կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-10 17:19
Հասարակություն

Երևան քաղաքի Մանանդյան փողոցի թիվ 41 հասցեում կկառուցվի Շախմատի ակադեմիան

Երևան քաղաքի Մանանդյան փողոցի թիվ 41 հասցեում կկառուցվի Շախմատի ակադեմիան

Այս շաբաթ կառավարության նիստի օրակարգում է ընդգրկված որոշում՝ առաջարկել Երևանի քաղաքապետին` Երևանի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող` Մանանդյան փողոցի թիվ 41 հասցեում գտնվող 933,0 քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (այսուհետ` հողամաս), համաձայն հավելվածի, նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը` շախմատի ակադեմիա կառուցելու նպատակով:

Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին, ֆինանսների նախարարին և Երևանի քաղաքապետին առաջարկել` Երևան քաղաքի ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նվիրաբերության պայմանագրի կնքումը և համապատասխան ակտով հանձնում-ընդունումը` նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված համապատասխան վճարներն ու տուրքերը պետք է կատարվեն «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:

Երևան քաղաքի Մանանդյան փողոցի թիվ 41 հասցեում գտնվում է ՀՀ ֆինանսների նախարարության մարզական համալիրը, որը բաղկացած է  ֆուտբոլի բացօթյա մարզադաշտից և  փակ մարզասրահից, որն ունի բասկետբոլի, վոլեյբոլի և ըմբշամարտի մարզասրահներ:

Դպրոցական ծրագրերով նախատեսված` շախմատի դասընթացներն արդյունավետ կազմակերպելու և համապատասխան պայմաններ ստեղծելու նպատակով  Հայաստանի շախմատի ֆեդերացիան առաջարկություն է արել մարզահամալիրին կից կառուցել շախմատի ակադեմիա:

Շախմատի ակադեմիան ժամանակակից չափանիշներին համապատասխան նախագծելու և հարևան շենքերի նկատմամբ քաղաքաշինական նորմատիվատեխնիկական պահանջները բավարարելու /հակահրդեհային նորմեր, մուտք ու ելք/ համար անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել մարզահամալիրին կից համայնքի սեփականություն հանդիսացող` բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գոտում գտնվող 933,0 քմ մակերեսով հողամաս: