում է պաշտպանական կողմի իրավունքը, իրավունք չունի նման գործ քննելու: «Դուք այն դատավորն եք, ում օրոք բռնություն է գործադրվել անձանց նկատմամբ դատարանի դահլիճում: Այդ կապակցությամբ Դուք թույլ եք տվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երրորդ հոդվածի խախտում: Եթե Դուք մի անգամ նման խախտում եք արել, իրավունք չունենք դատավոր աշխատելու»,- ասաց նա:

Գործով մյուս ամբաստանյալների պաշտպանյալներն էլ իրենց հերթին նշեցին, որ դատավորն առանց փաստաբանների միջնորդության պետք է ինքնակամ ինքնաբացարկ հայտներ: