կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-31 16:51
Տնտեսական

Ինչու է 1 միլիարդ դոլարանոց Որոտանի կասկադը վաճառվել 180 միլիոն դոլարով

Ինչու է 1 միլիարդ դոլարանոց Որոտանի կասկադը վաճառվել 180 միլիոն դոլարով

Տնտեսական առումով' Որոտանի կասկադը 507 մեգավատտ հզորությամբ համակարգ է, եւ այդպիսի հզորություն կառուցելն առնվազն 1 միլիարդ դոլար արժե այսօր: Դա շատ ավելի լավն է, քան Սեւանի կասկադը, որը, թեեւ 900 մեգավատտ է, շատ կայաններ ունի, եւ որը հենց այնպես տրվել կամ նվիրվել է Ռուսաստանին. լրագրողներին այսօր ասաց ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` անդրադառնալով Որոտանի կասկադը 180 միլիոն դոլարով ամերիկացիներին վաճառելու հանգամանքին:

 

«Ավելին' տալ 180 միլիոն դոլարով եւ ասել, թե 6 տարում եւս 70 միլիոն կներդնի, դա լուրջ չէ: Որովհետեւ 500 մեգավատտ հզորության դեպքում արտադրում ես տարեկան 1.5-2 միլիարդ կիլովատտ էլեկտրաէներգիա, եթե դա վաճառում ես 18 դրամով, վաճառքների ծավալը կազմում է 30-40 միլիարդ դրամ, այսինքն' 100 միլիոն դոլար, ապա միայն ամորտիզացիան, որ հաշվում ենք, ստացվում է, որ 6 տարում մենք միայն 40 միլիոն ինքներս կներդնեինք»,- իր հաշվարկները ներկայացրեց բանախոսը' շեշտելով, թե այդ գործարքը, տնտեսական առումով, որեւէ բանով աչքի չի ընկնում:

 

Առավել եւս, որ այնտեղ ներդրումներ ասվածը վերանորոգման խնդիրներին է վերաբերում, այլ ոչ թե նոր կայան կառուցելուն կամ նոր տեխնոլոգիա ներդնելուն: Որոտանի կասկադը, ըստ Հրանտ Բագրատյանի, իդեալական է, Սեւանի կասկադի նման չէ, քանի որ երբ Սեւանա լճից  ջրի բացթողումները քչացվում են, Սեւանի կասկադի հզորությունները նվազում են: Իսկ Որոտանի կասկադի դեպքում այդպես չէ:

 

«Սա երեւի աշխարհի ամենաշահութաբեր համակարգերից մեկն էր, այն ինքնուրույն կաշխատի...Այստեղ ո'չ հումքի հարց կա, ո'չ էլ... Ինչո՞ւ պետք է էներգետիկ այս վերջին հզորությունները տրվեին օտարներին: Թող չվիրավորվեն ամերիկացիներն ու ռուսները, որոնց մենք մեր ամբողջ էներգետիկ հզորություններն ենք տվել, բայց մեզ էներգետիկա է պետք, մենք երկիր ենք»,- նշեց Հրանտ Բագրատյանը:

 

Նա էներգետիկայի օբյեկտների սեփականաշնորհման իմաստը չի հասկանում, իսկ մասնավորապես հիդրոէներգետիկ օբյեկտների սեփականաշնորհումն ընդհանրապես անհասկանալի է համարում: Անգամ եթե սեփականաշնորհում էին, նշեց բանախոսը, ապա պետք էր մտածել, որ սեփականատերն անպայման լիներ Հայաստանի ռեզիդենտ: Բայց վաճառվել է մի ընկերության, որն ընդհանրապես տնօրինում է 3500 մեգավատտ հզորության:

 

«Այսինքն' դա ընդհանրապես 1000-րդ ընկերություն է ԱՄՆ-ի էներգետիկայի ոլորտում' 100-ի մեջ էլ չի մտնում: Դրանց են գտել, դրանց էլ վաճառել են, ինչ ասեմ: Բայց սա չի կարող ստրատեգիական ներդրող բերել, չի կարող նոր տեխնոլոգիա բերել: Ես վախենամ, որ այս պատմությունը ավարտվի նրանով, որ մի 2-3 տարի հետո նրանք այս համակարգը կվերավաճառեն ռուսներին կամ թուրքերին ու կգնան: Որովհետեւ նրանք ստրատեգիական ինվեստոր չեն»,- իր մտահոգությունները ներկայացրեց Հրանտ Բագրատյանը:

 

Ինչ վերաբերում է այս վաճառքի հարցում կառավարության դիրքորոշմանը, ապա Բագրատյանը ենթադրում է, որ կառավարությունը, հավանաբար, վախենում էր, որ ռուսները կուզեին գնել Որոտանի կասկադը: Այդ պարագայում, նշեց բանախոսը, կառավարության կողմից հստակ կա քաղաքական երկերեսանիություն` որ մենակ ռուսներից կախված չլինենք:

 

«Սա, իհարկե, մոտեցում չէ, եւ այն բանից հետո, երբ առաջիկա մի քանի տարուց սա կվերավաճառվի, մենք նորից առիթ կունենանք այս մասին խոսելու»,- այս կանխատեսմամբ իր խոսքն ավարտեց Հրանտ Բագրատյանը: