Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ արդարադատության նորաստեղծ ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանի համար ակադեմիայի գործունեության մեկնարկը գոհացուցիչ է, ձևավորվել է որակյալ մասնագետներից կազմված թիմ, սակայն կառույցը, որպես այդպիսին, կայացած համարելը վաղ է:
Ըստ նրա` կառույցի կայացման վերաբերյալ դատողություններ կարելի է անել նվազագույնը 2014-ի ավարտին, իսկ մինչ այդ ձևավորված թիմը կանի հնարավորը` ուսուցման որակը բարձր պահելու, գործունեության թափանցիկությունն ապահովելու, ակադեմիայի նկատմամբ հանրության վստահությունը ձեռք բերելու համար:
Նշենք, որ ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված այս կառույցը պետք է փոխարինի մինչ այդ գործող դատական և դատախազական դպրոցներին: Ակադեմիայի նպատակն է դատավորների և դատախազների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց շրջանում դատավորի կամ դատախազի պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հմտությունների ձևավորումը, մասնագիտական գիտելիքների ընդլայնումը, կրթական ծրագրերի աստիճանական մերձեցումը, համատեղ կրթական ծրագրերի իրականացումը:
Ռուբեն Մելիքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը, ներկայացրեց այն ծրագրերը, որոնցով պետք է իրականացվի ուսուցումը: Նա նշեց, որ արդեն հաստատվել է դատախազների ցուցակում ընդգրկված անձանց ուսուցման ծրագիրը, որը դատավորների ուսուցման ծրագրի հետ որոշակի նմանություններ ունի: Օրինակ` ընդհանուր է ուսուցման կառուցվածքը և տևողությունը: Ըստ նախատեսվածի` մասնագիտական պատրաստումը տևելու է 8,5 ամիս:
Անդրադառնալով այն կարծիքին, թե դատավորներին և դատախազներին մեկ հարկի տակ հավաքելն ավելի կմոտեցնի նրանց, ռեկտորը նշեց, որ ներկայումս էլ կան դատախազներ ու դատավորներ, ովքեր կուրսեցիներ կամ ընկերներ են եղել, սակայն դա ոչինչ չի նշանակում:
Խոսելով հետագայում փաստաբանական դպրոցը ևս այս կառույցի մեջ ներառելու տարբերակի մասին` նախկին փոխնախարարն ասաց. «Եթե փաստաբանները մի օր ցանկություն հայտնեն միանալու արդարադատության ակադեմիային, կարծում եմ` պատկան մարմիններն այդ ցանկությունը հաշվի կառնեն, սակայն ներկայումս նման ցանկություն չկա, և դա բնական է, քանի որ արդարադատության ակադեմիան դեռևս չի ապացուցել իր որակը և կայացվածությունը»:
Մելիքյանը, միաժամանակ, նշեց, որ իրենք փաստաբանական դպրոցի հետ ընդհանուր դասընթացներ անցկացնելու նախնական պայմանավորվածություն ունեն: Նրա խոսքով` ակադեմիայի համար ռազմավարական նշանակությունի ունեն 2015-ին իրականացվելիք ծրագրերը, մասնավորապես` հեռաուսուցումը, որն իրականացվելու է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: «Այժմ աշխատում ենք, որ 2015-ին ունենանք հեռաուսուցման ամբողջական փաթեթ: Այդ խնդիրը լուծելու համար այժմ հեռաուսուցման վարչություն է ձևավորվել»,- ասաց նա: