կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-21 14:11
Հասարակություն

Հեռուստաընկերություններից որը որքան է խախտել օրենքը

Հեռուստաընկերություններից որը որքան է խախտել օրենքը

Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը դեկտեմբերի 27-ից հունվարի 2-ն ընկած ժամանակահատվածում մշտադիտարկում է անցկացրել  հանրապետական սփռում ունեցող 6 հեռուստաընկերությունների' Հ1-ի, Հ2-ի, «Արմենիա»-ի, «Շանթ»-ի, «Կենտրոն»-ի եւ «Երկիր Մեդիա»-ի եթերներում' կատարելով հեռուստագովազդի քանակական մոնիտորինգ: Ուսումնասիրության առարկան գովազդի քանակական հանգամանքներն են, «Գովազդի մասին» օրենքի սահմանած չափորոշիչների պահպանումը. լրագրողներին այսօր մշտադիտարկման արդյունքները ներկայացրեց ԺԱԱ նախագահ Լեւոն Բարսեղյանը:

 

«Հանրային հեռուստատեսության Հ1 ալիքի համար «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 26-րդ հոդվածով սահմանված է, որ գովազդը չի կարող գերազանցել եթերաժամանակի 7 տոկոսը, որը վերաբերում է միայն Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը: Մյուս հեռուստատեսություների համար այս նորմը պարտադիր չէ: Նախորդ մոնիտորինգն իրականացվել էր 2013 թվականի օգոստոսին, որի հաշվետվությունը հանրությանը ներկայացվեց դեկտեմբեր ամսին' նշելով, որ տարեմուտի օրերին համանման մի դիտարկում էլ ենք իրկանացնելու: Այս մոնիտորինգի համար ընտրվել է գովազդով ամենածանրաբեռնված շրջանը' տարեմուտի 7 օրերը' դեկտեմբերի 27-ից մինչեւ հունվարի 2-ը»,- ներկայացրեց Լեւոն Բարսեղյանը:

 

Մոնիտորինգի արդյունքում ստացվել է հետեւյալ պատկերը' Հ1-ի հաղորդումներում դեկտեմբերի 27-ից 30-ը' 4 օրերի ընթացքում, գովազդի ծավալը գերազանցել է օրենքով սահմանված 7 տոկոսի սահմանը: Մնացած օրերի ընթացքում' դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-2-ը, դրանք եղել են նորմերի շրջանակներում: Օգոստոսյան մոնիտորինգի ժամանակ` օգոստոսի 15-ից 21-ի ընթացքում կատարված դիտարկումների ժամանակ Հ1 -ն ամբողջությամբ պահպանել էր օրենքի այս նորմը:

 

Մյուս չափորոշիչը, որով մշտադիտարկում է իրականացվել, վերաբերում է բոլոր 6 հեռուստաալիքներին եւ սահմանված է «Գովազդի մասին» օրենքով, որը հստակ ասում է, որ 1 ժամվա ընթացքում գովազդի ծավալը չի կարող գերազանցել 14 րոպեն: Օգոստոսյան դիտարկմնան ժամանակ օրենքի այս պահանջը չէին խախտել միայն Հ1 եւ Հ2 հեռուստաընկերությունները, իսկ մնացած 4-ում նման խախտումներ արձանագրվել էին:

 

«Հիմա պատկերը հետեւյալն է' Հ1-ի դեպոքւմ տեսնում ենք խախտումների որոշակի ծավալ' 14 ժամային կետ, երբ գովազդի ծավալը 14 րոպեից անցել է: «Կենտրոն» Հ/Ը-ննույնպես նախորդ անգամ խախտել էր 4 անգամ, այս դեպքում' 14 անգամ, երբ սահմանված 14 րոպեից անցել են գովազդի ծավալները: Եվ երրորդ հեռուստաընկերությունը, որտեղ նման խախտումներ են արձանագրվել մշտադիտարկվող 7 օրերի ընթացքում' «Շանթ» Հ/Ը-ն է' 15 անգամ, նախորդ 20-ի փոխարեն:

 

Մյուս հեռուստաընկերություններում' Հ2-ում, «Երկիր Մեդիա»ում եւ «Արմենիա»-ում, նման խախտումներ այդ 7 օրերի ընթացքում չեն արձանագրվել: Նախորդ անգամ խախտում չէր արձանագրվել միայն Հ1-ի եւ Հ2-ի դեպքում»,- ներկայացրեց Լեւոն Բարսեղյանը:

 

Օգոստոսյան դիտարկման ժամանակ «Արմենիան» նման խախտման 1 դեպք էր ունեցել, իսկ այժմ' ոչ մի, «Երկիր Մեդիան»' 3 նման դեպք, իսկ այժմ' չունի:

 

Բանախոսը նշեց, թե, ընդհանուր առմամբ, օգոստոսյան 7 օրերի ընթացքում բոլոր 6 հեռուստաալիքների համար օրենքի այս նորմի խախտման 31 դեպք է արձանագրված եղել, իսկ ներկայացվող ժամանակահատվածում' 43:

 

«Եթե հաշվի ենք առնում, թե դեկտեմբերի վերջին հեռուստաընկերությունները, գովազդի ծավալների առումով, ինչքան ծանրաբեռնված են լինում, անձամբ իմ սուբյեկտիվ կարծիքով, սա ահագին լավ ցուցանիշ է' չնայած եղած խախտումներին: Խխատումը խախտում է, հասկանում ենք, բայց եթե չլիներ այս մշտադիտարկումը, վստահ եմ` 43-ի փոխարեն մոտավորապես 400 կլիներ, չկասկածեք»,- համոզմունք հայտնեց ԺԱԱ նախագահը:

 

Լրագրողները հիշեցին, որ օգոստոսյան մշտադիտարկման արդյունքների կապակցությամբ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը հայտարարել էր, թե իրենք էլ են ուսումնասիրություն կատարել, բայց ոչ մի խախտում չեն գտել: Այս առումով Լեւոն Բարսեղյանը նշեց, թե պատրաստ են ցանկացած ատյանում ապացուցել իրենց մշտադիտարկման արդյունքները' տեսագրությունները, ուսումնասիրությունները ու այլ անհրաժեշտ նյութերը պահված են:

 

«Պատասխանատու ենք մեր բոլոր հայտարարությունների ու հաշվետվությունների համար' ցանկացած մակարդակում»,- հայտարարեց նա ու նշեց, թե մինչ օրս ոչ ոք չի վիճարկել ու կասկածի տակ չի առել իրենց մոնիտորինգի արդյունքները:

 

Լեւոն Բարսեղյանը նաեւ ասաց, որ իրենք բաց են բոլոր շահագրգիռ մարմինների հետ քննարկումների համար, բացի այդ` իրենց հաշվետվությունները մշտապես ուղարկվում են ԱԺ մարդու իրավունքների եւ մշակույթի, կրթության եւ գիտության հարցերի հանձնաժողովներին, ՀՌԱՀ-ին, հեռուստաընկերություների ղեկավարությանը: Ուղարկված նամակների ծանուցման կտրոնները նույնպես պահվում են, իրենց հաշվետվությունները տեղադրվում են ինտերնետային կայքում, ու ոչ ոք չի կարող ասել, թե իրենց չեն տեղեկացրել արդյունքների մասին: