Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը, երգահան Արտավազդ Բայաթյանն ու տիկինիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, Ղրիմում ծավալվող իրադարձությունների հետ կապված, Հայաստանի և Արցախի իշխանությունների պաշտոնական հայտարարությունները համարում են հավասարակշռված ու ճիշտ: Այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացնելով իրենց տեսակետները Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ` նրանք նշեցին, որ պարտավոր են ճանաչել Ղրիմի ազգաբնակչության կատարած ընտրությունը, իսկ Հայաստանն ու Արցախը խառը քաղաքական ժամանակներում պետք է կարողանան ճիշտ կողմնորոշվել:
Ռուբեն Բաբայանի համոզմամբ` պատմականորեն, երբ աշխարհում սկսվում է գերտերությունների խիստ բևեռացում, Հայաստանը տուժում է, և հակառակը` երբ աշխարհում տիրում է խաղաղություն, հայ ազգը ունենում է ձեռքբերումներ: «Այսօրվա Ռուսաստանում հարցերը լուծում է մեկ անձ: Չգիտեմ` նրա մտքով վաղը էլ ինչ կանցնի: Եթե նա գնա կործանման, արդյո՞ք չի ցանկանա աշխարհն էլ իր հետ տանել դեպի կործանում: Եվ ո՞վ է ստուգել այդ մարդու հոգեկան վիճակը»,- ասաց նա:
Երգահան Արտավազդ Բայաթյանը կարծում է, որ, ուկրաինական իրադարձությունների հետ կապված, հայերը զրկված են երկու կողմի ճշմարտությունը լսելու հնարավորությունից, որովհետև ռուսական հեռուստաալիքները այդ իրադարձությունները լուսաբանում են խիստ միակողմանի: Իսկ գերտերությունները, եթե դա իրենց շահերից է բխում, կարող են խախտել և' մարդու իրավունքները, և' ազգերի ինքնորոշման իրավունքը: «Ամերիկան, եթե իրեն պետք է, Իրաք էլ կմտնի: Ռուսաստանն էլ, որպես գերտերություն, իր խնդիրներն է լուծում: Կզարմանայի, եթե Ռուսաստանը չանդրադառնար Ղրիմին: Պետք է դասեր քաղել և ղրիմյան ճգնաժամից, որպեսզի մեր խնդիրները, մասնավորապես` Արցախի հարցը մեկ քայլով կարողանանք առաջ տանել»,- ասաց Արտավազդ Բայաթյանը:
Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանն էլ համոզված է, որ Ռուսաստանում և Ուկրաինայում գլուխ է բարձրացրել նացիզմը, ինչը ամենավտանգավոր ու կործանարար երևույթն է: Ըստ նրա` Ուկրաինայի ճգնաժամում միմյանց են բախվել երկու գերտերություն` Ռուսաստանն ու ԱՄՆ-ը: «Ռուսաստանը հզոր բանակ ունի, և խեղճ ուկրաինացի ժողովրդին օգտագործեցին: Ուկրաինան ընկավ կրակը: Սա դեռ շատ ջուր կտանի: Իսկ ԱՄՆ-ը չարորակ ուռուցք է աշխարհի համար, որն իր մետաստազներն է ձգել աշխարհի տարբեր անկյուններում»,- ասաց քանդակագործը:
Մտավորականները նաև կարծիք հայտնեցին, որ Ուկրաինայի մասնատումը դեռ կշարունակվի: