Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որոտան կասկադը շահագործվող, աշխատող համակարգ է, որը մեր կողմից շահագործվելու առումով որեւէ դժվարություն չէր ներկայացնում եւ շահութաբեր էր Հայաստանի Հանրապետության համար. Yerkir.am-ին ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը' նշելով, թե ինքը հակված չէ ողջունել Որոտանի կասկադի վաճառքի գործարքը:
Տնտեսագետը ուշադրություն հրավիրեց նաեւ հանգամանքի վրա, որ Հայաստանի` էլեկտրաէներգիա արտադրող ամբողջ համակարգի մեջ Որոտան կասկադը ամենաէժան էներգիան էր արտադրվում` «գրեթե 1 Կվտ/ժ.-ի համար 4-4.5 դրամի սահմաններում», ուստի այդպիսի տնտեսությունը պետք է օգտագործվեր հենց Հայաստանի Հանրապետության կողմից: «Ես ուզում եմ մտածել, որ մասնագիտական առումով էլ բավականաչափ մեծ պոտենցիալ կար` դա անելու: Դա չի եղել: Արդեն իսկ դրանով պայմանավորված ես այս երեւույթը համարում եմ ոչ ողջունելի մեզ համար»,- ասաց տնտեսագետը:
Ինչ վերաբերում է Որոտանի կասկադը 180 միլիոն դոլարով վաճառելուն, ապա Վարդան Բոստանջյանը համոզմունք հայտնեց, որ այս առումով եւս գործարքը չի կարելի նպատակահարմար համարել, կամ երեւույթը մեր հանրապետության համար որպես նվաճում ներկայացնել:
«180 մլն ամերիկյան դոլար այդպիսի համակարգի համար վճարելը, ես մտածում եմ, որ բավականաչափ փոքր գումար է: Երկրորդ` չի կարելի հուզական անդրադառնալ այն 70 միլիոն դոլար ներդրումներին, որ խոստացել են կատարել գնորդները. նման համակարգերի շահագործումը մշտապես ենթադրում է համակարգերի տեխնիկական արդիականացում: Եվ կարծում եմ` այստեղ եւս Հայաստանի Հանրապետությունն ինքը մեծ հնարավորություն ուներ` այդ 70 միլիոն դոլարի ներդրումներն ինքնուրույն կատարելու»,- նշեց Վարդան Բոստանջյանը:
Իսկ թե ո՞րն է այդ դեպքում գործարքի նպատակահարմարությունը, տնտեսագետը նշեց, որ բոլորն էլ հասկանում են, թե այդքան էժան վաճառվելը ինչով կարող էր պայմանավորված լինել, եւ ձեռնպահ մնաց այդ առումով իր տեսակետները բարձրաձայնելուց:
«Հարաբերականորեն` մեր շահը, որը շա~տ մշուշոտ կարելի է համարել, միայն այն հանգամանքն էր, որ էներգահամակարգը, ըստ էության, ամբողջությամբ չանցներ ռուսական կողմի ձեռքը, որ ռուսական կողմը Հայաստանում չդառնար տվյալ ոլորտի մենաշնորհատերը եւս: Ուզում եմ ասել, որ դա էլ փոքր, շա~տ փոքր մոտիվացիա է: Դրանով, ըստ էության, չի կարելի հիմնավորել համակարգի օտարումը»,- նշեց տնտեսագետը:
Վերջում Վարդան Բոստանջյանն ընդգծեց, որ, Որոտանի կասկադի ընդհանուր ֆիզիկական հնարավորություններն ու էներգետիկ անվտանգության հարցում ունեցած նշանակությունը հաշվի առնելով, ինքը, ինչպես նաեւ բազմաթիվ հասկացողներ, մտածում են, որ այս գործարքը լավագույններից մեկը չէ: