կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-31 15:55
Տնտեսական

Ինչ հետեւանք կունենա ռուսական ռուբլու արժեզրկումը Հայաստանի համար

Ինչ հետեւանք կունենա ռուսական ռուբլու արժեզրկումը  Հայաստանի համար

Հայաստանի վրա առաջին հերթին ռուսական ռուբլու արժեզրկումը չի անդրադառնա, կառավարությունն այս առումով եւս սխալ մեկնաբանություն էր արել: Կանդրադառնա այն, որ մեր բանկերում մոտ 1,5 միլիարդ դոլար արեւմտյան փող կա: Եվ եթե այդ փողի արտահոսք սկսվի, վարկերը կթանկանան, տնտեսության` առանց այդ էլ շատ ցածր աճի տեմպերը կդառնան 0 կամ մինուս, իրականում դրանք մինուս են եղել, ուղղակի խաբել են վիճակագրությամբ. լրագրողներին այսօր հայտնեց ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

 

«Սրանից հետո միայն ռուսական ռուբլու արժեզրկումը կարող է անդրադառնալ հայկական տնտեսության վրա»,- նշեց բանախոսն ու շարունակեց, թե այդ արժեզրկումը, իհարկե, Հայաստանում կհանգեցնի որոշակի գնաճի:

 

«Ռուբլու արժեզրկումը նշանակում է որոշակի գնաճ Ռուսաստանում, դա շատ մեծ ազդեցություն չի ունենա, որովհետեւ էներգակիրների ներկրման պայմանագրերը, հիմնականում` ռուսների հետ, կնքված են արտարժույթով` դոլարով, բայց ուրիշ բան տեղի կունենա. մենք ահագին էքսպորտ ունենք Ռուսաստանում` շուրջ 300 միլիոն դոլարի, այնտեղ բարձր գնաճի պայմաններում այդ էքսպորտը կկրճատվի: Այդ ձեւով կանդրադառնա: Կանդրադառնա նաեւ նրանով, որ Ռուսաստանից, բացի էներգակիրներից, բերում ենք նաեւ այլ ապրանքներ` ոչ մեծ քանակությամբ, այնուամենայնիվ, այդ ապրանքներն, ամենայն հավանականությամբ, կթանկանան»,- իր դիտարկումները ներկայացրեց նախկին վարչապետը:

 

Բայց այստեղ  Բագրատյանը տեսնում է «ոչ թե ռեւոլյուցիոն, այլ էվոլյուցիոն» վատացում: Որովհետեւ Ռուսաստանի բանկն այսօրվա դրությամբ ունի 490 միլիարդ դոլարի պահուստ, այսինքն` անպայման ինտերվենցիա կանի եւ արդեն անում է: Դա ռուսներն ուզում են ի շահ Ռուսաստանի տնտեսության օգտագործել` ռուբլու մի թեթեւ արժեզրկումը, որը թույլ կտա ավելացնել ռուսական էքսպորտը: Խոսքն, իհարկե, գազի ու նավթի էքսպորտի մասին չէ, որոնք դոլարով են:

 

«Այսինքն` ես այդտեղ ռեւոլյուցիոն վատացում չեմ տեսնում, այլ էվոլյուցիոն վատացում Հայաստանի տնտեսության վրա կարող է լինել, եթե հանկարծ արտասահմանյան շահառուները սկսեն բանկերից մասսայաբար փողերը հանել»,- եզրափակեց Հրանտ Բագրատյանը: