կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-29 17:36
Տնտեսական

Ռուբլու արժեզրկումը չի կարող չազդել Հայաստանի տնտեսության վրա

Ռուբլու արժեզրկումը չի կարող չազդել Հայաստանի տնտեսության վրա

Այն հիմնական իրադարձությունները, որ տեղի են ունենում Ռուսաստանում, մեր տնտեսության համար չափազանց կարեւոր են, որովհետեւ, առաջին հերթին, Ռուսաստանը մեր թիվ մեկ տնտեսական գործընկերն է. լրագրողներին այսօր ասաց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը' անդրադառնալով հարցին, թե տարեսկզբից ռուսական ռուբլին անընդհատ արժեզրկվում է, կարո՞ղ է արդյոք դա անդրադառնալ հայկական դրամի վրա:

 

Ըստ նախարարի` Հայաստանի համար կարեւոր է հասկանալ այն հիմնական տնտեսական իրադարձությունները, որոնք ընթանում են Ռուսաստանի տնտեսությունում: ՌԴ-ում, ինչպես եւ մի շարք այլ զարգացող երկրներում, նշեց նախարարը, 2013 թվականը նշանավորվեց նրանով, որ տնտեսական աճի էական  դանդաղում է արձանագրվում: Իսկ մեր հիմնական առեւտրային ու ներդրումային գործընկեր Ռուսաստանում տնտեսական աճի դանդաղումը մեզ վրա չի կարող չազդել:

 

«Այս առումով' մեր վերլուծաբանները փորձում են հասկանալ, թե, բացի տնտեսական աճի ու ներդրումների ցուցանիշներից, ինչ այլ գործոնների վրա մենք կարող ենք զգալ գործընթացների ազդեցությունը, արդյո՞ք կլինի ազդեցություն փոխարժեքի, թե այլ ցուցանիշների վրա»,- տեղեկացրեց Դավիթ Սարգսյանը:

 

Իսկ թե ինչո՞ւ է Ռուսաստանում ռուբլին արժեզրկվում, նախարարը պարզաբանեց, որ ՌԴ կենտրոնական բանկը լողացող փոխարժեքի ռեժիմի անցման արժութային քաղաքականություն է իրականացնում, նրանց մոտ կա «փոխարժեքային միջակայք» եւ յուրաքանչյուր ամիս արժույթը չպետք է տատանվի այդ միջակայքի սահմաններից վերեւ կամ ներքեւ: Ռուսական կողմն աստիճանաբար ընդլայնում է այդ միջակայքը' անցում կատարելով դեպի լողացող փոխարժեքի քաղաքականությանը:

 

«ՀՀ-ն շատ ավելի վաղ է անցել լողացող փոխարժեքի ռեժիմի, եւ այդ տեսանկյունից մեզ այդպիսի վտանգ չի սպառնում»,- հավաստիացրեց նախարարը:

 

Մյուս կողմից, նշեց Դավիթ Սարգսյանը, թե' զարգացող երկրներում, թե', ընդհանրապես, ամբողջ աշխարհում, այսօր ֆունդամենտալ փոփոխություն է տեղի ունենում, թե որն է տնտեսական աճի բանալին, տնտեսական զարգացման, այսպես ասած, մոդելը: Ռուսաստանում երկար ժամանակ տնտեսական աճը պայմանավորված է եղել նավթի գների շարունակական աճով, Հայաստանում' անշարժ գույքի գների շարունակական աճով, Արեւմուտքում' նույնպես անշարժ գույքի շուկայում գների շարունակական աճով, գլոբալ առումով' նաեւ Չինաստանում աշխատուժի էժան լինելով: Բայց այսօր, նշեց նախարարը, աշխարհում իրադրությունը փոխվել է, եւ ամբողջ աշխարհը, այդ թվում` նաեւ Ռուսաստանն ու Հայաստանը, կանգնած են այն հարցի առջեւ, թե որն է հաջորդ տարիների տնտեսական աճի մոդելը' բանալին:

 

Եվ այս ընթացքում զարգացումները, կարծիք հայտնեց Դավիթ Սարգսյանը, հանգեցնելու են նախկինում կուտակված մի շարք խնդիրների դուրս բերմանը: