կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-13 17:41
Հասարակություն

Ոչ մի նորմալ ղեկավար մի խնդիրը չի լուծում մեկ այլ խնդրի հաշվին

Ոչ մի նորմալ ղեկավար մի խնդիրը չի լուծում մեկ այլ խնդրի հաշվին

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորն արտահայտում է մտքեր, որոնք միմյանց հակասում են: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամ Հայկ Ավետիսյանը` մեկնաբանելով ԱԺ ՀՀԿ պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի մի քանի տեսակետները:

 

Հայկ Ավետիսյանի խոսքով` պատգամավորը մեկ ասում է` ոչ թե մեզ համար ենք արել այդ ռեֆորմը, այլ մարդկանց համար, հետո երբ հարցնում են, թե ինչո՞ւ չի միացել կամավոր կուտակային համակարգին, ասում է` սխալ եմ արել, որովհետև բոլորի պես վաղվա օրվա մասին չեմ մտածում: Եվ երբ պատգամավորն ասում է, թե երկրում առկա է լուրջ կենսաթոշակային պրոբլեմ, ուրեմն, ըստ Հայկ Ավետիսյանի, պատգամավորը պետք է ասի նաև, որ,  կենսաթոշակային համակարգի պրոբլեմներից բացի, երկրում առկա են շատ ու շատ սոցիալ-տնտեսական խնդիրներ, որոնք ոչ մի նորմալ երկրում ոչ մի նորմալ ղեկավարի կողմից չեն լուծվում մեկը մյուսի հաշվին: «Դա նման է այն երևույթին, երբ մեքենայի առջևի անիվներից մեկը ծակվի, վարորդը այդ անիվը տեղափոխի ետևամաս, ետևի անիվն էլ բերի առաջ: Դրանով խնդիրը չի լուծվում»,- ասաց նա:

 

Ինչ վերաբերում է պատգամավորի այն հայտարարությանը, թե ռեֆորմի դրական երևույթներից մեկն այն է, որ այդ պարտադիր կուտակային գումարները ներդրվելու են երկրի տնտեսության մեջ, Հայկի Ավետիսյանը կարծիք հայտնեց, որ, ըստ էության, այդ գումարները հավաքելու նպատակն այն է, որ դրանք տան ինչ-որ միջազգային ֆոնդերի, որոնք հետո իրենց վարկեր են տալու: Եվ անգամ այդ վարկերից Հայաստանի տնտեսությունը չի շահելու, որովհետև նման ձևով կենսաթոշակային խնդիր չեն լուծում:

 

Հայկ Ավետիսյանի խոսքով` իշխանությունները միշտ բերում են Չիլիի օրինակը` որպես կենսաթոշակային ռեֆորմի հաջողված մոդել, բայց այնտեղ երբ աշխատավարձից գանձելու տոկոսները բարձր են եղել, անգամ այդ դեպքում մարդիկ հասկացել են, որ կուտակված գումարները քիչ են, էլ ուր մնաց Հայաստանում, որտեղ աշխատավարձից գանձումների տոկոսները փոքր են, իսկ տնտեսությունը` թույլ:

 

ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը նաև նշել էր, որ աշխատատեղեր ստեղծելու միջոցով թոշակ ապահովելու մեթոդն անհնար է, որովհետև անհրաժեշտ կլիներ, որ մեկ թոշակառուին բաժին ընկներ գոնե երկուսուկես աշխատող, Հայկ Ավետիսյանը կարծիք հայտնեց, որ աշխատատեղ ստեղծելն առհասարակ տնտեսության մեջ լուրջ քայլ անել է նշանակում, մարդիկ դադարում են արտագաղթել, իսկ երբ տնտեսությունը սկսի զարգանալ, շատ հայ ընտանիքներ կվերադառնան: Ստացվում է, որ, վաղ թե ուշ, աշխատատեղ ստեղծելու միջոցով թոշակի հարց լուծելը հնարավոր է դառնալու: