կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-21 14:25
Հասարակություն

Սկսելու են փողոցային պայքար…

Սկսելու են փողոցային պայքար…

«Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամները համարում են, որ շարժումը գտնվում է քաղաքական հարթությունում, սակայն քաղաքական չէ այնքանով, որ շարժման անդամները չեն ուզում այս պայքարի արդյունքում գալ իշխանության:

 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին՝ ինչպե՞ս է ծավալվելու «Դեմ եմ» շարժումը, եթե ՍԴ-ն սահմանադրական ճանաչի օրենքը, շարժման անդամները նշեցին, որ իրենց սահմանադրական պայքարը միանշանակ չի ավարտվելու, և եթե սպառվեն ինստիտուցիոնալ պայքարի բոլոր մեխանիզմներն ու հնարավորությունները, նրանք անցնելու են ոչ ինստիտուցիոնալ պայքարի՝ քաղաքացիական անհնազանդության, որը կարող է ներառել բազմաթիվ մեխանիզմներ:

 

«Սկսելու ենք փողոցային պայքար, բայց ոչ այդ արտահայտության վուլգար իմաստով, բնականաբար, օրենքի շրջանակներում դիմելու ենք քաղաքացիական անհնազանդության գործնական քայլերի: Դրանց ձևերը շատ են, մենք կկարողանանք ինքնակազմակերպվել և ընդունել ճիշտ որոշումներ, թե որ գործողությունը երբ պետք է իրականացնենք»,- ասացին «Դեմ եմ» շարժման անդամները: Նրանց խոսքով՝ քաղաքացիական անհնազանդության դերը չպետք է թերագնահատել, որովհետև այն հզոր գործիք է, մնում է՝  ճիշտ կիրառել:

 

Ինչ վերաբերում է շարժման մարելու վերաբերյալ մտավախություններին, նրանք համոզմունք հայտնեցին, որ այդ մտավախությունը միշտ էլ եղել է շարժման բոլոր փուլերում, այնուամենայնիվ, այն չի մարելու, այլ ավելի է ուժեղանալու: Նրանք կոռեկտ չեն համարում Մայդանի հետ համեմատությունը, քանի որ սա այն պայքարը չէ, որը միմյանց դեմ է հանում ժողովրդի երկու հատվածներին:

 

Օրենքը հակասահմանադրական է, հակասոցիալական, ապազգային, և եթե կառավարությունը պարտադիր վճարը սահմանի մեկ դրամ, միևնույն է՝ դեմ են լինելու դրան և պայքարելու են, որովհետև իրենք պայքարում են ոչ թե գումարի, այլ իրենց իրավունքի համար: Շարժման անդամները նշեցին, որ պատրաստ են կառավարության հետ քննարկման միայն օրենքից պարտադիր բաղադրիչը հանելուց հետո: Իսկ կառավարությանն անվստահություն հայտնելը համարում են քաղաքական ուժերի գործը և չեն ուզում մտնել այդ դաշտ: