Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոչ իշխանական 4 ուժերի կողմից կառավարության հրաժարականը պահանջելու հնարավորության մասին այսօր ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ որքանով ինքն է տեղյակ, խորհրդարանական ոչ իշխանական ուժերի մոտ այդ հարցում դեռեւս միասնականություն չկա: «Տարաձայնությունները կհարթվեն, թե` ոչ, իրականում այդ ուժերի խնդիրներն են»,- նշեց նախարարը եւ հավելեց, թե այս հարցում իրենց տեսակետը շատ հստակ է` «կառավարությունը չափազանց ավելի պատասխանատու պետական մարմին է, որպեսզի քաղաքական շահարկումների կամ նեղ կուսակցական հաշվարկների բավարարման ալիքի վրա քայլեր ձեռնարկի կամ տրվի այս պահին ոչ' քաղաքական, ո'չ տնտեսական, ո'չ սոցիալական հիմքեր չունեցող գործընթացի»:
Մյուս կողմից' Արմեն Աշոտյանի համար անհասկանալի է, թե իրականում ինչ շահեր են սպասարկում այդ 4 ոչ իշխանական ուժերը, որովհետեւ, ՀՀԿ փոխնախարարի դիտարկմամբ, քաղաքականությունից տարրական գիտելիքներ ունեցող մարդկանց համար ակնհայտ է, որ անգամ եթե Տիգրան Սարգսյանն ու կառավարությունը հրաժարական տան, միեւնույն է` հաջորդ կառավարությունը նույնպես ձեւավորելու է խորհրդարանական մեծամասնությունը, այն է` ՀՀԿ գումարած ՕԵԿ:
«Եթե ոչ իշխանական ուժերն ուզում են իշխանության ներսում ինչ-որ խնդիրներ լուծել, ապա դա ուրիշ բան է, այսինքն` նրանք համագործակցում են իշխանության հետ: Հետեւաբար` ցավով պետք է նշեմ, որ մենք չունենք ընդհանրապես ընդդիմություն հասկացություն: Եթե այդպես չէ, ապա ընդհանրապես հասկանալի չէ գործընթացի քաղաքական տրամաբանությունը, որովհետեւ, եթե այդ մարդիկ, այդ ուժերն իրենց ընտրազանգվածին ցույց տալու բան ունեն կամ փորձում են հեծնել սոցիալական-հասարակական շարժումներն ու այդ շարժումները դարձնել իրենցը, ապա այս դեպքում վստահ եմ, որ քաղաքացիական հասարակության ինստիտուտները թույլ չեն տալու, որ որեւէ մեկի քաղաքական դրոշը ծածանվի ակտիվ քաղաքացիների սահմանադրական իրավունքների հրապարակային բանեցման գործընթացի վրա»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Նա անդրադարձավ նաեւ Կարեն Ավագյանի հայտարարությանն ու նշեց, թե լինում են բազմաթիվ միջադեպեր, որոնք, իհարկե, տհաճ են: Բայց եթե քաղաքական ուժերը պատրաստ չեն իրենց բոլոր մակարդակներով' երիտասարդներից մինչեւ քաղաքական մարմիններ, բարեկիրթ, սպիտակ քաղաքական պայքարի, եւ եթե ոմանց թվում է, թե իրենց կարելի է ամեն ինչ, այդ թվում` ԱԺ ամբիոնից հնչեցնել վիրավորանքներ, զրպարտանքներ` ընդհուպ մինչեւ փողոցային բառապաշարով համեմված զանգվածային ակցիաների տակ քողարկված անբարո արտահայտություններ, ապա ցանկացած նման տեսակի գործողություն առաջացնելու է հակազդեցություն, ինչը ցանկալի չէ քաղաքական մշակույթի համար` առհասարակ:
Ոչ իշխանական ուժերի' կառավարության հրաժարականը պահանջելու հարցի վերաբերյալ Արմեն Աշոտյանը վերջում ավելացրեց, թե մի այլ տարբերակ իր մտքով անցավ. «Կարող ա՞ մեջները կան քաղաքական ուժեր, որոնք ուզում են վերադառնալ կոալիցիա, ուղղակի Տիգրան Սարգսյանի անհատական կերպարն է իրենց խոչընդոտում դա անել...»: