կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-03 17:42
Տնտեսական

Որոտանի կապիտալը մոտ 90 մլն դոլարով ավելի շատ է, քան այն գինը, որով ընկերությունը վաճառվեց

Որոտանի կապիտալը մոտ 90 մլն դոլարով ավելի շատ է, քան այն գինը, որով ընկերությունը վաճառվեց

«Որոտանի ՀԷԿՀ»-ի ` ֆինանսական վիճակի մասին վերջին հաշվետվությունից ակնհայտ երեւում է` ընկերության սեփական կապիտալի մնացորդը, 2012 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, կազմել է 110 միլիարդ 897 միլիոն 66 հազար 586 դրամ, կամ` մոտ 271 միլիոն 806 հազար 500 դոլար, եթե ընդունենք, որ այդ ժամանակ դոլարի փոխարժեքը եղել է 408 դրամ` 1 դոլարի դիմաց:

 

Այսինքն` ակնհայտ է, որ անգամ ընկերության կողմից ներկայացված հաշվետվությամբ, ընկերության ունեցած կապիտալը մոտ 90 միլիոն դոլարով ավելի շատ է, քան այն գինը` 180 միլիոն դոլարը, որով ընկերությունը վաճառվեց ամերիկացիներին:

 

Շահութաբերության առումով`համալիրի տարեկան նախագծային արտադրանքը 1 միլիարդ 160 միլիոն կՎտ/ժամ է: «Որոտանի ՀԷԿՀ»- ում արտադրված 1 կՎտ/ժամ էլեկտրաէներգիայի համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` №191Ա որոշման համաձայն` երկդրույք սակագնային համակարգում որոշվել է առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը սահմանել 6.834 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի եւ 8.201 դրամ/կՎտժ, ներառյալ` ավելացված արժեքի հարկը:

 

Իսկ մինչ այդ բարձրացումը` միայն 2012 թվականին, ընկերությունը արտադրանքի իրացումից, ըստ իր իսկ կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվության, ստացել է մոտ 6 միլիարդ 318 միլիոն 908 հազար դրամ եկամուտ: «Որոտանի ՀԷԿՀ»-ի արժեքի մեջ պետք է ներառվի նաեւ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 21-ին ` «Որոտանի ՀԷԿ-երի համալիր» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին» որոշումով էլ 89 միլիոն 349 հազար 826 դրամ արժեքի չափով լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով՝ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը ավելացնելու մասին որոշումը: Այդ որոշմամբ  ընկերությանը հանձնվեցին նաեւ Սպանդարյանի (257 մլն խմ), Անգեղակոթի (3,4 մլն խմ տարողությամբ), Տոլորսի (96 միլիոն խմ) եւ Շամբի (13.6 միլիոն խմ) ջրամբարները:

 

Այնինչ` «Ջրի ազգային ծրագրի մասին» օրենքով` այս ջրամբարները համարվում են ռազմավարական նշանակության օբյեկտներ, որոնք գտնվում են հատուկ պահպանության տակ, համարվում են պետական սեփականություն եւ ենթակա չեն մասնավորեցման: Նույն օրենքով` Սպանդարյանի եւ Տոլորսի ջրամբարները ներառված են պետական հատուկ նշանակության համակարգերի ցուցակում:

 

Հոդվածը` այլ ուշագրավ փաստերով, կարդացեք շուտով: