կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-21 17:03
Քաղաքական

Դեռ պետք է բացահայտել «Որոտան»-ի հետ կապված խախտումները

Դեռ պետք է բացահայտել «Որոտան»-ի հետ կապված խախտումները

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով նաև գազի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ է, նշել է, որ հանձնաժողովում չորս ենթախումբ է աշխատում, ընդհանուր թվով ձևակերպվել է մոտ 120 հարց, որոնք վերաբերում են գազի խնդիրների բացահայտմանը: Yerkir.am-ի հետ զրույցում Արամ Մանուկյանը նշեց, որ հանձնաժողովի անդամները պատրաստակամ են այնպես աշխատել, որ մինչև մայիսի վերջը բացահայտվի  գազի խնդրի շուրջ ստեղծված խորհրդավոր մթնոլորտը:


«Ես ուզում եմ, որ հանձնաժողովն այդ աշխատանքից արդյունքով դուրս գա: Դիմել եմ տարբեր մասնագետների, մարդկանց,  ովքեր շահագրգիռ են` բացահայտելու գազի հետ կապված այդ ամբողջ էպոպեան, և  եթե կան մարդիկ, որոնք ունեն կոնկրետ փաստեր` գազի որակի, սակագնի, ջերմատվության և գազին վերաբերող այլ հարցերի հետ կապված, հաճույքով կարող եմ այդ մարդկանց լսել, աշխատել իրենց հետ»,- ասաց Արամ Մանուկյանը` հավելելով, որ, ըստ  կազմված հարցաշարի, դիմելու են համապատասխան մարմիններին` էներգետիկայի նախարարությանը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և այլ պատասխանատու մարմինների:


Հարցին` հնարավո՞ր է, որ սկսի զբաղվել նաև ՀԷՑ-ի հետ կապված խնդիրների բացահայտմամբ` «գազի մարդուց» դառնալով «լույսի մարդ», Արամ Մանուկյանը պատասխանեց. «Մինչև ՀԷՑ-ը դեռ Որոտանի խնդիրը  կա, որտեղ օրենքի` ավելի կոպիտ խախտումներ կան, ու ես չգիտեմ, թե կառավարությունն այդ ամենի տակից ոնց է դուրս գալու: Խնդիրներն այնքան շատ են, որ 7-8 անգամ  կառավարություն պետք է հրաժարական տար»:


Արամ Մանուկյանը նաև նշեց, որ եթե բողոքի ակցիաներ սկսվեն գազի հետ կապված խնդիրների պատճառով` գազի գին, կալորիականություն և այլն, և եթե իրեն դիմեն, ապա ինքը կմասնակցի այդ բողոքի ակցիաներին և կաջակցի: