կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-12 18:00
Առանց Կատեգորիա

Հայաստանը կհայտնվի՞ միգրացիոն կոլապսում

Հայաստանը կհայտնվի՞ միգրացիոն կոլապսում

Ռուսաստանի իշխանությունները երկիրն անօրինական միգրանտներից մաքրելու աննախադեպ արշավ են սկսել: Մի կողմից դա ուղղված է միգրացիոն հոսքերն ավելի կառավարելի դարձնելուն: Սակայն մյուս կողմից` այն ունի ակնհայտ և գրեթե անթաքույց քաղաքական շարժառիթներ, որոնք ռուսները չեն էլ թաքցնում: Անդրադառնալով երկիր մուտք գործելու հնարավորությունների սահմանափակմանը` «Ռեգնում» գործակալության հետ զրույցում «Պոլիս Ասիա» վերլուծական կենտրոնի փորձագետ Պավել Դյատլենկոն այն միտքն է արտահայտում, թե դրանով Ռուսաստանը հստակ ազդակներ է ուղարկում հետխորհրդային այն աղքատ երկրների քաղաքական էլիտաներին, որոնք սովորել են հետխորհրդային ժամանակահատվածում սոցիալական լարվածությունը և ժողովրդագրական ճնշումները թուլացնել` շահագործելով իրենց ազատ աշխատուժն ընդունելու` Ռուսաստանի լռակյաց և համբերատար քաղաքականությունը: «Ռուսաստանի ղեկավարությունն այդ ազդակներով հասկացնել է տալիս, որ այդ հարցը տեղափոխվում է միջպետական հարաբերությունների մակարդակում լուծվելու հարթություն»,- ասել է փորձագետը:

 

Իսկ թե ինչո՞ւ է Մոսկվան ձգտում հարցը հենց այդ հարթություն տեղափոխել, որոշակիորեն պարզաբանում է ռուս կովկաասգետ-քաղաքագետ Անդրեյ Եպիֆենցևը: Պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է նպատակահարմար խստացնել միգրացիոն ռեժիմը նաև Հայաստանի պարագայում, որը մտնում է Մաքսային միություն, փորձագետը պատասխանում է. «Հնարավոր է, որ դա այնքան էլ հաճելի չէ, բայց տրամաբանական է: Թող դա մոտիվացիոն գործոն լինի` ՄՄ-ին շուտափույթ անդամակցելու առումով»: Այլ կերպ ասած` Մոսկվան երկրում ժամանակավոր կացության և աշխատանքի պայմանները խստացնելու այս նոր քաղաքականությունն օգտագործում է նաև ՄՄ մտնելու հարցում հետխորհրդային երկրներին «մոտիվացնելու», շահագրգռելու, իսկ ավելի ճիշտ`պարտադրելու նպատակով: Խնդիրն այն է, որ նախատեսվում է Մաքսային միության ներսում ստեղծել, այսպես կոչված, միասնական աշխատանքային շուկա, որն անդամ երկրների քաղաքացիների համար ապահովելու է արտոնյալ միգրացիոն պայմաններ` աշխատանքի նպատակով մյուս երկրներում ժամանակավոր բնակություն հաստատելու համար: Այսինքն` ՄՄ անդամ չհանդիսացող երկրները, որոնք Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնողներից և նրանց կողմից ուղարկվող տրանսֆերտներից կախվածության մեջ են գրեթե այնքան, որքան անուղղելի թմրամոլը` թմրանյութից, կանգնելու են երկընտրանքի առջև: Կամ ստիպված են լինելու ներգրավվել եթե ոչ Մաքսային, ապա գոնե 2015թ. ստեղծվելիք Եվրասիական տնտեսական միությունում և շարունակել սոցիալ-տնտեսական լարվածությունը Ռուսաստան արտահոսող աշխատուժի միջոցով թուլացնելու քաղաքականությունը կամ ընդունել մարդկանց հսկայական մի այնպիսի զանգված, որը տենդագին փնտրելու է կորցրածին համարժեք աշխատանք, բայց որի պահանջները բավարարելու ռեսուրսներ պետությունը չի ունենալու` հայտնվելով չափազանց ծանր սոցիալ-քաղաքական ճնշումների տակ:

 

Հասկանալի է, որ այս ազդակներն առաջին հերթին ուղղված են միջինասիական և հարավկովկասյան հետխորհրդային պետություններին: Թվում է, թե սա Հայաստանին ընդհանրապես չի առնչվում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրա` ՄՄ մտնելու հարցը գրեթե վերջնականապես լուծված է: Սակայն այս օրերին իսկական խուճապային տրամադրություններ են ոչ միայն Հայաստանի ազգաբնակչության շրջանում, այլև` իշխանության: Օրերս ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նամակ է հղել Ռուսաստանի իր գործընկերոջը` Նիկոլայ Պատրուշևին, և խնդրել մեղմել Ռուսաստանում հայաստանցի միգրանտների գտնվելու պայմանները` հաշվի առնելով առաջիկայում ՄՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարը: Պաշտոնական Մոսկվան, սակայն, առայժմ որևէ կերպ դրան չի արձագանքել: Սակայն խնդիրը ոչ թե այն է` Պատրուշևը կարձագանքի, թե` ոչ, այլ ինքնին ՄՄ մտնելուց բառացիորեն ամիսներ առաջ նման խնդրանքով Մոսկվային դիմելու փաստը, ինչը մատնում է իշխանության ակնհայտ անհանգստությունը սկսված այս գործընթացների կապակցությամբ: Եվ դա բնական է: Որքան էլ Ռուսաստանը հուսադրի ՄՄ-ի շրջանակում աշխատանքի միասնական շուկա ստեղծելու գաղափարով, դրա կենսագործման հեռանկարները չափազանց մշուշոտ են առնվազն տեսանելի ապագայի կտրվածքով: Բանն այն է, որ Մաքսային միությունն ինքը երկար կյանք չի ունենալու և դադարելու է գոյություն ունենալ այն պահին, երբ կստորագրվի Եվրասիական միության ստեղծման պայմանագիրը: Իսկ նորաստեղծ այս կառույցի համար միգրացիոն խնդիրների կարգավորումն առաջնային չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ միությունը ինստիտուտցիոնալ բնույթ չի կրում, չի անցել ձևավորման իրավական ու կառուցվածքային բազան ձևավորելու անհրաժեշտ ճանապարհը, ինչը, բնականաբար, ժամանակ է պահանջում:

 

Մինչդեռ Հայաստանի կառավարությունն այդ ժամանակը չունի այն պարզ պատճառով, որ ընդհանրապես պատրաստ չէ սկսված ներհոսքին, դրա սոցիալական հետևանքների բեռը վերցնելուն: Վերջին առնվազն 5 տարվա ընթացքում Տիգրան Սարգսյանի կառավարությունը վարում էր իրական և պոտենցիալ աշխատուժը երկրից դուրս մղելու և այդ ճանապարհով գործազրկության, զբաղվածության ազդեցությունը և դրանցով պայմանավորված պետական իշխանության նկատմամբ սոցիալական հսկայական ճնշումները թուլացնելու վայրի քաղաքականություն` ունենալով նաև Հայաստան ներհոսող տրանսֆերտների ծավալը մեծացնելու անթաքույց ցանկություն: Հիմա կառավարությունը ստիպված կլինի հնձել իր իսկ ցանածի դառը «բերքը»: Ռուսաստանից հայ միգրանտների համար արտոնյալ պայմաններ ստեղծելու հարցում որևէ զիջում կորզելու հույս գրեթե չկա. Մոսկվան չունի Երևանին ողորմություն տալու որևէ պարտավորություն: Եվ սա հանգեցնելու է նրան, որ, հույսը սեփական պետությունից կտրելով, միգրանտների մեծ մասը սկսելու օրինական և անօրինական ճանապարհով ՌԴ քաղաքացիություն ձեռք բերել, ինչի հետևանքը լինելու է մասսայաբար, ընտանիքներով Հայաստանը վերջնականապես լքելը: Կառավարությունը ոչ միայն աչք է փակելու դրա վրա, այլև թաքուն խրախուսելու է` չէ՞ որ դա է լինելու պոտենցիալ հեղափոխություն անողներից ազատվելու միակ ճանապարհը, ինչի մասին սիրում է կատակել վարչապետ Տիգրան Սարգսյանը:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ